Thursday, September 3, 2009

Թուրքական պարբերականը որոշ անհայտ մանրամասներ է հրապարակել հայ-թուրքական համաձայնության շուրջ

Newa.am. 2-9-2009- Թուրքական Radikal թերթի լրագրող Մուրադ Յեթքինը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արձանագրությունների չերեւացող կողմերին։ Նա ներկայացնում է արձանագրությունների հայտարարումից առաջ տեղի ունեցած իրադարձություններ։ … Սիրիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողքին նստած Թուրքիայի արրտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուի հեռախոսը զանգել է, երբ նրանք նստած են եղել ճաշի սեղանի շուրջ՝ Դամասկոսի լավագույն Nobel Palace-ի ռեստորանում։ Սինրիօղլուն հեռախոսով խոսելուց հետո Դավութօղլուի ականջին ինչ որ բան է ասել։ Դավութօղլուն նրան ասել է, որ չի լինի, թող անեն այնպես ինչպես իրենք են խոսել։ Այնուհետ Սինիրօղլուն հեռացել է հեռախոսով կրկին խոսել եւ հետ եկել ու նստել իր տեղը։ Որոշ ժամանակ անց կրկին Սինիրօղլուի հեռախոսը զանգել է: Նա կրկին խոսել է, ասել այո, եղավ եւ անջատել հեռախոսը ու կրկին Դավութօղլուի ականջին ինչ որ բաներ ասել։ Դրանից հետո Դավութօղլուն ճաշի կեսից ոտքի է կանգնել եւ ասել, որ պետք է գնան Թուրքիայի դեսպանատուն եւ ինքնաթիռում բացատրություններ կլինեն։ Սակայն լրագրողները դեռեւս օդանավակայան չհասած Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինից տեղեկացան, որ Շվեցարիայի միջնորդությամբ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու նպատակով եւ հարաբերությունների կարգավորման համար արձանագրություններ են կազմել եւ վեց շաբաթ հետո այդ արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների հավանությանը պետք է ներկայացվի։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գնացել է Դամասկոսում Թուրքիայի դեսպանատուն՝ Էրդողանից տեղեկություններ ստանալու համար։ Արդեն ինքնաթիռում հայտնի դարձավ, որ համաձայնությունը պետք է հայտարարվի Թուրքիայի ժամանակով 17.00-ին (Հայաստանի ժամանակով 19.00)։ Դավութօղլուն արդեն Բաղդադում հեռախոսով խոսում էր Շվեցարիայի արտգործնախարար Միշելին Քալմռեյի հետ։ Վերջին պահին Հայաստանը պնդել է, որ արձանագրության մեջ մի բառ փոխվի եւ դրա պատճառով արձանագրության մասին հայտարարությունը ուշացել է։ Բացի այդ, հայտնի է, որ օգոստոսի 31-ի երեկոյան հայտարարած արձանագրությունները ավելի վաղ էին պատրաստվել եւ նույնիսկ պատրաստ է եղել մինչ այս տարվա ապրիլի 22-ի հայտարարությունը։ Արձանագրությունների քննարկումների ընթացքը հեշտ չի անեցել։ Անկարան Երեւանի հետ ամեն մի քայլը անելուց առաջ տեղեկացրել է Բաքվին։ Օգոստոսի 28-ին Էրդողանը զանգահարել է Բաքու, Իլհամ Ալիեւին տեղեկացրել իրավիճակը, եւ հաջորդ օրը արտգործնախարարության խորհրդական Սինիրօղլուն եւ նրա օգնական Ունալ Չեւիքոզը Բաքու են ուղարկվել մանրամասները հայտնելու համար։ Դավութօղլուն հետագայում հայտարարեց, որ Ադրբեջանին վնասող ոչ մի քայլ չեն անելու։ Արձանագրություններում ներառված չէ առանց նախապայմանների արտահայտությունը, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լինել գործընթացի մի մասը։ Հիշենք, որ Էրդողանն էլ հայտարարեց, որ առանց խորհրդարանի հաստատման արձանագրությունները ուժի մեջ չեն մտնելու՝ դրանով Ղարաբաղի հարցը նկատի ունենալով։ Դավութօղլուն էլ երկու օր առաջ հեռախոսազրույց ունենալով Քլինթոնի եւ երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ, հայտնել է, որ արդեն քայլ է արվել, որը չի հաստատվի, եթե Ղարաբաղի կարգավորման գործընթացը չարագանա եւ կոչ է արել այդ հարցում համոզել Հայաստանին։ Սակայն գործընթացի վեց շաբաթից վերջանալը նույնպես անակընկալ է։ Հայտարարությունը օգոստոսի 31-ին հայտնելը եւ վեց շաբաթ տեւողությունը կայացվել է լուրջ քննարկումներից հետո։ Հայերը ցանկանում էին, որ գործընթացը վերջանա հոկտեմբերի 5-ին, իսկ Անկարան հասկացավ, որ Հայաստանը դրանով կփորձի ճնշել Ադրբեջանին, հոկտեմբերի 7-9 Մոլդովայի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ։ Թուրքիան դա թույլ չտալու համար պահանջեց, որ գործընթացը սկսվի ԱՊՀ համաժողովի ավարտից հետո։ Գանք ընդունված վեց շաբաթից հետո եկող հոկտեմբերի 13 ամսաթվին։ Դա Թուրքիայի համար ունի հոգեբանական պատճառ։ Այդ օրը 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի ստորագրման հետ է կապված։

No comments: