Thursday, August 13, 2009

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԱՐԴՅՈՔ ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է

Lragir- 12-8-2009- Թերեւս, տասնամյակ էր պետք, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավի բարքերում լիակատար հստակության առաջացման համար: Եվ ամենատխուրն այն է, որ այդ հստակությունը վիճակված էր մտցնել համաշխարհային տերության ներկայացուցչին՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Այսինքն, մի մարդու, ով ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, բացահայտ է հայտարարում, որ հայ ժողովրդի վերջին 20 տարվա բոլոր ձեռքբերումները պետք է լռելյայն հանձնել Ադրբեջանին: Մինչ մեկ տասնամյակից ավելի հայ քաղաքական գործիչները ներշնչում էին հասարակությանը, թե ինչպես ավելի լավ հրաժարվի սեփական ձեռքբերումներից՝ փուլային թե փաթեթային, աշխարհում, երեւում է, ամրացել է կարծիքը, որ հայերը, սեփական հեքիաթի կկվի պես, պատրաստ են բնից ցած գցել սեփական ձագերին ընդամենն այն պատճառով, որ ինչ որ մեկը սպառնացել է կացինը բերել ու ծառը կտրել: Եթե այդպես չլիներ, ոչ ոք հեռվից չէր ցուցանի, թե ինչ հերթականությամբ է առաջարկվում հանձնել ամեն ինչ միայն այն բանի համար, որպեսզի հարեւանները դադարեն խոսել կացնի մասին: Հետաքրքիր պատկեր է ստացվել: Ադրբեջանում իր ապագա պատվավոր պաշտոնը կանխավայելող Մեթյու Բրայզան լավ առիթ գտավ Հայաստանի քաղաքական էլիտայի երեսին նետելու այն, ինչին վերջինս արժանի է: Օրերս հերթական անգամ գովելով հայկական ղեկավարությանը հեշտ համաձայնողականության համար, մյուսներին նա հիշեցրեց, թե հայտարարություններն այն մասին, որ Կրակովում իրենց կողմից կատարված փոփոխություններն ինչ որ առումով ոտնահարում են Հայաստանի շահերը, պայմանավորված են նման հայտարարություններ անողների լիակատար անտեղյակությամբ: “Այդ քննադատողները կամ օգնել են մշակել հիմնարար սկզբունքները, կամ կառավարության մաս էին կազմում, որ բանակցում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, կամ էլ ավելի վաղ առաջարկում էին գաղափարներ, որոնք շատ նման էին ներկայում քննարկվողներին: Հետեւաբար, նրանք բոլորն ունեն իրենց ներդրումն այն բանում, ինչի մասին ներկայում խոսում ենք”, ասել է Բրայզան: Ավելին, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա առ այն, որ համաշխարհային առաջնորդը՝ ԱՄՆ, բոլորին գնահատում է ըստ արժանվույն, այս ամենահաս ամերիկացին առանց քաշվելու պարզաբանեց արժանիքների տրամաբանությունը: Ծաղկաձորում ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստիպված էր ճանաչել Կոսովոն այն պատճառով, որ վերջինս իր անկախությունը նվաճել է պայքարով, իսկ ահա Ղարաբաղի դեպքն այլ է: Եւ քանի որ դա այլ դեպք է, ապա խաղաղության կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով, այն էլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ “վերեւից” տրված սխեմայով: Ավելի պարզ ասած՝ ավելիին արժանի չեք: Պետք է հասկանալ, թե Հայաստանն էլ “կյանքի բերումով” ինչ որ իրավունքի է հասել: Ավելի որոշակի՝ Լեռնային Ղարաբաղում միջանկյալ կարգավիճակի հաստատումը պահանջելու իրավունք: Ինքը Լեռնային Ղարաբաղը, լավագույն դեպքում, հասել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում երկու համայնքների կազմով հանրաքվե անցկացնելու իրավունքին: Այն էլ՝ եթե հանի զորքը 7 շրջաններից: Այլ բան աշխարհը չի ճանաչում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն աշխարհը չի որակում որպես անկախության նվաճում: Այդ 10 տարի առաջ կարելի էր խոսել նման բանի մասին: Ոչ ավել, ոչ պակաս, ինչպես ասում են՝ հասանք: Բոլոր նրանց համար, Հայաստանում եւ ԼՂՀ-ում, ովքեր այս տարիներին բարձրագույն արժանիք էր տեսնում այն բանում, որ մեթոդաբար ճնշվեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունը նրա ձեռքբերումների ու իրավունքների ուզուրպացման ճանապարհով, Բրայզայի դասախոսությունը պետք է որ կշտամբանք լիներ: Նրանց ջանքերը՝ ղարաբաղյան պետությունը Հայաստանի ներքին քաղաքականության ձեռնասուն կցորդ դարձնելու ուղղությամբ, չափազանց թանկ նստեց հայ ժողովրդի վրա: Իշխանությունն իրենց ձեռքը վերցրած Ղարաբաղյան պատերազմի դիակապուտների կույտը որոշել է ստրկացնել ոչ միայն ազատության պաշտպաններին Լեռնային Ղարաբաղում, այլեւ ողջ Հայաստանը: Արդյունքում, աշխարհին ցուցադրվեց, որ հանուն սեփական հավակնությունների Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանության այս դախլչիները պատրաստ են առեւտրի առարկա դարձնել ինչ պատահի: Ոչ ոք չի մտածել, որ ԼՂՀ-ն ազատության ճանապարհից դուրս մղելը, լինի միջազգային դիվանագիտության, թե ազգային ասպարեզում, հավասարազոր է ոչ միայն ժողովրդի կամքը ճնշելուն, այլեւ ինքնուրույն ռազմաքաղաքական գործոնը ոչնչացնելուն: Արդյունքն ակնհայտ է: Ամերիկացիների համար մեկ է, թե ում կրնկի տակ է հայտնվում իր ազատության համար պայքարող ժողովուրդը: Դեռ լավ է, որ ամերիկացիները հասկացողներին հասկացնել են տալիս, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Այսինքն, պարզ ճշմարտությունը, որ մեր կամազուրկ ու ստրկական հավակնություններով ազգային գործիչներից չէ կախված ԼՂՀ ճակատագիրը: Ի տարբերություն Հայաստանի ու ԼՂՀ-ի, ԱՄՆ ավելի լավ գիտե, թե ով ինչում է մեղավոր, այդ թվումեւ՝ իրենք: Համենայնդեպս, նկատելի է, որ ԱՄՆ ներկայիս հայտարարությունների պատճառները թաքնված են բոլորովին այլ տեղ: Երեւում է, ցանկություն կա մեղքը գցել “ցավող գլխից առողջին”: Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող դիմակայության էությունը դժվար է բացահայտել: Չէ որ առանցքային հանգամանք է այն, որ բացի 1991 թ. Ադրբեջանը ճանաչելու փաստից, միջազգային հանրությունը որեւէ այլ հիմք չունի Լեռնային Ղարաբաղին պահանջ ներկայացնելու: Այս հանգամանքը պետք է երբեւէ զգացնել տար: Պատահական չէ, որ համաշխարհային տերությունները գիտակցաբար շրջանցում են կարգավորման իրավական հիմքերը: Բոլորը գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ պահանջների որեւէ իրավական հիմք Ադրբեջանը չունի: Նրանք նաեւ գիտակցում են, որ ԼՂՀ Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւ իրավական հիմք չունեն: Համապատասխանաբար, բոլոր այս տարիներին նրանք փորձում են վերականգնել ադրբեջանական պետության իրենց իսկ հայտարարած սխեման, Հայաստանին Լեռնային Ղարաբաղից ստիպողաբար հրաժարվելու ճանապարհով: Համենայն դեպս, ցույց են տալիս, թե հենց դա են անում: Չէ որ տերությունների այս մոտեցման միակ այլընտրանքը Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու 1991 թ. որոշման վերանայումն է: Նման հարց մինչ այժմ չի դրվել: Միաժամանակ, միջազգային հանրությունը Հայաստանին ու առավել եւս Ղարաբաղին իր պահանջներն արդարացնելու որեւէ փաստարկ չունի: Եւ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղից ստիպողաբար Հայաստանին հրաժարեցնելու, ինչպես նաեւ ԼՂՀ ժողովրդին իր օրինական իրավունքներից ստիպողաբար հրաժարեցնելու միակ մեթոդը մնում է պատերազմի վերսկսման սպառնալիքի շանտաժը: Անկասկած, լավ են յուրացրել հայ գործիչների բարքերը: Լավ են յուրացրել նաեւ այն, որ իրենց դրած խնդիրն անլուծելի է: Իսկ անլուծելի իրավիճակը ծնել է սպեկուլյատիվ միջազգային դիվանագիտություն: Նման սպեկուլյացիայի հիմքը դարձել է “մեղքի զգացման” ֆենոմենը, որ շրջափակում է Հայաստանի քաղաքական վերնախավի գիտակցության մեջ իրավունքի զգացման արմատավորումը: Հենց հայերին ներշնչած մեղքի զգացումը դարձավ բազա՝ Հայաստանին ներկայացնելու ոչնչով չհիմնավորված պահանջ՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հանձնել Ադրբեջանին “փոխզիջումային լուծման” դրոշի ներքո: Մեղքի զգացումից ծնունդ է առել պատերազմի հանդեպ վախը, դրանով իսկ հնարավորություն տալով պատերազմի շանտաժը դարձնել միջազգային դիվանագիտության գլխավոր զենք: Արդյունք, իհարկե, չկա: Սակայն դժվար վիճակում է հայտնվել նաեւ Ադրբեջանը. Սպեկուլյատիվ դիվանագիտության ժամանակը սպառվում է: Նա ստիպված է խույս տալ ցանկացած փոխզիջումային լուծումից: Ադրբեջանը միակ ճանապարհն ունի՝ պնդել իր ամբողջականության անվերապահ “վերականգնման” գաղափարը: Հայաստանի, եւ առավել եւս Լեռնային Ղարաբաղի հետ փոխզիջման Ադրբեջանի արդեն իսկ համաձայնությունը կարող է ակտուալացնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի իրավունքի խնդրի քննարկումը: Ավելի ճշգրիտ՝ այն կարող է կասկածի տակ դնել ներկայիս հայտարարված սահմաններով նրա միջազգային ճանաչման իրավազորությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցողի մեջ դրականն այն է, որ օրակարգում հայտնվեց “Անկախության իրավունքի” հարցը: Դրանից զատ, եկել է ժամանակը, որ Հայաստանի ու ԼՂՀ քաղաքական վերնախավը պատասխան տա իր անհեռատեսության համար: Դեմագոգիայի ժամանակն անցել է: Այդ ժամանակը սպառվել է նաեւ ազդեցիկ տերությունների համար, սկսել է անկեղծ խոսակցությունը: Այն, որ արեւմտյան տերություններն ու Ռուսաստանն ի սկզբանե պետք է հասկանային Ադրբեջանի կազմում վերջինիս վերահսկողությունից դուրս եկած Լեռնային Ղարաբաղի ճանաչման ռիսկայնությունը, երեւում է արդեն նրանց ներկայիս պահվածքից: Ղարաբաղյան շարժման արշալույսին, 1988 թ, հունիսի 7-ին, Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որում “հաշվի առնելով Սովետական Հայաստանում ցույցերը՝ Լեռնային Ղարաբաղի շրջանը Հայաստանին վերամիավորելու պահանջով, …նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի պատմական կարգավիճակը որպես Հայաստանի մաս, այդ շրջանի բռնակցումը Ադրբեջանին 1923 թ… պաշտպանում է հայկական փոքրամասնության պահանջը վերամիավորվելու Հայաստանի սոցիալիստական հանրապետությանը”: Սակայն, Խորհրդային Միության փլուզման ֆոնին եվրոպական տերությունների վերաբերմունքը իրավիճակին փոխվեց: Նրանք որոշում ընդունեցին ճանաչել նոր երկրներն այնպես, ինչպես նորակազմ Ռուսաստանը: Այսինքն, խորհրդային վարչական նախկին սահմաններով: Այն ժամանակ, ըստ երեւույթին, թվում էր, թե նման մոտեցումը բացասական էֆեկտ չի ունենա: Սակայն ստացվեց հակառակը: Ադրբեջանն իր խորհրդային սահմաններով ճանաչելով, Ռուսաստանն ու արեւմտյան տերությունները դրեցին պատերազմի բազայի հիմքերը: Արդյունքում, ներկայիս Ադրբեջանի սահմանները պատերազմի արդյունքներով ձեւավորվեցին լիովին այլ կոնֆիգուրացիայով: Թերեւս պատահական չէ, որ նույն այդ Եվրախորհրդարանը 1999թ. մարտի 11-ին իր հերթական բանաձեւով ճանաչեց Ադրբեջանի եւ լեռնային Ղարաբաղի գործողությունների իրավահավասարությունը, “նկատի առնելով այն փաստը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր անկախությունը հռչակել է նախկին սոցիալիստական հանրապետությունների նման, Խորհրդային Միության փլուզումից հետո”: Ճանաչելով այս հավասար իրավունքը, կոչ է անում հակամարտ իրավիճակը կարգավորել այն մոտեցման հիման վրա, “որ հաշվի է առնում տարածաշրջանում ընթացիկ քաղաքական զարգացումը”, այսինքն, ըստ էության, իրողությունը: Վերջին հանգամանքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ճանաչումից տասնամյակ անց եվրոպական երկրները հստակ հասկացել են, որ իրենց որոշման արդյունքը հակամարտության գոտում անհնար է հետ դարձնել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Ադրբեջանի սահմանների խնդիրը կապված է այնպիսի մասշտաբային գործոնների հետ, որ հակամարտությունը կարելի է լուծել միայն սահմանների խնդիրն անտեսելու ճանապարհով: Ադրբեջանն ինքն իր գործողություններով 1991 թ. հիմք ստեղծեց այս անլուծելի խնդրի համար: Սակայն, երեւմ է, ինչ որ շատ լուրջ բան է հետ պահել արեւմտյան տերություններին ԽՍՀՄ փլուզման իրողությունների ճանաչումից: Ադրբեջանի ԽՍՀ այն հանրապետություններից էր, որի սահմանները 1921 թ. որոշվել են միջազգային պայմանագրերով (Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի եւ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագիրը), որոնք ուժի մեջ են մինչ այսօր: Հասկանալի է, որ ԽՍՀՄ կազմալուծումը պետք է իրավական դիսոնանս առաջացներ Ադրբեջանի սահմանների հարցում, պետք է նաեւ միջազգային լուրջ խնդիր առաջացներ կապված Թուրքիայի հավակնությունների հետ: Ճիշտ է, վիրտուալ սահմաններով ճանաչված Ադրբեջանը որեւէ ներքին ռեսուրս չուներ սեփական տարածքային հավակնություններն իրականացնելու համար: Ադրբեջանը լավ էր հասկանում, որ երկրի միջազգային ճանաչումը չի նշանակում նրա սահմանների ճանաչում: Այս հանգամանքը երբեւէ պետք է որոշիչ դեր խաղար Լեռնային Ղարաբաղի հանդեպ հավակնությունների խափանման հարցում: Նրա միակ հույսը մնում էին արտաքին ռեսուրսները: Նման ռեսուրսներ կարող էին լինել միայն ազդեցիկ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումները: Ադրբեջանն այդպիսի ռեսուրս ստացավ 1991 թ., իր կազմում ԼՂՀ ճանաչումով եւ Թուրքիայի ներգրավմամբ (Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական աջակցությունը): Սակայն այդ ռեսուրսը բավարար չէր ծրագրերն իրականացնելու համար: Ընդհակառակը, միջազգային շահերի իրական բալանսը հաշվի չէր առնվել այն պահին, երբ Ադրբեջանն արտաքին ռեսուրսը գնահատել էր որպես շանս՝ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողություն հաստատելու համար: Արդյունքում Ադրբեջանի սահմաններն ավելի սեղմվեցին՝ 1992-94 թթ. ԼՂՀ վերահսկողության տակ անցավ եւս 7 շրջան: Իրենք՝ տերությունները, մինչ այսօր տանջվում են 1991 թ. իրենց որոշման ձեռքին: Այն պարամետրերը, որ ստացավ հակամարտ իրավիճակը 1994 թ., պահանջում է ոչ միայն հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի, այլեւ պայմանագրերով կապված Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների պարզում: Դրանից զատ, կարեւոր նշանակություն ձեռք բերեց ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ երկրների փոխհարաբերությունը: Հակամարտ իրավիճակը ներգրվեց ամենակարեւոր միջազգային խնդիրների շրջանակ: Ստատուս քվոն հնարավոր չէ փոխել ոչ ռազմական, ոչ էլ խաղաղ ճանապարհով: Համապատասխանաբար, հակամարտությունը հնարավոր է սպառել բացառապես միջազգային պայմանների նպատակաուղղված փոփոխության միջոցով: Իրականում, այս հանգույցը քանդելու միակ հնարավոր տարբերակը քաղաքական իրողությունների ճանաչումն է: Միայն այդպիսի որոշումն իր ճանապարհին չունի որեւէ խոչընդոտ: Երկու անգամ՝ Կոսովոյի եւ վրացական նախկին երկու գավառների դեպքում, ողջամտությունը հաղթանակեց: Լեռնային Ղարաբաղի հարցում առայժմ «մուկն ու կատու» են խաղում: Եթե ցանկություն չկա ճանաչել իրողությունները, մնում է միայն մի բան՝ հայտարարել, որ դու ինքդ արժանի չես ճանաչման: Իսկ ինչ է մնում անել: Լավ է, շատերը կգտնվեն, որ «կապացուցեն» նման մեղադրանքների ճշմարիտ լինելը:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՌԱՀՀԿ փորձագետ

No comments: