Thursday, September 3, 2009

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՄ ԼԻՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ»

«Ազգը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ երեկ զրուցեց հայ- թուրքական երկկողմ եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հրապարակված արձանագրությունների շուրջը, որոնք պրն Մանուկյանը ողջունեց` ասելով, որ փաստաթղթերով շատ վճռական եւ կարեւոր քայլ է արվել մեր արտաքին քաղաքականության մեջ: Ողջ հարցազրույցը խոստանալով ներկայացնել վաղը, այժմ ընթերցողներին մատուցենք այն հատվածը, երբ խոսվում է արձանագրությունը քննադատողների մասին: Վ. Մ. - «Դուք ինձ բացատրեք` բացի որոշ ուժերի ցանկությունից, որ ամեն գնով ուզում են իշխանություն գցել, ինչո՞ւ պետք է Հայաստանի ժողովուրդը դեմ լինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը, ճանապարհների բացմանը: Ի՞նչը պետք է առաջացնի այդպիսի դժգոհություն: - Հիշողությունը, Ձեր ասած երազի կորուստը, Ցեղասպանության, Հայ դատի խնդիրների ապագան... Վ. Մ.- Այս քայլից հետո, ես կարծում եմ, նույնիսկ Ցեղասպանության ճանաչման խնդիրն ավելի հեշտ կլինի: Ցեղասպանության ճանաչման վերջնանպատակն ի՞նչ է` որ մյուս երկրների միջոցով ճնշում գործադրվի եւ վերջիվերջո Թուրքիան ընդունի այդ փաստը: Այս փաստաթղթի դեպքում, երբ դու ունես դիվանագիտական հարաբերություններ, երբ սահմանը հաստատված է, շատ ավելի հեշտ է Թուրքիայի համար նաեւ հաջորդ քայլն անել` ընդունել Ցեղասպանւթյունը: Այսինքն` այս քայլը Թուրքիայի ձեռքերն ազատում է Ղարաբաղի հարցից, որը մեզ համար ձեռնտու է, եւ հեշտացնում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումը: Կան քաղաքական գործիչներ, որոնք առաջ ասում էին` Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք, հիմա ասում են` Ղարաբաղը տալիս են, առաջ ասում էին` Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ, հիմա խոսում են մեր ազգային երազանքների մասին. այդպիսի քաղաքական ուժերն ինձ համար կշիռ, ազդեցություն չունեն, իրենք կարող են 1-2 շաբաթ ժողովրդին խաբել, բայց չեն կարող ժողովրդին ամիսներով խաբել:

No comments: