Tuesday, October 27, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի կապել Վրաստանի հետ

/PanARMENIAN.Net/ 26.10.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի Վրաստանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեշվիլին: Նրա խոսքով, այդ գործընթացը չի կարող բացասապես ազդել ոչ տարածաշրջանի, ոչ էլ Վրաստանի վրա, այլ ընդհակառակը. դրանից Հարավային Կովկասը միայն կշահի: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական իմաստով»,- հայտնել է Զաքարեշվիլին: Նա մեկնաբանել է նաեւ Վրաստանի տնտեսության նախկին նախարար Վլադիմիր Պապավի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կնպաստի թուրք-մսխեթացիների վերադարձին Ջավախքի տարածք, եւ որ դա կարող է խնդիրներ ստեղծել այն հայերի համար, որոնք այժմ այնտեղ բնակվում են: «Մեսխեթցի թուրքերի վերադարձը ոչ մի կերպ չի ազդի Վրաստանի շրջանների ցրա, այդ գործընթացը վաղուց արդեն սկսվել է, ու դեռեւս ոչ մեկը դրանից չի տուժել»,- նշել է Զաքարեշվիլին: Վրաստանի տնտեսության նախկին նախարար, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի գիտաշխատող Վլադիմիր Պապավան հայտնել է Trend News-ին, որ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման գործընթացն անհրաժեշտ է դիտարկել որպես տարածաշրջանային, քանի որ այն կարող է խնդիրներ առաջացնել վրացական Սամցխե-Ջավախեթի շրջանում: Նա նկատել է նաեւ, որ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումից հետո Վրաստանն այլեւս փաստարկ չի ունենա, որ մեսխեթցի թուրքերի վերադարձը նոր էթնիկական խնդիրներ կառաջացնի տարածաշրջանում, եւ որ Սամցխե-Ջավախեթիում բնակվող հայերը չեն ցանկանում եւ վախենում են թուրքերի վերադարձից:

No comments: