Thursday, October 22, 2009

Հայոց Ցեղասպանության ճանաչման եւս մի բանաձեւ ներկայացվեց ԱՄՆ-ի Սենատ

«Ազատություն» 22-10-2009- Չորեքշաբթի օրը Միացյալ նահանգների Սենատում՝ երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, հաղորդում են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը: Օրենսդրական նոր նախաձեռնությունը պատկանում է դեմոկրատ Սենատոր՝ Ռոբերտ Մենենդեսին եւ հանրապետական Սենատոր՝ Զոն Էնսայնին: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված 252 բանաձեւին: Այսօր ներկայացված բանաձեւի նախագիծը նույնպես կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխաւորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմռնում՝ ամերիկյան փասթաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկական զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ: Անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը հայտնեց, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված բանաձեւի հովանավորների թիվն ավելացել էր եւս յոթով՝ հասնելով 134-ի: Սենատում չորեքշաբթի օրը ներկայացված բանաձեւը պարունակում է 1916 թվականից մինչ այսօր արձանագրված Հայոց Ցեղասպանությանն աոնչվող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում ծավալուն մեջբերումներ՝ կոնգրեսական լսումներից, բանաձեւերից եւ նախագահական հայտարարություններից:

No comments: