Thursday, August 13, 2009

Հայաստանը խոշոր հաշվով պարտություն կրեց Մոլդովայից

Tert.am-12-8-2009- Այսօր Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Մոլդովա խաղում հայ ֆուտբոլիստները խոշոր 1-4 հաշվով պարտություն կրեցին: 35-րդ րոպեին Արարատ Առաքելյանը գրեթե կենտրոնից անկյունային վաստակեց մոլդովացիների համար, որի խաղարկումից հետո Գոլովատենկոն գլխի դիպուկ հարվածով գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0-1 հաշվով: 64-րդ րոպեին Մոլդովայի հավաքականը երկրորդ գնդակն ուղարկեց Կասպարովի դարպասը: Կրկին աչքի ընկավ Գոլովատենկոն, ով մոտ 18 մետրից գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Կասպարովը չկարողացավ հասնել գնդակին: 68-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանը վաստակեց 11-մետրանոց: Հովհաննես Գոհարյանը մոտեցավ գնդակին և չկարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Առաջին անգամ հավաքականում ելույթ ունեցող Գոհարյանի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը:74-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստացավ տուգանայինի խաղարկման հնարավորություն, սակայն Մխիթարյանի հարվածը հետ մղեցին հյուրերը. գնդակը կրկին հայտնվեց Մխիթարյանի մոտ, ով փոխանցում կատարեց Արարատ Առաքելյանին, և հայ կիսապաշտպանը հեռահար հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Սակայն խաղի 82-րդ րոպեին հյուրերը երրորդ գնդակն ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Այս անգամ աչքի ընկավ Վալերի Անդրոնիկը, ով հայտնվել էր Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Հյուրերի վերջին` 4-րդ գնդակը խփվեց հանդիպման վերջին վայրկյաններին: 11-մետրանոցից աչքի ընկավ Ալեքսանդր Եպուրյանուն: Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականը 88-րդ րոպեին երկրորդ անգամ ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն այս անգամ այն չիրացրեց թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը:

No comments: