HayInfo-19-9-2009- ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյան
- Ինչպե՞ս կմեկնաբանեք «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրման առնչությամբ ներքաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների վերջին հայտարարությունը, և, Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել դրանց ստորագրումը:
- Նախևառաջ ուզում են նշել այն մեծ անորոշությունը, որը ձևավորվել է Հայաստանի հասարակությունում և քաղաքական օղակներում այս հայտարարության առումով: Դժբախտաբար, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մենք նույնպիսի վերաբերմունք ունենք, ինչպես Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրների հանդեպ: Տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունները հատուկ նշանակություն չեն տալիս այդ խնդրին, Հայաստանում շատ քիչ պարզաբանումներ են արվում այս առնչությամբ՝ ի տարբերություն Թուրքիայի, որտեղ մշտապես ինտենսիվ աշխատանք է տարվում հասարակության հետ: Իսկ մեզ մոտ արձանագրություններում ամրագրված վեց շաբաթվա ընթացքում լայն քննարկումների փոխարեն զբաղվում են իրար վրա գցելով, ենթադրելով, որ ամեն ինչ ինչ-որ կերպ կլուծվի: Բայց այսպես այդ արձանագրություններին վերաբերվել չի կարելի:
Ավանդաբար Հայաստանում միֆական պատկերացումներ են ստեղծվել այն մասին, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու վերադարձնի Արևմտյան Հայաստանը` սա դիտարկելով որպես առաջնահերթ ազգային շահ: Սակայն տվյալ արձանագրությունները սրբում են նման պատկերցումները: Այդ իսկ պատճառով եթե գործող իշխանությունները կարծում են, որ սա ճիշտ մոտեցում է և այն ոչ մի կերպ չի խփում Հայաստանի ազգային շահերին, ապա դա պետք է հստակ պարզաբանվի: Բայց նման պարզաբանումներ, իմ կարծիքով, չկան: Իսկ եթե նման պարզաբանումներ չկան, ապա հասարակության մի մասը սկզբից ևեթ դա Հայաստանի ազգային շահերին սպառնալիք է համարում` ելնելով Թուրքիայի հետ սահմանները բացելու և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհնարին լինելուց՝ մինչև նա չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս պայմաններում ի՞նչ կարելի է առաջարկել մարդկանց որպես այլընտրանք: Այսօր այստեղ խոսքը ազգային շահերի հայեցակարգի ուղղությունը լիովին փոխելու մասին է: Սա իր հանդեպ լուրջ մոտեցում պահանջող շատ լուրջ հարց է, ինչն այսօր մենք չունենք:
Իսկ ինչ վերաբերում է արձանագրությունների ստորագրմանն ու վավերացմանը, ապա այստեղ կարելի է կանխատեսել Հայաստանի համար բացասական հեռանկարներ: Ելնելով Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներից՝ հայկական կողմն, ըստ ամենայնի, կստորագրի ու կվավերացնի այդ արձանագրությունները խորհրդարանում, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Ադրբեջանի հետ մեծ ծրագրեր ունեցող Թուրքիան, ըստ ամենայնի, կստորագրի այդ պայմանագրերը, բայց չի վավերացնի դրանք Մեջլիսում: Իսկ միջազգային հանրությանը նա դա կբացատրի նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար շատ կարևոր է Ղարաբաղյան հարցի ընդգրկումը արձանագրություններում, հակառակ դեպքում այդ արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի խորհրդարանի կողմից:
- Որքանո՞վ է իրական այդ արձանագրությունների վավերացման գործընթացը և ինչու՞ է ընտրվել հենց վեցշաբաթյա ժամկետ ներքաղաքական խորհրդակցությունների համար:
- Կարծում եմ, որ այդ արձանագրությունների վավերացման գործընթացն այնքանով է իրական, որքանով դրանում շահագրգիռ են գերտերությունները: Իսկ նրանց վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք այսօր ավելի քան շահագրգռված են այդ հարաբերությունների նորմալացմամբ:
Ինձ թվում է, որ ընտրված վեցշաբաթյա ժամկետը ներքաղաքական խորհրդակցությունների համար բացատրվում է երկու պատճառով: Առաջինը պայմանավորված է նրանով, որ կողմերը, և մեծամասամբ գերտերությունները շահագրգռված են, որպեսզի մինչև տարեվերջ հայ-թորքական սահմանը բացվի: Այդ իսկ պատճառով որպես արձանագրությունների վերաբերյալ ներքաղաքական քննարկումների ժամկետ նշանակվել է վեց շաբաթը: Երկրորդ պատճառն այն է, որ ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանի հնարավոր այցը Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար կայանա ավելի վաղ, քան կանցնի վեցշաբաթյա ժամկետը (հոկտեմբերի առաջին տասնօրյակ), ինչը հնարավորություն կտա թուրք իշխանություններին հայ-թուրքական հարաբերությունների մասով գործողությունների նոր ռազմավարություն մշակել:
- Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը՝ այդ հարցն առանց նախապայմանների լուծելու հայկական կողմի պահանջների համատեքստում:
- Սահմանի բացման հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում առանցքայիններից մեկն է, քանի որ եթե սահմանը բացվեն, ապա դա կնշանակի, որ գործընթացը գնում է, իսկ եթե ոչ` գործընթացը կանգնած է: Այսինքն այդ կերպ կարելի է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների վիճակը: Այդ իսկ պատճառով այժմ վաղ է խոսել հարաբերությունների նորմալացման գործընթացի հեռանկարների մասին: Բայց այն, որ նախապայմաններ կան այդ արձանագրությունների համատեքստում, կասկած չի հարուցում: Ներկայացված արձանագրությունները հարուստ են նախապայմաններով, այդ թվում և հայկական կողմից (պահանջը Թուրքիայից՝ հրաժարվել Ղարաբաղյան հիմնահարցից): Այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ներկայիս գործընթացում «առանց նախապայմանների հարցադրումը» անիմաստ է:
- Կհրաժարվի՞, արդյոք, հայկական Սփյուռքն ու Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից կողմերի` արձանագրությունները ստորագրելու արդյունքում:
- Հայկական սփյուռքը երբեք չի հրաժարվի դրանից, քանի որ դա նրա սրբազան իրավունքն է: Եվ չնայած այն բանին՝ կստորագրվեն, արդյոք, այդ արձանագրությունները, թե ոչ, կամ թե ինչպիսի ելք կունենա Ղարաբաղյան հիմնահարցը, Սփյուռքը կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման ու «Հայոց հարցի» լուծման աշխատանքը:
Միաժամանակ հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական նպատակների զինանոցում ոչ այնքան Հայաստանը, որքան նրա հետ կապված խնդիրներն են դրված, մասնավորապես, 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը նրանց կողմից օգտագործվում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեխանիզմ: Հենց այստեղ էլ հայկական Սփյուռքի ու գերտերությունների շահերը համընկնում են, ինչն անդրադառնում է ոչ թե այդ հարցում նրա դիրքերի թուլացման, այլ, ընդհակառակը, ուժեղացման ու ամրապնդման վրա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հայաստանի պաշտոնական դոկտրինան կխանգարի՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, ապա կարելի է ենթադրել, որ ամեն ինչ կախված է հայկական իշխանությունների քաղաքականությունից, գործողությունների հստակ մշակված ռազմավարությունից, առկա ռեսուրսներից: Անհրաժեշտ է գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ներկայիս գործընթացը խաղ չէ, այլ մեզ համար ճակատագրական պատմական պահ, որի արդյունքում կլուծվի մեր ճակատագիրը: Հիմնվելով այս մտայնության վրա՝ հարկ է աստիճանաբար առաջ շարժվել` հասնելով Ցեղասպանության միջազգային ճանաչման:
- Ինչպե՞ս եք գնահատում երկխոսություն հաստատելու համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը, և ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանձնաժողովի գործունեությունից:
- Այս հարցում պետք է հաշվի առնել մեկ հիմնական պահ. եթե արձանագրություններում խոսվում է այն մասին, որ կողմերը պետք է պատմական փաստերի ուսումնասիրման միջկառավարական հանձնաժողով ստեղծեն, և կողմերը ստորագրում են դա, հետևաբար, նման հանձնաժողով պետք է ստեղծվի: Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա այդ հանձնաժողովի ստեղծումից հետո: Թուրքիան կփորձի կասկածի տակ դնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և դա բավականին ակնհայտ է: Հակառակ դեպքում ինչու՞ է նա նման քայլի գնում: Մյուս կողմից պարզ չէ Հայաստանի դիրքորոշումը նման հանձնաժողով ստեղծելու հարցում և ինչ առաջադրանքներ է նա այնտեղ դնում, առավել ևս, որ պարզ չէ այդ քննարկումների իմաստը: Որո՞նք պետք է լինեն տվյալ հանձնաժողովում այդ քննարկումների նպատակները և ինչպե՞ս են դրանք ընթանալու՝ գաղտնի՞, թե՞՝ բաց, և համոզելու՞ է, արդյոք, Հայաստանը Թուրքիային ընդունել Ցեղասպանությունը: Հենց սրա վրա էլ պետք է կենտրոնանա մեր հիմնական ուշադրությունը:
Այս հարցում պետք է լինել անզիջում և վճռականորեն հայտարարել, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, հայ-թուրքական հարաբերություններ չեն հաստատվի: Ինչ-որ հարաբերություններ կարող են կարգավորվել, բայց ոչ հիմնականները: Պետք է պարզորոշ ասել, որ քանի դեռ գոյություն կունենա թշնամանք մեր երկու երկրների միջև, անհնարին է որևէ նորմալ հարաբերություն: Սա այս հարցում ամենախոցելի կողմն է: Այս տեսակետից ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ դրան և որ երկխոսություն հաստատելու հանձնաժողովը այս իմաստով էական արդյունքների չի հասնի:
Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment