Tert.am. 18-9-2009- Սեպտեմբերի 18-ին հրավիրած հանրահավաքի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր–Պետրոսյանը անդրադարձ է կատարել հայ–թուրքական հարաբերություններին։
Իր խոսքում նա նշել, որ հայ–թուրքական հարաբերություններում ամեն ինչ պարզ է։
«Սերժ Սարգսյանից կորզելով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը և սահմանի բացումը հետաձգել մինչև Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը։ Հայաստանն, ըստ այդմ, մինչև Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի և դատապարտված է կրավորական դերակատարության», – ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։
Նա նշել է, որ ներկայումս մեր երկրում քննարկվող ամենագլխավոր թեման Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելու հարցն է դարձել։
«Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլևս որևէ նշանակություն չունի, քանի որ Հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ, որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու և այն սակարկության առարկա դարձնելու հարցում։ Ուստի ո՛չ մեկնելով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ։ Ինչպես ձեզ հայտնի է, վերջերս Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարել է, որ Թուրքիա կմեկնի միայն մի պարագայում՝ այն է, եթե սահմանը մինչ այդ բացված լինի։ Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում։ Առաջին, որ, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը։ Եվ երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով։ Այնուամենայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաև այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին։ Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ «շեմ» բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ», – նշել է ընդդիմության առաջնորդը։
Լևոն Տեր–Պետրոսյանը հարց է տվել՝ ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Սարգսյանը նեղացել թուրքերից։
«Որ քեզ խաբե՞լ են։ Է՛հ, թող չխաբվեիր։ Մի՞թե պարզ չէ, որ եթե ոչ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության մեջ, որքան էլ բարոյական առումով մերժելի, մեղավորը ոչ թե խաբողն է, այլ խաբվողը։ Ուստի եթե խաբվել ես, ապա պիտի նեղանաս, առաջին հերթին, քեզանից։ Կամ էլ, եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեիբաց հայտարարել այդ մասին և ճշգրտումներ մտցրու քո քաղաքականության մեջ։ Ինչևէ, սրանք զուտ հռետորական հարցեր ու բացականչություններ են, քանի որ միևնույն է, Սերժ Սարգսյանը ուզի-չուզի գնալու է Թուրքիա՝ նախ, որովհետև հակառակը նրան թույլ չեն տա, և երկրորդ, նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել։ Իսկ չմեկնելու պարագայում, որը քիչ հավանական է, Սարգսյանը ավելի մեծ վնաս կպատճառի մեր երկրին և ավելի նվաստացուցիչ ու ծիծաղելի վիճակի մեջ կդնի իրեն։ Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ–թուրքական արձանագրություններին, ապա առայժմ բավարար համարելով Հայ Ազգային Կոնգրեսի ձեզ ծանոթ պաշտոնական գնահատականը, չեմ բացառում, որ մի այլ առիթով դրանց անդրադառնամ ավելի հանգամանորեն», – ասել է ՀՀ առաջին նախագահը։
Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ այս պահին հարկ է համարում շեշտել միայն հետևյալը.
«Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու և Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ արտահայտված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք։ Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլևս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ հակառակ Կոնգրեսի հնչեցրած մշտական ահազանգերին, նույնը տեղի է ունենալու նաև Ղարաբաղի պարագայում. մի օր արթնանալու են, տեսնեն ամեն ինչ ստորագրված-վերջացած է, ու դրանից հետո սուգուշիվան անեն»։
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment