Wednesday, August 26, 2009

Հայ-թուրքական սահմանի՝ Մարգարայի հատվածի բացումը հավանական չէ. Բեքարյան

Tert.am. 25-8-2009- «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ մինչ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի Մարգարա գյուղի մասով, հայտարարել է, թե նման սցենարի զարգացումը հավանական չի համարում: «Հավանականությունը մեծ չեմ համարում իրականում, որովհետև դա կգնահատվի որպես այցի համար բացված միջանցք, այլ, բնականաբար, ոչ թե բացած սահման: Բայց կա հետաքրքիր, էական մեկ այլ հարց՝ եթե դու գնում ես սահմանը բացելուն և այն պետք է փակես՝ էական չի 24 ժամ հետո, մի ամիս հետո, 2 ամիս հետո, թե երբ, դու դրա համար պետք է բավական ուժեղ հիմնավորում ունենաս: Եվ հետևաբար այդ տեսակետից կրկին առաջանալու է խնդիր, որ փորձելու են նախաձեռնության սեփականաշնորհում ասածը վերափոխել ինչ-որ պրոցեսի արգելակմամբ դիմացինի մեղքի»,- հայտարարել է Կարեն Բեքարյանը: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահը նաև հայտարարել է. «Թուրքիան գտնվում է ավելի մեծ իմիտացիոն դաշտում, քան հայ-թուրքական հարաբերությունները»: Ըստ նրա՝ որքան էլ Թուրքիան իմիտացիա է ստեղծում հայ-թուրքական գործընթացներում, դա չպետք է հիմք լինի հարաբերությունները կարգավորելու փորձերը դադարեցնելու համար: Ի դեպ, փորձագետը նկատել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական կարգավորման գործընթացի արգելափակումը չի բխում հենց Թուրքիայի շահերից, քանի որ նախ՝ տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունենալու համար նա պետք է հարաբերություն ունենա նաև Հայաստանի հետ. բացի դա, ըստ Բեքարյանի, Թուրքիան ունի ավելի ծանր խնդիրներ՝ ինչպիսիք են կիպրական և քրդական հարցերը, քան հայ-թուրքական հարաբերություններն են:

No comments: