Panorama.am 21-10-2009- Այսօր տեղի ունեցավ «Հետազոտություններ Հայոց ցեղասպանության թեմայով» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Այն լույս է տեսել Հունգարիայի «Արարատ» մշակութային միության ջանքերով և ֆինանսավորմամբ: Հունգարիայի «Արարատ» մշակութային միության նախագահ Գագիկ Ջոթյանը նշեց, որ այս ժողովածուն Հայաստանի և Հունգարիայի պատմաբանների գիտական համագործակցության արդյունքն է և Հայոց Մեծ Եղեռնին նվիրված Հունգարիայում լույս տեսած առաջին հրատարակություններից մեկն է:
Նա նշեց, որ ժողովածույում ներկայացված են Հայաստանի և Հունգարիայի պատմաբանների Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժամանակակից մոտեցումներով հոդվածները: Ժողովածույում զետեղված է 10 հոդված, որից 3-ը հունգարացի պատմաբանների, իսկ 7-ը հայ պատմաբանների հոդվածներն են:
Գագիկ Ջոթյանի խոսքով, որոշ հոդվածները տպագրվել են հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, հունգարերեն լեզուներով, սակայն բոլոր հոդվածների կարճ ամփոփագրերը հունգարերեն են: Նրա տեղեկացմամբ, ժողովածուն նախատեսվում է տարածել նաև Հունգարիայի Պառլամենտի անդամների և քաղաքական գործիչների շրջանակներում, որպեսզի հնարավորինս նպաստեն Հունգարիայի Պառլամենտում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նա նշեց, որ քաղաքական պատճառներով Հունգարիայում Մեծ Եղեռնի թեման դուրս է մնացել գիտնականների տեսադաշտից, որի պատճառը նաև այն է, որ հունգարական համալսարաններում տարբեր պատճառներով չեն ստեղծվել հայագիտական այնպիսի կենտրոններ, ինչպիսիք գոյություն ունեն արևմտաևրոպական գրեթե բոլոր երկրներում: Նրա խոսքով, Հունգարիայում թուրքագիտության ներկայացուցիչները հետևողական և գործուն աշխատանքով նպատակ են ունեցել խափանել Հայոց Ցեղասպանության ամբողջական և օբյեկտիվ լուսաբանումը Հունգարիայում:
«Միգուցե դա է պատճառներից մեկը, որ նախկինում լռության մատնված, իսկ այսօր խիստ քաղաքականացված Հայոց Ցեղասպանության թեմային Հունգարիայում հաճախ ավելորդ զգուշությամբ են մոտենում»,- հավելեց նա:
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ այսօր այս ժողովածուն շատ ակտուալ է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վտանգ կա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը կնահանջի:
Ժողովածուի խմբագիրներն են Հունգարիայում լույս տեսնող «Արմենիա» երկլեզվանի ամսաթերթի խմբագիր Գագիկ Ջոթյանն ու հայագետ Պիրոշկա Կրայչիրը:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment