Wednesday, August 26, 2009

ԱԺ նոր կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը. Արմեն Մարտիրոսյան

Tert.am- 25-8-2009- «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» կողմ է արտահայտվել է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման նոր կարգին, պատասխանել է, որ երբ նոր կարգն իրեն է տրամադրվել, ինքը ծանոթացել է ու բարձրաձայնել է իր մտահոգությունները: Մարտիրոսյանը պատմել է, որ իրենց նախորդ ուրբաթ (խմբակցության ղեկավարը օրը շատ կոնկրետ չէր հիշում-հեղ.) ասել են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունենալու: Խմբակցությունների հիշյալ հանդիպման ժամանակ տրվել է լրագրողների հավատարմագրման նոր կարգը, որին իր անհամաձայնությունն է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այն մտահոգությունները, որ այսօր ունի լրագրողական հանրությունը, ինքը կիսում է ու դրանց շուրջն անգամ առաջարկություններ է ներկայացրել: «Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգը սահմանափակում է լրագրողների աշխատանքը: ԱԺ-ն, ըստ էության, հասարակական բաց ամբիոն պետք է լինի և շատ հանգիստ լուսաբանվի: Խորհրդարանի աշխատանքը բավական յուրահատուկ է և պետք է լուսաբանվի և՛ նիստերի ժամանակ, և՛ նիստերից դուրս: Որևէ խոչընդոտ լրագրողների համար չպետք է լինի»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե հավատարմագրման նոր կարգը իրենք ներկայացրել են խորհրդարանական խմբակցություններին ու դեռ նրանց առաջարկությունների ճնշող մեծամասնությունն էլ ընդգրկել են նոր կարգում:

No comments: