Saturday, September 5, 2009

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ

«Արցախի ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: - Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում Դուք ասացիք, որ Ղարաբաղում այդքան էլ ոգեւորված չեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարով, քանի որ մտավախություններ կան, որ դա լինելու է ի հաշիվ ԼՂՀ շահերի: Հիմա, երբ այդ հարաբերությունների կարգավորումը կարծես գործնական փուլ է մտնում, Ձեր մտավախությունները շարունակո՞ւմ են մնալ: - Այո: Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման վերաբերյալ հրապարակված արձանագրություններում նախապայմանավորվածություն չկա ԼՂՀ խնդրի բանակցային գործընթացի մասով, այդուհանդերձ, դատելով թուրք պաշտոնյաների վերջին երկու օրերի հայտարարություններից՝ Թուրքիայում կարծում են, որ արձանագրությունները կարող են ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ դրանց կհամաձայնվի Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը կհամաձայնվի միայն, եթե ԼՂՀ բանակցություններում իր համար ցանկալի առաջընթաց արձանագրվի: Այս հիմնական մտահոգությունը կար եւ այսօր էլ մնում է: - Արձանագրությունների վերաբերյալ իր բացատրություններում ՀՀ նախագահն էլ ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ ԼՂՀ հարցի կարգավորումը միեւնույն փաթեթում չեն դիտարկվում: Համադրելով թուրք եւ հայ պաշտոնյաների հայտարարությունները՝ ինչպե՞ս կողմնորոշվել: - Կարող ենք կողմնորոշվել ըստ հրապարակված փաստաթղթերի, որտեղ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը չի պայմանավորում ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացի հետ: Բայց այստեղ նրբություններ կան. այլ բան է փաստաթղթի հրապարակումը, այլ բան՝ դրա կյանքի կոչումը, մասնավորաբար՝ սահմանի բացման մասով: Թուրքիայի բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ, ԱԳ նախարար, միանշանակ հայտարարում են, որ Թուրքիան չի գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են վնասել Ադրբեջանի շահերին: Զուգահեռաբար, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածում՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի վարչապետը հավատարիմ կմնա Ադրբեջանի խորհրդարանում մայիսի 14-ին իր ունեցած ելույթին, եւ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը՝ մինչեւ ղարաբաղյան հարցում առաջընթաց չնկատվի: Նրանք, բնականաբար, նկատի ունեն այնպիսի զարգացում, որը կբավարարի Ադրբեջանի հավակնություններին: Իսկ հնարավորություններ, որ արձանագրություններում նշված գործողությունները չկատարվեն՝ կան: Օրինակ, թուրքական Մեծ ժողովի ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի: - Ղարաբաղյան քաղաքական ուժերը փորձե՞լ են այս հարցը բարձրացնել Ղարաբաղի, ինչու չէ՝ նաեւ Հայաստանի իշխանությունների առջեւ եւ համապատասխան երաշխիքներ ստանալ: - Չեմ կարծում, թե այս պահին այդ անհրաժեշտությունը կա: Ներքաղաքական քննարկումների, այսպես ասած, հանրային կարծիքի զոնդաժի առաջին օրերը ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Թուրքիայի համար շատ դժվար է լինելու այդ արձանագրությունների ստորագրումը եւ խորհրդարանների վավերացմանը ներկայացնելը: - Ինչքան էլ թվացյալ ձեւական լինի այս գործընթացը, այնուհանդերձ, մտահոգվելու առիթներ կա՞ն: - Այո, եւ դա նախեւառաջ պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ընդհանրապես կանխակալ վերաբերմունք ունի հայ ժողովրդի եւ հայոց պետականության նկատմամբ: Ես կուզենայի, որ հայկական դիվանագիտությունը կարողանար հասնել այն բանին, որ Թուրքիան բացեր Հայաստանի հետ սահմանը՝ ներկայիս փաստացի իրավիճակով՝ առանց ԼՂՀ հարցում որեւէ սկզբունքային համաձայնության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա կնշանակեր, որ Թուրքիան իսկապես չեզոք է եւ պատրաստ է քննարկել հայկական կողմերի հետաքրքրությունները ԼՂՀ հարցում: Իսկ եթե խորհրդարանական վավերացման գործընթացում անընդմեջ ձգվի սահմանի բացումը, ապա ընդհանրապես կիմաստազրկվի Հայաստանի եւ Թուրքիայի հետագա հարաբերությունների հեռանկարը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» 4-9-2009

No comments: