Wednesday, September 23, 2009

Թուրք լրագրողը հավանական է համարում Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրություններից միայն մեկի վավերացումը

«Ազատություն» 22-9-2009- «Ես հավատում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 14-ի Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Hurriyet Daily News պարբերականի խմբագիր Բարչին Յինանչը: Նրա կանխատեսմամբ, սակայն, մեծ է հավանականությունը, որ թուրքական խորհրդարանը կվավերացնի այդ արձանագրություններից մեկը միայն, որով նախատեսվում է պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Ինչ վերաբերում է այն արձանագրությանը, որով նախատեսվում է հայ - թուրքական սահմանի բացումը, այդ մեկի վավերացման հեռանկարները բավական մշուշոտ են, թեեւ Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում բարելավում կա», - նշել է Յինանչը: Հայ - թուրքական մերձեցման հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշման մասին Բարչին Յինանչը ասել է. - «Իմ տպավորությամբ` Ադրբեջանի կառավարությունը այնքան էլ ոգեւորված չէ այս ողջ գործընթացից: Հավատացած եմ, որ սկզբնական շրջանում թուրքական կառավարությունը Բաքվին բավականաչափ տեղեկություն չէր տրամադրել, սակայն Ադրբեջանի կառավարության կտրուկ արձագանքից հետո նրանք որոշակի դասեր քաղեցին: Ես գիտեմ, որ հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումից առաջ երկու թուրք դիվանագետներ մեկնել էին Բաքու, որպեսզի այդ մասին տեղեկացնեն Ադրբեջանի նախագահին»: «Բայց նույնիսկ այս պարագայում, երբ հայկական կողմը եւս որոշակի զիջումների է գնում, միեւնույն է` Ադրբեջանը դժգոհ է մնալու», - համոզված է Յինանչը: Նրա կարծիքով` այդ դժգոհությունը միայն հայտարարությունների մակարդակով չի արտահայտվի. - «Բաքվի քայլերը կարող են հարվածել նաեւ էնեգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է էներգետիկ խաղաքարտը»: Թուրքական պարբերականի խմբագիրը, սակայն, հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Էրդողանի կառավարությունը լրջորեն մտադրվել է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները: «Այս կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր ունի: Այն ցանկանում է լուծել Թուրքայի` հարեւանների հետ ունեցած բոլոր խնդիրները», - նշել է Բարչին Յինանչը:

No comments: