Tuesday, October 13, 2009

Արձանագրությունները մինչև ապրիլ հազիվ թե վավերացվեն, Քոչունյան

Tert.am. 13-10-2009- Արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը Թուրքիայում հազիվ թե վավերացվեն, կարծում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա ավելի շատ «դիմահարդարման» բնույթ է կրում, որովհետև Արձանագրությունների ստորագրումից հետո որոշ կառուցողական կարծիքներ պետք է հնչեն և կառուցողական հայտարարություններ արվեն։ Սակայն դրանից հետո իրարանցումը կանցնի, իսկ ողջ գործընթացը կմարի մինչև փետրվար։ Մինչև փետրվար այդ հարցն օրակարգում չի լինի, և միայն ապրիլի 24-ից առաջ կրկին հնչողություն կստանա, համոզված է Քոչունյանը։ «Ակտիվացում կլինի ապրիլի 24-ից առաջ, երբ ակտիվացում կդիտվի նաև Եվրոպայի և ԱՄՆ–ի կողմից», – ասել է «Ժամանակի» խմբագիրը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Քոչունյանը կարծում է, թե «լավատեսություն կլինի» կարծել, որ այն կապված չէ հայ–թուրքական մերձեցման գործընթացի հետ։ Նա պատահական չի համարում այն փաստը, որ ղարաբաղյան հարցում վերջերս խիստ ակտիվություն է նկատվում։

No comments: