A1+-30-9-2009- «Թուրք հասարակությունը դեռեւս 90-ականներին է ցանկացել երկխոսություն սկսել Հայաստանի հետ, սակայն չի իմացել թե քաղաքական առումով ինչ քայլերի դիմի»:
Այս մասին այսօր ասաց «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը, որը մասնակցում էր «Սիվիլիթաս» հիմնարդրամի Հայաստան-Թուրքիա երկխոսություն ծրագրի շրջանակում կազմակերպած «Վերադարձ ապագային» թեմայով քննարկմանը:
Յավուզ Բայդարը նախ ներկայացրեց թե ինչ հանգամանքներում է ծանոթացել հայկական հարցին, հետո ընդգծեց, որ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկկողմ շահերից եւ ժամանակն է գնալ բաց երկխոսության: Ըստ նրա, երբ բարձրացավ Թուրքիայի' ԵՄ անդամակցելու հարցը, թուրք հասարակությունը միայն այդ ժամանակ իր համար բացահայտեց իր պատմության մութ էջերը:
«Սա նման է, որ կանգնես եւ մարդուն ասես' թե իր մայրն անբարոյական է: Պատկերացրեք, թե նրա մոտ ինչ շոկ կառաջանա: Մոտավորապես նման վիճակում է ներկայում թուրք հասարակությունը, որին կարծում եմ' հարկավոր է, որ ժամանակ տալ երեւույթը ընկալելու համար»,-ասաց Յավուզ Բայդարը:
Քննարկման բանախոսներից էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը նախ ողջունեց նախաստորագրված արձանագրությունները, հետո նշեց, որ հարցը Թուրքիայում քաղաքական հարթակում է, Հայաստանում' հասարակական: Այնուհանդերձ բանախոսները մատնանաշեցին, որ երկու երկրների հասարակությունները լիովին տեղյակ չեն արձանագրությունների բուն էությանը: Քննարկմանը մասնակցում էին մի շարք քաղաքագետներ , ուսանողներ, որոնց հարցերն ու դիտարկումները ուղղված բանախոսներին բազմաբնույթ էին' սկսած ցեղասպանության հարցը իրավական ոլորտում քննարկելուց, մինչեւ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը վերանայելը:
Օսկանյանը զգուշացնում է
«Վերադարձ ապագային» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների համար մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա կրկին վերահաստատեց, իր բացասական դիրքորոշումը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ:
«Այս ձեւաչափով փոստաթուղթը թե ինձ համար, թե հայ ժողովրդի համար անընդունելի է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ հարցը քննարկվել է դեռեւս իր' արտգործնախարար եղած ժամանակ, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իր օրոք ընթանում էր հստակ քաղաքականություն, այն է' հարցը լուծել առանց նախապայմանների:
«Ոչինչ դուրս չեկավ, քանի որ Թուրքիան էր նախապայմանններ դրել: Իսկ հիմա այս փաստաթղթերում մենք տեսնում ենք հայերի համար շատ վտանգավոր կետեր»,-ասաց նա: Նախկին արտգործնախարարի խոսքով, արձանագրություններում կա երկու տեսանելի նախապայման' սահմանների ճանաչում, պատմական իրավունքների հրաժարում, եւ մեկ անտեսանելի ու վտանգավոր նախապայման' ԼՂ հիմնահարց. «Արեւմուտքը համարում է, որ հայ- թուրքական սահմանը բացելով' հայերին է լավություն անում եւ ակնկալում, որ հայերը լավություն անեն ԼՂ հարցում: Մեր հասարակությունը 70 տոկոսով դեմ է այդ փաստաթղթերին, էլ չեմ խոսում սփյուռքի մասին»,-ասաց Վարդան Օսկանյանը եւ ՀՀ իշխանություններին կոչ արեց միասնական լինել:
« Իհարկե, դեռ այդ միասնականության մեխանիզմը չկա, սակայն ինքս էլ պատրաստ եմ ակտիվ մասնակցել քննարկումներին»,-նշեց նա եւ առաջարկեց, որ երբ Սերժ Սարգսյանը վերադառնա շրջագայությունից 'հայտարարի, որ մեր հասարակությունը դեմ է ստորագրելուն: Ըստ Օսկանյանի, պետք է վերաբացել փաստաթղթերը եւ հանգիստ պայմաններում առանց ժամկետների քննարկել դրանք:
«Թուրքերը ստորացնում են հայերին»
Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը խիստ բացասական է ընկալել «Մոդուս վիվենդի կենտրոնի» ղեկավար թուրքագետ Արա ՊապյանիԱրա Պապյանը:
«Սա նման է բաց վերքի վրա աղ լցնելուն, քանի որ թուրքերը այս արձանագրություններով հասնում են ոչ միայն նրան' ինչին ուզում են, այլ ցույց են տալիս, որ հայերին ստորացնելով են հասնում դրան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Արձանագրությունները, Պապյանի խոսքով, ոչ թե լուծում են առկա խնդիրները այլ ավելի են բարդացնում են դրանք, քանի որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ շատ լուրջ խնդիրներ կան: «Փաստաթղթերից մեկը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց մեջը ամեն ինչ է ներառված'սահմանների վերահաստատում, բարիդրացիական հարաբերությունները խոչընդոտող քայլեր չձեռնարկում եւ այլն»,-նկատեց նախկին դեսպանը:
Իսկ Արձանագրությունների ստորագրումը, ըստ Արա Պապյանի, անօրինական քայլ է, որը ի վերջո կկոտրի հայ ժողովրդի ողնաշարը: «Իշխանությունները եւ մասնավորապես նախագահը հանդիսանում են տարածքային ամբողջականության երաշխավոր: Դե յուրե մենք ունենք տարածքներ, որոնք Հայաստանի տիրապետության տակ չեն: Ստացվում է' մենք հանձնում ենք դրանք անկախ նրանից, որ 70 տարի առաջ են գրավվել: Մինչդեռ ստորագրելով այդ փաստաթուղթը, Սարգսյանը խախտում է ՀՀ սահմանադրությունը եւ միջազգային իրավունքը»,-ասաց Արա Պապյանը: Իսկ դրա հետեւանքը, ըստ նրա կլինի այն, կհանձնվեն ԼՂ շրջակա 5 տարածքները, որը կբերի Ղարաբաղի հայաթափմանը եւ կորստին:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment