Ժառանգության հայտարարությունը 22.10.09թ.-ի քաղաքացիական ակցիայի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների իրագործած ապօրինությունների կապակցությամբ
Հոկտեմբերի 22-ի կեսօրին Զ.Փոստանջյանի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարության շենքի, ապա նախագահական նստավայրի դիմաց իրենց բողոքն են արտահայտել` ընդդեմ հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների:
Ակցիան առանց իրավական հիմքերի խոչընդոտել են ՀՀ ոստիկանները` մասնակիցների ձեռքից առանց որեւէ օրինական հիմքի խլելով ու պատռելով պաստառներն ու Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների քարտեզները, քաշքշելով մասնակիցներին, հասցնելով վիրավորանքներ: Կատարվածի կապակցությամբ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել հանցագործության մասին:
Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ձախողումը երաշխավոր դարձավ ՀՀ ոստիկանների հետագա կամայականությունների համար` ընդդեմ մարդու իրավունքների, որն իբր պաշտպանված է Սահմանադրությամբ:
Անընդունելի է այն պահվածքը, որ արձանագրությունները դեռ չվավերացրած` իշխանությունները 'բարիդրացիական հարաբերությունների ոգուն' համապատասխան այնպիսի քայլեր են կատարում, որոնց արդյունքում պատռում են Հայաստանի քարտեզներն ու Ցեղասպանությունը եւ դրա կազմակերպիչներին դատապարտող պաստառները:
Ժառանգությունն իր վրդովմունքն է հայտնում հայրենի իրավապահների անպատշաճ եւ անհամարժեք պահվածքի, նրանց կողմից օրենքը խախտելու կապակցությամբ և համապատասխան մարմիններից պահանջում է հետաքննել գործն ու պատժել ուսադիրներ կրող օրինազանցներին:
No comments:
Post a Comment