Tuesday, October 13, 2009

Հուսեյն Բեգջի. Թուրքիան չէ, որ պետք է լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը

/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը կարելի է միայն ողջունել, քանի որ դրանք դրական ազդեցություն կունենան երկու երկրների վրա: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջինարեւելյան տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Հուսեյն Բեգջին: Մեկնաբանելով թուրք ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, մինչեւ որ առաջընթաց լինի ղարաբաղյան կարգավորման մեջ, թուրք պրոֆեսորն ասել է հետեւյալը. «Ղարաբաղի հիմնահարցն այն խնդիրը չէ, որը պետք է լուծի Թուրքիան: Սակայն Անկարան կարող է իր ավանդը ներդնել այդ գործընթացի մեջ»: Այնուամենայնիվ, Հուսեյն Բեգջին չի հերքել, որ Թուրքիայում գերակայում է այն կարծիքը, որ Անկարան պետք է աջակցի Ադրբեջանին: «Բայց մենք խոսում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում ճեղքման անհրաժեշտության մասին: Ամոթալի է, երբ երկու հարեւան երկրներ, որոնք երկար պատմություն ունեն, նորմալ հարաբերություններ չունեն»,- ասել է պրոֆեսորը:

No comments: