Wednesday, October 21, 2009

Հ. Չաքրյան. «Եթե Էրդողանը պնդի, խորհրդարանը կվավերացնի»

Aysor.am. 20.10.2009- Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհդրարանի կողմից երկար ժամանակ կպահանջի: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ բանախոսի, չնայած, որ քաղաքական խորհրդակցությունների շրջանակում թուրքական կառավարությունը կներկայացնի արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը արդեն վաղը, բուն քննարկումները ավելի ուշ կմեկնարկեն: «Վավերացման մասին դեռ խոսք չկա, և չեմ կարծում, որ շուտով կներկայացնեն: Ավելին, ես կարծում եմ, որ թուրքական կողմը սպասում է, որ առաջընթաց լինի Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, քանի որ վարչապետ Էրդողանի մակարդակով նման հայտարարություն եղել է, Լեռնային Ղարաբաղի հարակից հինգ շրջանների մասին ակնարկներ հնչել են»,- նշեց նա: Լրագրողների այն հարցին, թե թուրքական խորհրդարանն արդյոք կվավերացնի՞ փաստաթղթերը, Հ. Չաքրյանը պատասխանեց, որ այդ խնդրի լուծումը մեծապես կախված է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարության դիրքորոշումից: «Եթե Էրդողանը տիրապետում է իր կուսակցության բոլոր պատգամավորներին և պնդի, ապա խորհրդարանում եղած նրա կուսակցության 340 պատգամավորները կվավերացնեն արձանագրությունները»,- ասաց թուրքագետը:

No comments: