Saturday, September 5, 2009

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

«ԱԶԳ», 05-09-2009- Ինչպիսի՞ն է այսօր ԼՂՀ հիմնախնդիրը քաղաքական եւ իրավական հարթության մեջ: Երեկ Ժուռնալիստների միությունում իրենց տեսակետները հայտնեցին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, փորձագետ Ալեքսանդր Մանասյանը: Մանասյանն այն կարծիքին է, որ այսօր հանրությունը, քաղաքական գործիչները, լրագրողները լավ չեն տիրապետում ԼՂՀ բուն խնդրին: Ըստ Մանասյանի, Ադրբեջանը իրավական փաստարկներ չունի, բայց այնպես է ստացվել, որ Հայաստանի հետ Ադրբեջանը խնդիրներ ունի: «1991-92-ին Ադրբեջանական Հանրապետությունը պատերազմ սկսեց ԼՂՀ-ի հետ: 91-ին խնդիրը դրվել է կեղծ հունի մեջ: Երկրորդ հանրապետության ՀՀՇ-ականները, եթե կարգին տիրապետեին նյութին, 92-ին չէին ասի, ԼՂՀ-ն ճանաչվի Ադրբեջանի Հանրապետությունում ինքնավար հանրապետություն: Ընկել ենք փոսի մեջ, ուզում ենք փոսից դուրս գալ: Մադրիդյան սկզբունքների դրույթների մեջ չկա այնպիսի կետ, որ մեկնաբանության կարիք չունենա», նկատում է փորձագետ Ալ. Մանասյանը: Քաղաքագետ Մելիք-Շահնազարյանն էլ իր հերթին է նշում, որ 1991-ին Ադրբեջանի ծնունդը եղել է ապօրինի` միջազգային օրենքների խախտման միջոցով. «Պետություն, որը ծնվել է ապօրինի քաղաքական նկատառումներով»: Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի դիվանագիտական կազմից ոչ բոլորն են բավարար մակարդակով ճանաչում ղարաբաղյան հիմնախնդիրը. «Սխալ եմ համարում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը անհասկանալի արտահայտություն է անում, եւ վերջինիս մամուլի խոսնակը ավելի ուշ բացատրություններ է տալիս , թե ինչ է ասել արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը»: Ընդհանրապես, ըստ Մելիք-Շահնազարյանի, անտրամաբանական է խոսելը տարածքների վերադարձման մասին. «Ինչո՞ւ պետք է Ադրբեջանին հող տանք»: Բանախոսներն անդրադարձան նաեւ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես` օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթին: «Ես կարծում եմ, որ այդ պրոտոկոլները անընդունելի են մեզ համար: Անընդունելի են ամենասկզբից: Իմպերատիվ բայեր են օգտագործվում այնտեղՙ պե՛տք է, պե՛տք է... Եթե այնտեղ չկա Կարսի անունը, ապա դա Կարսի պայմանագրի հետեւանքների հաստատումն է: Եթե այսօր սահմանները ճանաչում ենք Թուրքիայի հետ, նշանակում է` մենք համաձայն ենք Կարսի պայմանագրի հետ: Իսկ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը ապօրինի եւ անընդունելի են»: Ալեքսանդր Մանասյան. «Կարսի պայմանագրի մասին խոսք կա այդտեղ, բայց անուղղակի ձեւով: Արձանագրության 5-րդ կետի առաջաբանում, երբ խոսվում է միջազգայնորեն լուծված պայմանագրերի մասին, դա հենց Կարսի պայմանագիրն է: Եթե այդ կետը մինչեւ վերջ կարդաք, հայերեն չէ, աղավաղված է: Փորձեցի անգլերենի հետ էլ համեմատել, նորից չհասկացա: «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով», միջազգային իրավունքի համապատասխան պայմանագիր հասկացողություն չկա», նկատում է բանախոսը: «Ինչպես Կարսի պայմանագրի անունը ուղղակի ձեւով չի տրվում, այնպես էլ այսպիսի նախնական փուլում ընդունած բոլոր փաստաթղթերը լղոզված են: Թուրքիան պետք է մտածի, որ իր օգտին է, Հայաստանն էլ պետք է մտածի, որ իր օգտին է: Այստեղ պահանջվում է մեծ դիվանագիտական, լեզվական, քաղաքական կուլտուրա, որպեսզի այդպիսի բանաձեւումները հանկարծ Թուրքիայի օգտին չլինեն: Իսկ ԼՂՀ թեման ուղղակի տեքստով բացակայում է, ինչը մեզ թույլ է տալիս ասել, մեկնաբանել, որ փաստաթուղթը ոչ մի կապ չունի ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ, որ ԼՂՀ հիմնախնդիրը զուտ Ադրբեջանի հետ ստեղծված հիմնախնդիր է, իսկ սա վերաբերում է Թուրքիային: Երբ մենք հայ-թուրքական հարաբերությունների մասին ենք խոսում, եւ բերում ենք Կարսի պայմանագիրը, այնտեղ նաեւ Նախիջեւանի խնդիր կա: Կան խնդրի փափկություն եւ հնարավորություններ, որոնք հետագայում կարող է Թուրքիան օգտագործել` գործը խառնելու համար: Ես կասկած չունեմ, որ Թուրքիան կաշխատի հետագայում փորձել այս փաստաթուղթը դարձնել միջոց` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի ակտիվ մասնակից դառնալու համար: Նույնը նաեւ վերաբերում է ենթահանձնաժողովի ձեւավորմանը: Պատմական հարթությանը վերաբերող հարցերը Թուրքիան պետք է այնպես անի, որ դառնան Ցեղասպանության ընդունման կամ չընդունման փաստի քննարկում: Ես կասկած չունեմ, որ դա լինելու է այդպես», եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը: ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: