Thursday, August 6, 2009

Թուրքիայի հետ սահմանի բացումը մասնակիորեն կազատի մենատիրություններից

/PanARMENIAN.Net/ 05.08.2009 - «Տնտեսական առումով հարաբերությունների կարգավորումից կշահի թե' Հայաստանը, թե' Թուրքիան: Դա միանաշանկ է, քանի որ Թուրքիայի պես հսկա երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը շատ ձեռնտու է Հայաստանին»,- այսօր Երեւանում «Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Գուրգեն Արսենյանն իր հերթին ասել է, որ ցանկացած հայկական տնտեսվարող սուբյեկտ, եթե զբաղեցնի Թուրքիայի սպառողական շուկայի որեւէ հատվածը, ապա կարող է դրա շնորհիվ եռապատկել իր արտադրական հնարավորությունները: Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հնարավոր է թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում, նա պատասխանել է, որ անհանգստության ոչ մի առիթ չկա, քանի որ Հայաստանում արտադրական հզորությունները, ինֆրակառույցները եւ աշխատուժն ավելի էժան են, քան Թուրքիայում: Համապատասխանաբար, Արսենյանի խոսքով, սահմանի բացման դեպքում հարկավոր է զբաղվել արտադրողականության մեծացմամբ եւ ապրանքի ինքնարժեքի օպտիմիզացմամբ: Միեւնույն ժամանակ Բագրատյանը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից ամենից շատ վախենում են Հայաստանի օլիգարխները, քանի որ մրցակցության պայմաններում նրանց ազդեցությունը զգալիորեն կնվազի: «Թուրքիայի հետ սահմանի բացումը գոնե մասնակիորեն կազատի մենատիրություններից»,- ամփոփել է ՀՀ կառավարության նախկին ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ տնտեսության գրեթե բոլոր խոշոր ոլորտները մենատիրացված են, եւ օրինակ բերեց քաղաքացիական ավիացիան, յուղի ներկրումը: «Հայաստանում գները մյուս երկրների համեմատ չեն իջնում: Օրինակ, էլեկտրականությունն այստեղ ավելի թանկ է, քան Ադրբեջանում կամ Վրաստանում: Հայաստանում կաթնային արտադրությունը նույնպես 30%-ով թանկ է, քան Հարավային Կովկասի մյուս երկրներում: Արսենյանն այդ առիթով նշել է, որ ներկայիս գների մակարդակի պահպանումը պայմանավորված է մենատիրությամբ եւ մրցակցության բացակայությամբ:

No comments: