/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Գերմանիայի բոլոր հայկական համայնքները դեմ են առաջարկված ձեւաչափի շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հայկական բաժնի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր Քոչարյանը` մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունները: Նրա խոսքով, հայկական համայնքների ներկայացուցիչների մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանը սահմանի բացման համար պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Ընդ որում, Քոչարյանը նշել է, որ չի հավատում, թե Թուրքիան հանկարծ փոխվել է: «Թուրքիան ամեն կերպ փորձում է վնասել Հայաստանին: Ես չեմ հավատում նրանց խոստումներին»,- ասել է «Freie Universitat Berlin»-ի դասախոսը` ավելացնելով, որ ոչ մի պետություն կամավոր չի ճանաչում ցեղասպանությունը, եթե նրա վրա ճնշում չգործադրվի:
Ընդ որում, «Freie Universitat Berlin»-ի դասախոսը նկատել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունն իմաստ չուներ, քանի որ ամեն ինչ արդեն որոշված էր: «Հայաստանը` որպես պետություն ոչինչ չարեց, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Անհրաժեշտ է փոփոխություններ ներմուծել Հայաստանի օրենսդրության մեջ, որոնք պատասխան կլինեն Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին. յուրաքանչյուրը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կպատժվի: Ես չեմ կարծում, թե որեւէ թուրք պատմաբան կհամարձակվի նստել եւ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը եւ ճանաչել այն` իմանալով, որ դրա համար ինքը պատժվելու է»,- ընդգծել է Քոչարյանը:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment