Thursday, October 22, 2009

Արտյուշա Շահբազյան. «Ես գրեթե համոզված եմ, որ ղարաբաղյան գործընթացը շատ է արագանալու»

7or.am .21-10-2009- -Ես կարծում եմ, գրեթե համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները և առանց վերապահման։ Կարծում եմ՝ արձանագրությունները՝ ապագա պայմանագրերն այս վիճակով ամբողջովին ձեռնտու են թուրքական կողմին։ Որոշ փաստարկներ ենք փորձում մեզ համար ստեղծել ինչ-ինչ երևույթներից, օրինակ՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ի՞նչ է ասում ընդդիմությունը և այլն։ Ինձ համար սրանք շատ հիմնավոր փաստարկներ չեն,-խորհրդարաններում արձանագրությունների վավերացման վերաբերյալ խոսելիս ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և կարելի է պայքարել ու հասնել նրան, որ արձանագրություններն այս տեսքով ՀՀ խորհրդարանում չվավերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանը կգնա վավերացման, սակայն սահմանի բացումը, որպես պայման, կշարունակի մնալ և կկապվի ղարաբաղյան խնդրի հետ։ Ա. Շահբազյանի կարծիքով գերտերությունների կողմից մեծ շահագրգռվածություն կա սահմանները բացելու հարցում, ինչը նշանակում է բացել նաև խողովակաշարերի ճանապարհը, և միայն հայ-թուրքական սահմանը բացելով՝ խնդիրը չի լուծվում. պետք է բացվի նաև Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանը։ -Ես գրեթե համոզված եմ, որ ղարաբաղյան գործընթացը շատ է արագանալու։ Հիմա է դանդաղեցվել, իբրև թե կողքի է դրված, բայց նման բան չկա։ Դժվար է ասել, թե ո՞ւր կհասնի գործընթացը մինչև տարեվերջ, բայց կարագացվի, և ինչպես որ պարտադրվեց այս արձանագրությունների ստորագրումը, կպարտադրվի նաև, որ շարունակեն այն, ինչ սկսել են։ Մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրումը հնարավոր եմ համարում, բայց հնարավոր եմ համարում նաև, որ մենք կարողանանք ձախողել դրա ստորագրումը։

No comments: