Wednesday, October 21, 2009

Թուրքիայում չգիտեն, թե քանի հայկական հուշակոթող կա

Aysor.am. 20.10.2009- «Մենք ցանկանում ենք, որ բոլոր փոքրամասնություններն այս երկրի մեջ ավելի լավ տեսք ունենան միասին վերցրած: Այս է պատճառը, որ մենք հայ և այլ ժողովուրդների եկեղեցիներ ենք նորոգում: Երբ նորոգում ենք, խորհում ենք, որ դա մերն է, ոչ թե ուրիշներինը, ինչպես մերն է, այնպես էլ ձերն է ու բոլորինն է»,- ասաց Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի փոխնախարար Իսմեթ Իլմազը` Անկարայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ Թուրքիայի հողերում գտնվող բոլոր պատմական շինությունների պահպանումն իրենց նախարարության գործն է, բայց նաև հիշեցրեց, որ Թուրքիան «այնքան տարբեր ազգերի հող ունի», որ դժվար է ասել, թե որ ազգին պատկանող քանի պատմական հուշակոթող կա: Միևնույն ժամանակ Ի. Իլմեզն ասաց, որ վերջին շրջանում նոր սերունդներն ավելի են հանդուրժող են պատմական շինությունների նորոգման հարցում, և դրանով նա պայմանավորեց Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: «Նորոգումները նաև բյուջեից են կախված: Բյուջեն որքան լինի, այնքան էլ կնորոգենք: Շատ ժամանակ, անգամ եթե բյուջեից գումար ես ուզում, այնքան դժվար են տալիս, որ իշխանությունն է փոխվում, հետո նորից ստիպված ես նոր կառավարությունից գումար խնդրել: Օրինակ, Այա Սոֆիայում քիչ-քիչ ենք նորոգում. երբ հասնում ես վերջին, առաջին նորոգած տեղը նորից ես սկսում նորոգել: Արդեն 20 տարի է` նորոգում ենք Այա Սոֆիան»,- ներկայացրեց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի փոխնախարարը: Նա հույս հայտնեց, որ եկող տարիներին ավելի շատ պատմական շենքեր կարող են նորոգել: Իսկ զարմանալի այն փաստին, թե Թուրքիայում չգիտեն որքան հայկական պատմական հուշակոթող կա, Իսմեթ Իլմազն այսպես արձագանքեց. «Մենք պատրաստ ենք հայկական եկեղեցիների ու հուշակոթողների հարցերով աշխատել հայկական կողմի հետ»:

No comments: