Saturday, September 5, 2009

Ռուսաստանը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ միասին, գերիշխելու է Եվրոպայում

Tert.am 4-9-9- Limes իտալական ամսագրի փորձագետներն ուրվագծել են Եվրոպայի զարգացման սցենարը, որը հիմնվում է աշխարհում Ռուսաստանի դիրքի ուժեղացման վրա: Ընդ որում՝ Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են ոչ միայն որպես էներգակիրների առաջատար մատակարարի, այլև որպես ծանրակշիռ քաղաքական խաղորդի, հայտնում է molgvardia.ru-ն: Ըստ փորձագետների` Միացյալ Նահանգների անվերջ ձգտումը նախկինի պես ղեկավարել եվրոպացի դաշնակիցներին բացասական արձագանքներ է ստանում ոչ միայն Մոսկվայում, այլ ԵՄ առաջատար տերությունների մայրաքաղաքներում: Եվ ահա թե ինչին դա կարող է հանգեցնել մոտ ապագայում. Եվրոպայում ձևավորվում է առաջատար երկրների «ակումբ». Ռուսաստանի հետ մեկտեղ դրա կազմում, ըստ փորձագետների, կընդգրկվեն Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: Այդ «միջուկին» կմիանան նաև Սլովակիան, Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Կիպրոսը: Իսկ ահա Ռումինիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Վրաստանը կկազմեն հակադիր` ամերիկամետ ճամբարը: Նախկին Խորհրդային մյուս երկրները կամ չեզոք դիրք կընդունեն, կամ կվերականգնեն Մոսկվայի հետ սովորական գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կդառնա նոր միության կենտրոն, որի մեջ կմտնեն Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Տաջիկստանը, ինչպես նաև կենտրոնական Ուկրաինայի տարածքում ստեղծված նոր պետությունը: Ինչպես նշվում է հոդվածում, Ուկրաինան մասնատվելու է երեք մասի` Արևելյան Ուկրաինա և Ղրիմ, Կենտրոնական Ուկրաինա և Արևմտյան Ուկրաինա: ՌԴ-ի հետ ձուլում է սպասվում նաև Ղրղզըստանին, որն այսպիսով Կալինինգրադի օրինակով կվերածվի ռուսական անկլավի` այս անգամ արդեն Միջին Ասիայում:

No comments: