Thursday, August 13, 2009

Ադրբեջանցիները շարունակում են գրոհել ինտերնետում. ո՞րն է ելքը

Tert.am-12-8-2009- Անցյալ շաբաթվանից սկսվել է ադրբեջանցի հակերների զանգվածային հարձակումը հայկական կայքերի վրա։ Մինչ այդ էլ նման հարձակումները հաճախակի բնույթ էին կրում, սակայն այժմ դրանք տարերային աղետի են վերածվել։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշել է Smart Systems ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը, իր տեղեկություններով՝ հարձակման ենթարկված կայքերի քանակը կազմում է 100-ից ավելի, թեև այդ թիվը կարող է էլ ավելի մեծ լինել։ Սպասարկող ընկերություններին, իհարկե, հաջողվում է արագ վերականգնել ջարդված կայքերը, բայցևայնպես հարձակումները շարունակվում են։ Ստեփան Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական հակերների հարձակումները կազմակերպված բնույթ են կրում և հստակ ղեկավարվում են մեկ կենտրոնից. ջարդվում են սերվերները, որոնց վրա շատ են հայկական կայքերը, ինչպես նաև հարձակումներ են իրականցվումառանձին կայքերի վրա։ Ըստ Ասլանյանի՝ տեսականորեն յուրաքանչյուր կայք կարելի է կոտրել, սակայն դա չի նշանակում, որ չկան լավ և վատ պաշտպանված կայքեր։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում այսօր հարկ է մտածել կայքերի պաշտպանվածության մակարդակի ուժեղացման և անվտանգության խնդիրների մասին։ Հիշեցնենք, որ Tert.am-ի զրույցում երեկ նման կարծիք էր հայտնել նաև մեկ այլ փորձագետ՝ Արամ Մխիթարյանը, ով նշել էր, որ մասնավորապես պետական կառույցների կայքերի համար չկա ընդհանուր մշակված անվտանգության քաղաքականություն։ Ստեփան Ասլանյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ոլորտում միասնական աշխատանք իրականացվի և մասնագետները համատեղ ուժերով պայքարեն նման երևույթի դեմ։ Որոշ քայլեր, ըստ Smart Systems ընկերության տնօրենի, արդեն կատարվում են. տարբեր ընկերություններ փորձում են համատեղ պլատֆորմ ստեղծել՝ հարձակումները կանխելու նպատակով։ Ասլանյանը հավելեց, որ միայն միասնական գործողությունները հնարավորություն կտան արդյունավետ գործել խնդրի լուծման համար։

No comments: