«Ազատություն» 18-9-2009 - Թուրքական Hürriyet Daily News & Economic Review թերթի առաջատար մեկնաբան Թայլան Բիլջիքը «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել իր մեկնաբանություններն ու գնահատականները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ:
«Սեպտեմբերի 1-ին հայտարարվեց սահմանի բացման հնարավորության մասին, բայց խնդիրը կարծես ավելի բարդացավ», - գրում է մեկնաբանը, ապա պարզաբանում. - «Երկու երկրների միջեւ հարաբերությունները խզված են եղել 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, որպես Ադրբեջանի հետ իր համերաշխության ապացույց։ Դրանից հետո Անկարան հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է երկու հանգամանքներով. Հայաստանը պետք է հրաժարվի 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների մասին պնդումներից եւ պետք է հանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։
Բայց ամիսներ շարունակ գաղտի բանակցությունների արդյունքում, գրում է Բիլջիքը, Անկարան եւ Երեւանը որոշակի համաձայնության են հանգել՝ «ակնհայտորեն մասամբ ներգրավելով Ադրբեջանի իշխանություններին եւս»։
Թուրք մեկնաբանի պնդմամբ, Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղից առաջ՝ հոկտեմբերի 12-ին, ստորագրվելու են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, ինչը ճանապարհ կհարթի Սերժ Սարգսյանի համար՝ Թուրքիա մեկնելու եւ հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում կայանալիք խաղը դիտելու համար։
«Ղարաբաղյան հիմնախնդիրը մնում է գործընթացը փչացնող հնարավորություն», - նշում է մեկնաբանը՝ իր տեսակետը հիմնավորելով հետեւյալ կերպ. - «Հայաստանը պնդում է, որ այդ հարցը առանձին խնդիր է եւ կապ չունի Թուրքիայի հետ: Թուրքիայի ընդդիմությունն էլ պնդում է, թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու որեւէ համաձայնություն հայ-թուրքական հաբերությունների վերաբերյալ չի կարող լինել: Թուրքիայի ընդդիմադիր երկու կուսակցությունները՝ «Ժողովրդահանրապետական» եւ Ազգայնական շարժում կուսակցությունները դեմ են արտահայտվել»։
«Հայաստանի ազգայնականներն ու սփյուռքահայությունը եւս դեմ են», - շարունակում է հիմնավորել իր տեսակետը Թայլան Բիլջիքը. - «Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները հանրահավաք են անցկացնում ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»։
Թայլան Բիլջիքի կարծիքով այս ողջ գործընթացի համար կատալիզատոր է հանդիսացել անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմը:
Միեւնույն ժամանակ, ըստ թուրք մեկնաբանի. - «Ակնհայտ է, որ մեծանում է Եվրամիության անվստահությունը Թբիլիսիի հանդեպ, եւ ԵՄ-ը ցանկանում է Հայաստանին ընդգրկել Nabucco գազամուղի ծրագրում: Ռուսաստանն էլ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հատկապես եթե Հայաստանը իսկապես ընդգրկվի Nabucco ծրագրում»։
Միացյալ Նահանգների նախագահը, Թուրքիայում հնչեցրած իր ելույթում նույնպես կոչ էր արել կարգավորել հարաբերությունները եւ բացել սահմանները:
Այսինքն, ամփոփում է միտքը թուրք մեկնաբան Թայլան Բիլջիքը. - «Ստացվում է, որ գրեթե բոլորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը համարում են բոլոր կողմերի համար շահավետ քայլ, բացի երկու երկրների ազգայնականներից, որոնց շահերը նախկինում եւս հաճախ են հակասել առողջ բանականությանը»։
- Այս հոդվածում արտահայտված տեսակետները եւ մեկնաբանությունները պատկանում են Թայլան Բիլջիքին եւ կարող են չհամընկնել «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական տեսակետների հետ։
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment