Saturday, September 19, 2009

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄԻ ԺԱՆԳՈՏԱԾ ՄԵԽ Է, ՈՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՂԵՂԻ ՄԵՋ»

«ԱԶԳ», 19-09-2009- Ժողովրդավարության եւ համագործակցության Նյու Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը դրական է գնահատում նախաստորագրված երկու փաստաթղթերը: Իհարկե, դրանք անթերի չեն, որոշ կետերի նկատմամբ կան դիտողություններ, բայց փորձագետը խորհուրդ է տալիս չմոռանալ, թե որքան դժվար է ստորագրել փաստաթուղթ, որտեղ կողմերը գոհ լինեն: «Ցեղասպանության եւ հայ թուրքական հարաբերությունների հարցը մի ժանգոտած մեխ է, որը գտնվում է հայ ժողովրդի ուղեղի մեջ: Այդ ժանգոտած մեխը պետք է դուրս բերվի, ազգը պետք է դուրս գա մշտական զոհի հոգեբանական վիճակից եւ կարողանա ինքնավստահ, ինքնաբավ հոգեբանական զգացողություն ունենալ եւ ավելի շատ նայել դեպի ապագան, քան թե անընդհատ կախված լինել անցյալից: Նաեւ որպեսզի կարողանա առաջ շարժվել` առանց ոտքերից կախված այդ ծանր բեռների», նկատում է Միհրանյանը ՄԱԱ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Քաղաքագետը ողջունելի ձեռքբերում է համարում, որ Թուրքիայի առաջարկած երեք հայտնի նախապայմանները արձանագրությունում տեղ չեն գտել. «Եթե ոչ 100%-ով, բայց զգալի չափով հայկական կողմը կարողացավ ստանալ այն, ինչը այսօրվա պայմաններում Հայաստանի այս ռեսուրսներով հնարավոր էր ստանալ, երբ դու գործ ունես մի հզոր պետության հետ, որն այսօր աշխարհի մեծագույն տնտեսություներից մեկն է, աշխարհի ամենամեծ բանկերից, ամենամեծ տարածքներից, ամենազդեցիկ գործող պետություններց մեկն է»: Նա հավելեց, որ առանց ԱՄՆ-ի ակտիվ մասակցության եւ ՌԴ ակնհայտ պաշտպանության դժվար թե հայկական կողմը կարողանար հասնել արդյունքի: «Կանխատեսում եմ, որ Թուրքիայում եւ Հայաստանում կլինեն գործող ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք դեմ կլինեն արձանագրությունների ստորագրմանը: Բայց վստահ եմ, որ մեծամասնությունը թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում կկարողանա հասկանալ, որ այսօրվա իրավիճակում հարաբերությունների նորմալացումն ունի ստրատեգիական բնույթ: Հարցի ձախողման հետեւանքները կարող են ավելի ծանր լինել, քան հարցի լուծումը», ասաց Միհրանյանը: Քաղաքագետ, որ աշխատել եւ ունի անձնական մտերմիկ հարաբերություններ ՀՀ երեք նախագահների հետ, Թուրքիայի հետ կապված որոշ ժառանգականություն է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունում: «Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Վազգեն Մանուկյանը, երբ եկան իշխանության, ցանկություն ունեին անմիջապես բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Ցավոք, թուրքական կողմը չգնաց դրան: Այլապես այս փաստաթուղթը կարող էր ստորագրվել այն ժամանակ: Եվ հիմա, եթե ոչ բացահայտ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այս փաստաթղթերը պետք է լինեն ընդունելի: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի առաջ գնաց ղարաբաղյան հարցում, որովհետեւ այն ժամանակվա իրականությունում պետք է Ղարաբաղն իրավաբանական իմաստով ճանաչվեր որպես Ադրբեջանի մաս, «դե ֆակտո»` անկախ, բայց «դե յուրե»ՙ ադրբեջանական իրավասության տակ»: Միհրանյանը նկատում է, որ այսօր հարցն այդպես դրված չէ, եւ եթե նույնիսկ մտավախություններ կան, որ հայ-թուրքական հարաբերություների կարգավորումը կարող է ԼՂ հակամարտության հարցում զիջումների հանգեցնել, ապա այժմ հարցն այնպես է դրված, որ զիջումներ հնարավոր չեն: «Այն ցանկությունը, որ հայկական կողմը հետ տա «գրավված» տարածքների մի մասը կամ 5 շրջանը, ընդունելի չէ ոչ մի իմաստով, որովհետեւ համապատասխան երաշխիքներ չկան, որ դրանից հետո կկազմակերպվի հանրաքվե, եւ դրա արդյունքները կընդունվեն միջազգային հանրության եւ Բաքվի կողմից»: Միհրանյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը դիմում է ռիսկի, բայց ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ ռիսկն ավելի լավ է հաշվարկված: «Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճկուն է, իսկ Էդվարդ Նալբանդյանը` շատ ավելի պրոֆեսիոնալ, քան Վարդան Օսկանյանը: Իհարկե, Էդվարդ Նալբանդյանի դպրոցն ու դիվանագիտական կուլտուրան տասնյակ անգամ ավելի բարձր են, եւ, վերջիվերջո, տարբեր են նրանց «բեքգրաունդերը»: Մեկը գերհզոր պետության հայտնի դիվանագետ է եղել եւ հասել է մեծ արդյունքների, մյուսը, չեմ ուզում վիրավորական լինի, բայց ուղղակի հայկական ինչ-որ սփյուռքային շրջաններում մեծացած եւ նոր Հայաստանում աճած, զարգացած եւ հաճելի մի մարդ, բայց չունենալով այն պետականության եւ պրոֆեսիոնալիզմի հասկացողությունն ու իմաստը, որը բնորոշ է այն մարդուն, ով եղել է դիվանագետ գերհզոր պետության համար»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությանը, Միհրանյանը դժվարացավ կարծիք հայտել` հավելելով, որ ավելի անհեթեթ հասկացություն, քան կոմպլեմենտար քաղաքականությունն է, երեւի դիվանագիտության պատմության մեջ չի եղել: «Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը կարող էր փայլուն ավարտվել, եթե նա Քի Վեսթում ԼՂ խնդրի կարգավորման առնչվող փաստաթուղթը ստորագրեր: Սակայն դրանից հետո հայկական դիվանագիտությունը մոտ 7 տարի իներցիոն եւ ոչ թե նախաձեռնողական բնույթ է կրել»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: