
Հայաստան-Թուրքիա արձանա-գրությունների հրապարակման օրից ի վեր իրանահայ կառույցների, միությունների, մամուլի եւ հաստատությունների կողմից տարբեր ձեռնարկներ են կազմակերպվել այդ առիթով, որոնցում, մեծավ մասամբ, տարբեր քաղաքական մտայնության տեր մարդիկ իրենց մտահոգությունն ու հակառակությունն են հայտնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունների բովանդակության առնչությամբ: Նույն առիթով իրանահայ երեք թեմերի առաջնորդները այցելել են ՀՀ դեսպանություն՝ իրենց եւ համայնքի անունից փոխանցելու մտահոգությունների մասին, իսկ միություններում հարցի վերաբերյալ կազմակերպվել են սեմինար-քննարկումներ եւ այլ ձեռնարկներ:
Ձեռնարկների շարանը որեւէ կառույցի մենաշնորհը չի եղել, այնպես որ հավաքներ են անցկացվել «Րաֆֆի», «Չհարմահալ», «ԻԱՄՄ», «Սիփան», «Սարդարապատ», «Արարատ» եւ այլ միություններում: Որոնցից անդրադառնում ենք երկուսին:
Սույն թվի սեպտեմբերի 23-ին, Իրանահայ ազգային եւ մշակութային միության (ԻԱՄՄ) կենտրոնատեղիում կայացավ «Օգոստոսի 31-ին նախաստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունների համայնքային քննարկում», որտեղ ներկա էին ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, թաղի ծխատեր քահանա Տ. Մեսրոպ քհն. Ռաթեւոսյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Սուրեն Գասպարյանը, ԹՀԹ Պատգամավորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, թեհրանահայ մամուլի եւ միությունների պատասխանատուներ:
Քննարկումն սկսվեց ԻԱՄՄ նախագահ Անդրանիկ Սիմոնյանի բացման խոսքով, եւ Արձանագրությունների ընթերցմամբ՝ տիկին Ժանետ Նազարյանի միջոցով: Այնուհետ հերթաբար ելույթով հանդես եկան «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը, ԻԱՄՄ-ի խոսնակ Արմավիր Մարգարյանը, «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, «Լույս» ամսագրի տնօրեն Ռուբիկ Սարդարյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր ճրտ. Վարդան Վարդանյանը, Հայ ճարտարագետների եւ ճարտարապետների միության նախագահ Աբրահամ Այվազյանը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ դոկտ. Հրաչ Խաչատրյանը:
Թերթիս խմբագիր՝ Մ. Քեշիշյանը իր ելույթի սկզբում շեշտեց, որ. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը շատ զգայուն հարց է, որի հանդեպ ճիշտ եւ ազդեցիկ կեցվածք որդեգրելը կարող է հզորացնել մեզ, հիմք ծառայել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ուժեղացմանը, հակառակ դեպքում՝ հայությանը տանել դեպի պառակտման: Ուստի այս հարցում, մրցակցային, որեւէ քաղաքական ուժի տեսակետը անտեսելու երեւույթը, (Հայաստանում լինի դա թե Սփյուռքում), կատարված իրողության առջեւ դնելու հանգամանքները, զգացմունքներով առաջնորդվելը եւ այլն, միայն ու միայն կարող են մեկ արդյունք ունենալ՝ պառակտում, ինչից վնասվելու են նախ եւ առաջ Արցախն ու Ջավախքը եւ ապա Սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը»:
Բանախոսը ողջունելով ՀՀ իշխանությունների, Հայաստանը շրջափակումից հանելու ձգտումը, հանուն դիվանագիտական ճկունությունների աշխատելը եւ մանեւրելու ձգտումը, հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետությունը ոչ կարող է առաջնորդվել զգացական հիմքերով, ոչ էլ իրավունք ունի սկզբունքային խախտումներ կատարել ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ անվան ներքո»:
Մ. Քեշիշյանը նշեց. «Պետք է գիտակցել, որ եթե Հայաստանի Հանրապետությունը այս հարաբերություններին հիմնականում նայում է տնտեսական դիտանկյունից, ընդհակառակը Թուրքիան բոլորովին այդ սկզբունքով չի նայում, ոչ Հայաստանի Հանրապետության եւ ոչ էլ նրա շուկային, ուստի պետք է լինել զգոն եւ ուշադիր, մանավանդ երբ սկզբի հիմքերն են դրվում, որովհետեւ եթե սխալ հիմքերով սկսվեն հարցերը, այդպես էլ կշարունակվեն, որի սրբագրելը բնականաբար շատ ավելի դժվար կլինի:
Սա այն հարցը չէ, որ կարելի է արագ քայլերով լուծումների հասնել: Մենք արդեն, նույնիսկ այսօր, նախաստորագրվածից զգում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ճնշման է ենթարկվել»:
Բանախոսն ասաց. «Այստեղ վասակներ փնտրելու խնդիր չունենք եւ ոչ էլ կամենում ենք պիտակավորել մարդկանց: Սակայն փաստը մնում է փաստ, որ հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման զոհասեղանի վրա դրված է հայ ժողովրդի անցյալն ու ապագան»:
Թերթիս խմբագիրը այնուհետ քննարկման նյութ դարձնելով ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 3-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ պարբերությունները, երեւան հանեց նրանց տողատակերում թաքնված թրքական նախապայմանները:
Նա կարեւոր համարեց շեշտել նաեւ, որ. «Այս հարցում նույնացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, նույնացնել Ամերիկայի եւ Թուրքիայի շահերը, նույնացնել Ամերիկայի եւ Եվրոպայի շահերը եւ մոտեցումները, կամ չգիտակցել օրինակ որքանով է Ադրբեջանը փորձում օգտագործել Իրան-Ամերիկա հակասությունները, մեզ կարող են տանել սխալ եզրակացությունների:
Չկարծենք, որ Թուրքիան իր ազդեցությունը, առավել եւս Ադրբեջանում, տարածելու համար չի փորձում, որ Ադրբեջանը շարունակաբար խնդիրներ ունենա... կամ Ադրբեջանը չի գիտակցում Թուրքիայի խաղը»:
Թերթիս խմբագիրը, որպես վերջաբան նշեց. «Դիվանագիտության խոր հասկացողությունը մեր անվտանգության եւ ապագա Հայաստանի խաղաղության բանալին է: Ուստի ՀՀ Իշխանություններին կոչ ենք անում հանուն ազգային միասնականության ու անվտանգ ապագայի հեռու մնալ անդառնալի քայլերից»:
Ապա բեմ հրավիրվեց Իրանահայ ազգային եւ մշակութային միության խոսնակ Արմավիր Մարգարյանը, որն ընթերցեց միության դիրքորոշումը օրվա առիթով, որտեղ ի միջի այլոց ասվում էր. «Բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը բարի նպատակներով է մոտենում հարեւաններին` երբ սահմանների բացման եւ հարաբերությունների ստեղծման մասին է խորհում: Դա իհարկե ՀՀ իշխանավորների բարոյական եւ քաղաքական իրավունքն է: Հատկապես Թուրքիայի հետ առանց նախապայմանների շփվելու կամքը, լիովին ընդունելի է եւ հարգելի:
Բայց ցավոք նախաստորագրված հայտարարությունը ոչ միայն թաքնված նախապայմաններ, այլեւ մի քանի ուղղությամբ լուրջ վտանգներ է պարունակում»:
Դիրքորոշման մեջ ասվում էր նաեւ. «Դժվար չէ նկատել, որ արձանագրության տարբեր կետերի տակ խնամքով զետեղված են այնպիսի նախապայմանների սաղմերը, որոնք բացվելուց հետո կարող են լուրջ խոչընդոտների վերածվել ակնկալվող հարաբերությունների ծավալման առաջ:
Իրանահայ ազգային եւ մշակութային միությունը միանալով հայ ժողովրդի միուս կառույցներին ու հասարակական կազմակերպություններին կոչ է անում Հայրենի պետական այրերին, վերջնական դժվարություններից խուսափելու եւ բարդություններից զերծ մնալու նպատակով ամբողջովին վնասազերծել համաձայնագրի բովանդակությունը եւ ձեւա-կերպումները ավելի հստակեցնել, այնպես որ ձեւավորվի իսկապես նախապայմաններ չպարտադրող արձանագրություններ ու վերջնական համաձայնագրեր:
Մեկ անգամ եւս ընդգծում ենք մեր համաձայնությունը Հայաստանի ղեկավարության առաջ քաշած, առանց նախապայմանների սկզբունքի նկատմամբ:
Մենք հավատացած ենք, որ այս կարգի տարաձայնությունները չեն կարող եւ չպետք է Հայրենիքի կամ Սփյուռքի հասարակական ուժերի համար հակադրվելու հիմքեր ստեղծեն»:
Այնուհետ հերթն հասավ «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանին: Վերջինս լրիվորեն երկրորդելով իրենից առաջ ելույթ ունեցողներին, խոսեց հարցի համազգային կարեւորության, մինչ այժմ այս առիթով համայնքում տեղի ունեցած ձեռնարկների եւ Հայ-թուրքական արձանագրությունների թարգմանության մեջ տեղ գտած սխալների մասին եւ ապա կոչ արեց անտարբեր չմնալ հարցի նկատմամբ եւ շարունակել այս ընթացքը ցանկալի արդյունքին հասնելու նպատակով:
4-րդ բանախոսն իր ելույթով զարմացրեց բոլորին: Այստեղ իրանահայ պատմության մեջ, առաջին անգամվա համար, գտնվեց մեկը, որ իրեն թույլ տվեց Հայոց Ցեղասպանությունը անվանել «1915-ի դեպքեր», իսկ Հայկական հողային պահաջատիրությունը՝ «երազանք»:
«Լույս» ամսագրի տնօրեն Ռուբիկ Սարդարյանը, նման մտքեր արտահայտելուց հետո, պաշտպանելի համարեց Հայ-թուրքական «հաշտության» գործընթացը եւ արժանացավ ներկաների սառը վերաբերմունքին, որ դրսեւորվեց դժգոհանքով, լռելյան՝ առանց ծափահարությունների:
Ռ. Սարդարյանի կարծիքով. «Աշխարհում ոչ մի ուժ չի կարող Թուրքիային ստիպի, որ փոխհատուցում անի կամ ճանաչի ցեղասպանությունը», որ «Հայաստանը չի կարող ծառայել մեր երազանքների համար որպես հիմնաքար, այնտեղ մարդիկ են ապրում եւ հույս են կապում ապագայի հետ» ու նաեւ, որ «Մեր միությունները կամ որոշ կուսակցություններ մտահոգված են իրենց ներքին խնդիրներով, մտահոգված են, որ եթե Թուրքիայի հետ հարցերը լուծվի, կզինաթափվեն եւ պետք է մտածեն, թե դրանից հետո ինչ հոգով պետք է դաստիարակեն իրենց անդամներին կամ համակիրներին»:
Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, Ռ. Սարդարյանն ասում է. «Եթե 20 երկիր 20 տարվա մեջ ճանաչել է, ասենք թե 50 տարի էլ պետք է պայքարենք, որպեսզի լավագույն դեպքում` 50 երկիր էլ ճանաչի, հետո ինչ»: Նրա կարծիքով «այս հարցերի լուծումը վերջիվերջո Թուրքիայի հետ պետք է գտնել ու թուրք ժողովրդին պետք է համոզել եւ այս հարաբերությունների գործընթացը կարող է նպաստել դրանց»:
Նա իր խոսքերի վերջում, առիթն հարմար գտնելով, Սրբզան Հորը «հորդորեց», Եկեղեցին հեռու պահել այս հարցերից՝ «չծառայեցնել, չասենք հակահայաստանյան, այլ` նման նախաձեռնության դեմ պրոպագանդայի դաշտ ստեղծելուն, ճիշտ չէ եկեղեցուն խառնել նման մի քաղաքական հարցի»:
Այնուհետ խոսք առան Իսլամական խորհրդարանում իրանահայության նախկին պատգամավորներ Վարդան Վարդանյանն ու Հրաչ Խաչատրյանը: Իսկ ընդմիջումից հետո, մտքերի փոխանակման ժամանակ, բանախոսներից բացի իրենց կարծիքները հայտնեցին նաեւ Ատրպատականի ՀԹ Պատգամավորական ժողովի ատենապետ դոկտ. պրոֆ. Մկրտիչ Թումանյանը, ԹՀԹ ՊԺ Մաջիդիե քաղաքամասի պատգամավորներ Աշոտ Սինանին եւ Ալբերտ Քոչարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության փոխնախագահ տկն. Աստղիկ Բաբայանը եւ ուրիշներ:
Ձեռնարկն ավարտվեց ԻԱՄՄ նախագահի ամփոփումով եւ Սրբազան Հոր փակման խոսքով:
Սրբազան Հայրը, իր ոխերիմ թշնամու հետ սկսած երկխոսության համար, Հայաստանի Հանրապետությանը քաջ պետություն անվանելով հանդերձ, շեշտեց. «Մենք կներենք Թուրքիային, եթե ինքը քաջություն ունենա եւ ընդունի իր պատմական սխալը: Երբ երկխոսության են նստում արդեն հարցերի կեսը ինքնաբերաբար լուծվում է, պայմանավ, սակայն, որ երկխոսող կողմերը միմյանց ճանաչեն եւ միմյանց ընդունեն»:
Թեմի Առաջնորդը հարց բարձրացրեց, թե. «Երբ կխոսվի սահմանների մասին, ես ինչպե՞ս ընդունիմ Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանը, երբ գիտեմ, որ սահմանից այն կողմ Անի կա, որ մեր պատմական մեծ մայրաքաղաքն է եղել, մեր գոյության խորհրդանիշն է եղել: Ինչպե՞ս ընդունիմ երբ Կարսը եւ Արդահանը կան, որ Արեւելյան Հայաստանի մաս էին կազմում, իսկ հիմա սահմանի մյուս կողմում են»: Սրբազանը նշելով, որ «Աշխարհը անարդար դատավոր է», ասաց. «Մենք չպիտի հուսահատվենք եւ այնքան պիտի թակենք դատավորի դուռը մինչեւ հասնենք մեր նպատակին»:
Նա հավելեց. «Փոքր ազգերը պիտի գիտակցեն իրենց իրավունքի եւ առաքելության մասին եւ կենդանի պահեն այն: Գիտակից պիտի լինեն իրենց պահանջատիրական պայքարին»:
«Ես ՀՀ նախագահին ասել եմ, որ մենք այսօրվա հայրենիքին կնայենք որպես մեկնակետը մեր ամբողջ հայրենիքի»,- ասաց Սրբազանը:
Վերոհիշյալ ձեռնարկի յուրահատկությունը նրանում էր, որ գրեթե իրանահայ բոլոր քաղաքական հասարակական կողմերը ներկա էին այնտեղ եւ տիրող մթնոլորտը հանդուրժողական էր:
Ձեռնարկից հետո, մենք կապ հաստատելով «Լույս» ամսագրի արտոնատեր եւ խմբագիր դոկտ. Էդիկ Բաղդասարյանի հետ, փորձեցինք պարզել նրա կարծիքը այս կապակցությամբ: Մեր հարցումին ի պատասխան Է. Բաղդասարյանը հստակեցրեց, որ «Ռուբիկ Սարդարյանը թերթի խմբագիրը չէ, այլ տնօրենը եւ նրա արծարծած մտքերը իր անձնական դիրքորոշումներն են եւ ոչ մի կապ չունեն «Լույս» ամսագրին»:
«Մենք դրական չենք համարում Հայ-թուրքական արձանագրությունները, այնպես, որ Լույս» ամսագրի դիրքորոշումը համահունչ է իրանահայության դիրքորոշման հետ»,- ասաց նա:
Սեմինար-քննարկում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում
Հոկտեմբերի 7-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում կայացավ «Սեմինար-քննարկում՝ նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արձանագրություններին», ուր որպես բանախոսներ հրավիրված էին համայնքիս տպագիր մամուլի խմբագիրները:
Ձեռնարկին իրենց ներկայությունն էին բերել ՀՀ դեսպանության ներկայացուցիչ պրն. Սուրեն Գասպարյանը, տարբեր մտածումի տեր մարդիկ եւ, իհարկե, նաեւ միութենականներ:
Սեմինար-քննարկումը վարում էր համալիրի նախագահ դոկտ. Ռայմոնդ Թորոսյանը: Նա որոշակի բացատրություն տալով Հայ-թուրքական արձանագրությունների եւ նրանց քննարկման կարեւորության մասին ասաց, որ. «Թեեւ «Րաֆֆի» համալիրը չունի քաղաքական հատուկ ուղղություն, սակայն անցուդարձերի կողքից անտարբեր անցնել չէր կարող, ուստի մտածեցինք նման մի ձեռնարկով, ինչ-որ չափ օգտակար լինել համազգային կարեւորություն ունեցող այս հարցի արծարծմանը»:
Նա տեղեկացրեց, որ միության կողմից հրավեր է հղվել հայ մամուլի բոլոր խմբագիրներին, սակայն «Յոյս»-ի խմբագիր պրն. Ռոբերթ Սաֆարյանը, թեեւ ներկա է այստեղ, սակայն հրաժարվեց ելույթ ունենալուց, իսկ «Լույս»-ի խմբագիրը բացակայում է երկրից:
Դոկտ. Ռ. Թորոսյանը այնուհետ խոսքը փոխանցեց «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանին, ով ինչպես եւ արդեն հրապարակվել է իր թերթում. «անդրադառնալով այս յոյժ կարեւոր հարցին նշեց, որ մինչ այսօր ջանում ենք համազգային տարբեր միջոցառումներով ՀՀ նախագահին յստակ հիմնաւորումներով առաջարկել՝ չստորագրելու արձանագրութիւնները, իսկ եթէ մօտ օրերս որպէս ճշտւած թւական՝ հոկտ. 10-ին ստորագրւի, ապա մեր յաջորդ քայլը պէտք է լինի Հայաստանի խորհրդարանում կանխելու փաստաթղթի վաւերացումը»:
Դ. Մելիքյանը խոսելով ՀՀ նախագահի համասփյուռքյան մեկշաբաթյա հանդիպումների մասին, դիտել տվեց, որ. «ՀՀ Նախագահի այս քայլը թէեւ խիստ նպատակասլաց էր իր ձեւի մեջ, բայց դա կարդիւնաւորւի այն դէպքում, երբ նա ի մի բերելով Սփիւռքի տեսակետները՝ հաշւի նստի դրանց հետ եւ այն օգտագործի որպէս հզօր լծակ՝ ընթացիկ բանակցութիւններում: Եւ միայն այդ դէպքում է, որ արդիւնքները շօշափելի կը լինեն»:
«Ալիք»-ի խմբագիրը խոսեց նաեւ հայ-թրքական հարաբերությունների վաղեմության մասին եւ փորձեց վստահեցնել որ իր կուսակցությունը, թեեւ մինչեւ վերջերս եղել է ՀՀ իշխանական կոալիցիայում, սակայն տեղյակ չի եղել այսօրյա ընթացքի մասին եւ այն պահից, երբ տեղեկացել է այդ մասին հեռացել է կոալիցիայից:
Դ. Մելիքյանը խոսք բացեց նաեւ ՀՀ վերջին նախագահական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների եւ հետընտրական դեպքերի, ի մասնավորի Մարտիմեկյան անցուդարձերի եւ սպանությունների մասին եւ շեշտեց, որ կայուն եւ օրինավոր իշխանությունը տեղիք չեր տա նման ճնշումների:
Այնու հետ ելույթով հանդես եկավ «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը: Նա շեշտելով, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը թեեւ արդեն շատ չարչրկված, սակայն զգայուն հարց է, որի հանդեպ անտարբերությունն ու սխալ մոտեցումը խաթարելու է մեր ազգային անվտանգությունը եւ պառակտման է տանելու հայությանը ամենուրեք, հարցականի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսօրն ու Հայաստան աշխարհի ապագան»,- հավելեց. «Հայ ժողովրդի դարավոր թշնամու հետ մեկ սեղանի շուրջ նստելը ՀՀ իշխանությունների կողմից ինքնին քաջություն է, պայմանավ, որ հստակ լինի թե ուր ենք գնում եւ ինչպես որ ՀՀ Նախագահն ու պետական մյուս այրերն են շեշտում, ընթացքը շարունակվի առանց նախապայմանների: Սակայն, դժբախտաբար, նախաստորագրված արձանագրությունները, ոչ միայն նման հավաստիացում չեն տալիս, այլ ընդհակառակը՝ փաստում են, որ թուրքերը կարողացել են պարտադրել իրենց նախապայմանները»:
Թերթիս խմբագիրը այնուհետ քննարկման նյութ դարձնելով արձանագրություններում տեղ գտած հայության ու Հայաստանի շահերին հակասող կետերն ասաց. «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության երրորդ պարբերությունում ասվում է.
«Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ, եւ բազմակողմ պարտավորությունները»,
Այսինքն համաձայնագրերը վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է,
- Չխառնվել Լեռնային Ղարաբաղի հարցերին, որովհետեւ դա Ադրբեջանի ներքին գործն է, եւ դրանով ՀՀ-ն անհարգելու է «այլ պետությունների», այս դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
- Հրաժարվել Հայոց Ցեղասպանության հետեւանքները իրավական ճանապարհով վերացնելուց, Հայոց բռնագրավյալ հողերը պահաջելուց, որովհետեւ պարտավորված է լինելու հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը.
- Իրավունք չի ունենալու բողոքել Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում հայկական պատմամշակութային ժանգության դեմ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ, ո-րովհետեւ դա նրանց ներքին գործն է:
Հինգեորդ պարբերությունում.
«Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»,
Այսպիսով Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն առաջին անգամվա համար գալիս է հաստատելու Ալեքսանդրապոլի եւ Կարսի ապօրինի պայմանգրերը: Այո դրանք եղել են ապօրինի, դրանցից եւ ոչ մեկը չի ստորագրվել միջազգայնորեն ճանաչված պետությունների կողմից: Հիշեցնեմ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրել է արդեն տապալված Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչը, իսկ երկրորդը նոր սովետական կարգերին միացված Խորհրդային Հայաստանը, որին որպես անկախ պետություն չէր ճանաչում աշխարհը: Թուրքիայի կողմից ստորագրողի վիճակն էլ նույնն էր, այդ ժամանակահատվածում Թուրքիան չուներ պաշտոնապես ճանաչված պետություն:
Ի միջի այլոց, այստեղ պիտի մատ դնել նաեւ մի կարեւոր կետի վրա. արձանագրությունների անգլերեն տարբերակում ասվում է «Հաստատելով» եւ ոչ թե «Վերահաստատելով», որի իմաստային տարբերությունը շատ պարզ է: Նաեւ անգլերենում խոսվում է «գոյություն ունեցող ներկա սահմանի» մասին եւ ոչ թե, ինչպես հայերեն տարբերակում է ասվում «գոյություն ունեցող ընդհանուր սահմանի»: Այս հարցի կարեւորությունը նրանում է, որ ինչպես իմացաք հիմքը անգլերեն տեքստն է, որով ինքնաբերաբար հաստատվում է Կարսի ոչ օրինավոր պայմանագրով ճշտված սահմանը:
Յոթեորդ պարբերությունում.
«Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»,
Պարզ է, որ ոչ բարիդրացիական են համարվելու. առաջին հերթին. Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ Ցեղասպանության հետեւանքները վերացնելուն Հայ ժողովրդի կողմից տարվող քաղաքականությունները:
Այստեղ կա նաեւ կարեւոր մի հարց, դա այսպես կոչված «իրողությունները» պարզելու համատեղ պատմաբանների ենթահանձնախումբն է: Այս հարցով, նախապես ասել եմ ու դարձյալ պիտի կրկնեմ, որ հայերը խնդիր չունեն իրենց փաստերը ներկայացնելու որեւէ մեկի, այդ շարքում նաեւ թուրքերին, քրդերին եւ այլոց: Այդ փաստերը արդեն հիմնականում հայկական չեն, այլ օտար ազգերի պատկանող արձանագրություններ: Իսկ ինչ վերաբերում է «իրողությունները» պարզելու համար միացյալ հանձնախումբ ստեղծելուն դա համարում ենք անիմաստ, որովհետեւ իրողությունն իրողություն է, ինչպես արեւի ներկայությունը երկնքում, այնպես որ իրողությունը պարզ է եւ հստակ: Իսկ թե ինչ են ասում այդ մասին թուրքերը, դա իրենց գործն է, մենք էլ մեր գործն ենք անում...
Ութերորդ պարբերությունում.
«Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում»,
Ակնհայտ է, որ այս կետը միայն վերաբերում է Հայ ազգային ազատագրական պայքարին, որի դեմ ցայժմ կռվել է Թուրքիան: Իսկ այսօր, Թուրքիայի հետ պետք է համագործակցի նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
Այս հարցում կա նաեւ մի ուրիշ լուրջ կետ, որի մասին Սփյուռքը եւ մանավանդ իրանահայությունը լավ գիտի: Մեծ զոհողությունների գնով Հայկական Հարցը պատմականից վերածվեց ՔԱՂԱՔԱԿԱՆԻ, արդեն ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ նույնիսկ իրենք` թուրքերն են սկսել խոսել, ընդունել այդ մասին: Իսկ հիմա մեր ձեռքով նորեն հետ են մղում մեր նվաճումը՞...
Փաստորեն ինչպես տեսանք, առկա արձանագրություններով ոչ միայն չի շահում Հայաստանի Հանրապետությունը, այլեւ նրան պարտադրվում է ընդունել Թուրքիայի նախապայմանները»:
Մ. Քեշիշյանը հավելեց. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տեքստում նշված են այնպիսի կոպիտ սխալներ, որոնց ճշտումը, ոչ միայն հայության շահերից են բխում, այլ նաեւ հասկանալի կարող են լինել միջազգային հանրության համար, որովհետեւ առաջարկվող ճշտումները միջազգային օրենքի սահմաններում են»:
Թերթիս խմբագիրը վերջում որպես բացատրություն ավելացրեց. «Հակառակ թրքական ստապատիր պնդումների ու նաեւ որոշ հայ այսպես կոչված քաղաքական գործիչների կրկնումներին, այլ պետությունների հետ հարաբերություններ ստեղծելու կամ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամակցելու համար փոխադարձ սահման չեն ճանաչում, այն ինչ որ շշուկով ասում, տարածում են, դա սուտ է, նման բան չկա: Դրա վառ ապացույցը հենց Թուրքիայի վիճակն է: Այն գրեթե իր բոլոր հարեւանների հետ սահմանային հարցեր ունի, կամ նրանք ունեն իր հետ, բայց դա չի խանգարում հարաբերություն ունենալուն եւ նույնիսկ զարգացնելուն: Ահա խնդրեմ Թուրքիան սահմանային հարցեր ունի Հունաստանի, Պուլգարիայի, Սիրիայի, Վրաստանի եւ Իրաքի հետ: Եվ 35 տարի է, որ իր գրավման տակ է պահում Կիպրոսի գրեթե կեսը, ու ի զարմանս որոշ միամիտների ասեմ, որ այս երկրները բոլորն էլ ՄԱԿ-ի անդամ են եւ Թուրքիայի հետ էլ ունեն հարաբերություններ»:
Նա ի դեպ նշեց նաեւ, «որ պետությունների ու կառավարությունների փոխադարձ ճանաչումն անգամ իր մեջ չունի սահմանները ճանաչելու իրավական հետեւանք: Ըստ միջազգային հանրային իրավունքի, ճանաչում նշանակում է միմիայն պետության կամ կառավարության ճանաչում»:
Խմբագիրների ելույթից հետո, դոկտ. Թորոսյանը դիմեց դահլիճին եւ ասաց, որ եթե որեւէ մեկը այլ կարծիք ունի՝ թեր կամ դեմ, կարող է արտահայտվել, իսկ թե ոչ կարող եք հարցեր ուղղել բանախոսներին:
Կարելի է ասել, որ այլ տեսակետների եւ հարցերի արծարծման բաժինը նաեւ բավական հետաքրքրական էր եւ որոշ աժշխուժություն տվեց Սեմինար-քննարկմանը: Այստեղ իր յուրահատուկ կարծիքը հայտնեց «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագիր Ռոբերթ Սաֆարյանը:
Նա շեշտելով, որ «Յոյս»-ի խմբագրությունը չունի միատարր կարծիք այս առնչությամբ եւ այն ինչ ինքն է արտահայտում, դա իր սեփական կարծիքն է, ասաց. «Այս հարցին ամեն մարդ կամ կողմ մոտենում է իր աշխարհահայացքով եւ բավական տարբեր մոտեցումներ կան արծարծված, բայց իմ կարծիքով ներկա ժամանակաշրջանում, երբ աշխարհն այսքան փոփոխությունների մեջ է, չի կարելի շարունակել անցյալի ընթացքը եւ անհրաժեշտ է շատ հարցեր ներկայի լույսի տակ վերաքննել, այնպես որ մենք այս հարցին պիտի մոտենանք ավելի լայն իմաստով»: Ապա նա հարցերով դիմեց բոլորին. «Արդյո՞ք մենք պետք է շարունակենք Հայ Դատը գործիք դարձնել այլոց ձեռքում՝ Թուրքիայի մուտքը Եվրոմիություն խանգարելու համար: Մեզ ո՞րն է ձեռնտու՝ զարգացած ու դեմոկրատական Թուրքիային հարեւան ունենալ, թե այն ինչ-որ հիմա կա»: Ռ. Սաֆարյանի կարծիքով Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու նրանց հետ առնչվող արձանագրությունների ճակատագիրը Հայ Դատով պայմանավորելու դեպքում պետք է ճշտենք նաեւ, որ. «Այսօր Հայ Դատ ասելով ի՞նչ ենք հասկանում եւ ինչ ենք պահանջում՝ Արեւմտյան Հայաստանի հողերը՞, թե ի՞նչ: Եվ ի վերջո մինչեւ ե՞րբ ենք ուզում սահմանները փակ պահել: Արդյո՞ք մեր արածը պայքար չէ խաղաղության դեմ»:
Թեեւ «Յոյս»-ի խմբագիրը չպարզեց, որ իր աշխարհահայցքով ինչպես է պատասխանում հարցերին, սակայն իր մտքերի ընդհանրությունը այն տպավորությունն էր ստեղծում, որ ինքը կողմ է արձանագրությունների ստորագրմանը:
Ռոբերթ Սաֆարյանի եւ այլոց հարցերին պատասխանեցին բանախոսներն ու ձեռնարկի վարողը: Իսկ որպես եզրափակիչ խոսք թերթիս խմբագիրը մեկ անգամ եւս հստակեցրեց, որ. «Մենք, ու երեւի նաեւ դուք, դեմ չենք դիվանագիտական հարաբերություններ ունենալուն: Եվ նույնիսկ որոշ լուրջ վերապահություններ ունենալով հանդերձ դեմ չենք նաեւ սահմանի բացմանն ու Հայաստանի ապաշրջափակմանը: Սակայն դեմ ենք այս բովանդակությամբ նախաստորագրված արձանագրություններին»:
No comments:
Post a Comment