News.am. 20-10-2009- Իրավիճակը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ավելի ու ավելի լարված է դառնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Նրա խոսքով, ինտրիգը թաքնված է թուրքական խորհրդարանում կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումներում։
«Միամտություն կլինի կանխատեսել, որ արձանագրությունները կվավերացվեն խորհրդարան մտնելու հենց հաջորդ օրը։ Անկարան հետաքրքրված չէ դրանում։ Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի ձգձգի գործընթացը՝ գոնե մինչեւ մարտ կամ ապրիլ։ Ի դեպ, արձանագրությունների վավերացմամբ հետաքրքրված Վաշինգտոնը ջանում է ճնշում գործադրել Անկարայի վրա։ Եւ այժմ ինտրիգը նրանում է, թե կկարողանա՞ Վաշինգտոնը ճնշում գործադրել Անկարայի վրա, թե՞ Թուրքիան չի հրաժարվի իր դիրքերից»,- հայտարարել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ իր ունեցած տվյալներով Անկարան մտադիր չէ հանձնվել։
Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր այն չէ, ինչ այն ժամանակ էր, նա հիմա ամուր է կանգնած իր ոտքերի վրա։
"Այսօր Թուրքիային արդեն չես կարող գնել «ամերիկյան ժպիտով»։ Անկարան արդեն կարող է ասել Վաշինգտոնին. «Կներես եղբայր, բայց սա իմ երկիրն է, մենք մեր հետաքրքրությունները ունենք, այսօր մենք մոտիկ ենք Ռուսաստանին այնպես, ինչպես երբեք, այնպես որ…, որպեսզի հասնի իր ուզած արդյունքին, այս անգամ Վաշինգտոնին անհրաժեշտ կլինի փոխարենը ինչ որ բան խոստանալ…»,-իր գնահատականն է տվել փորձագետը։
Նշենք, որ , որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան կմտնեն հոկտեմբերի 21-ին։ Իսկ հոկտմբերի 29-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով պետք է կայանար Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը ԱՄՆ։ Օբաման այս մասին հեռախոսով անձամբ է զրուցել իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ, սակայն այցը անորոշ ժամկետով հետաձգվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ պատճառաբանությամբ, որ այդ ժամկետը համընկնում է Թուրքիայի հանրապետության օրվա հետ։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը այս ամենը կազմակերպել էր, որպեսզի ներգործի Անկարայի վրա՝ արձանագրությունների շուտափույթ վավերացման համար։ Անկարան, հետաձգելով ժամկետը, հասկացնել է տվել, որ մտադրված չէ հրաժարվել այդ հարցում իր դիրքորոշումներից։
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment