
Հայ-թուրքական հարաբերություններով շահագրգիռ բոլոր սուբյեկտների ուշադրությունը հառված է Թուրքիային: Հարցը, թե արդյոք այդ երկրի խորհրդարանը կվավերացնի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն, անկախ ղարաբաղյան կարգավորման գործերի վիճակից, դարձել է նման առանձնահատուկ ուշադրության պատճառը: Հարցն այն է, որ չնայած թուրքական քաղաքական էլիտայի տրամադրվածությանը` վավերացումը պայմանավորելու Ադրբեջանի շահերով, առաջատար տերությունները շարունակում են պնդել Թուրքիայի նման մոտեցման ապակառուցողականության մասին:
Միայն անցյալ շաբաթ այդ մասին արտահայտվեցին Թուրքիայում ԱՄՆ եւ Ռուսաստանի դեսպանները: Ընդ որում, Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին ընդգծել է, որ երկու գործընթացները` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, միմյանց կապելը սխալ է:
Ինչու է Ռուսաստանն այդքան շահագրգիռ հայ-թուրքական հարաբերության շուտափույթ կարգավորմամբ, չեն կարողանում հասկանալ նույնիսկ արեւմտյան երկրները: Առավել տարակուսանք է հարուցում Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների անհամատեղելիության վերաբերյալ ԱՄՆ եւ Ռուսաստանի համերաշխ դիրքորոշումը: Հաճախ նույնիսկ կարծիքներ են հնչում, թե ԱՄՆ եւ Ռուսաստանը կիսել են առաջնահերթությունները Հարավային Կովկասում, եւ եթե հայ-թուրքական հարաբերության կարգավորումը գտնվում է ԱՄՆ հովանու ներքո, ապա Ռուսաստանին առաջատար դեր է հատկացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ամեն դեպքում, այս երկրների հարաբերությունների «վերաբեռնման» առաջին արդյունքներն արդեն հասցրել են բավական հստակ արտահայտվել ռազմավարական զենքի ոլորտում: Ըստ այդմ, չի կարելի ժխտել տարածաշրջանային գործերում ԱՄՆ եւ Ռուսաստանի սկսված համագործակցության փաստը: Այնպես որ, Կովկասի շուրջ երկու ձեռքով խաղը թվում է առավել համոզիչ:
Այսպես թե այնպես, ոչ ոք չի թաքցնում, որ հայ-թուրքական հարաբերության եւ չկարգավորված Ղարաբաղի խնդրի միջազգային էությունը տարբեր են` ոչ ոք չի պատրաստվում դրանք շաղկապել նույն խնդրի մեջ: Իսկ այն, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը չի կապվում Ղարաբաղի հարցի հետ, վկայում է այն փաստը, որ Քիշնեւում հոկտեմբերի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նկատելի արդյունք չտվեց, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները հաջողությամբ ստորագրվեցին: Իր հերթին, հայ-թուրքական արձանագրությունների նախօրեին Մինսկի խումբը հրաժարվեց Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացնել Մադրիդի սկզբունքների նորացված տարբերակը, ինչն ինքնին պերճախոս է: Եւս մեկ անգամ բոլորին ցուցադրվեց, որ չարժե ուշադրությունը շեղել դեպի Ղարաբաղի հակամարտության գործերի վիճակը:
Վաղաժամ կլիներ սրանից եզրակացնել, թե Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերության հարցում ամերիկյան շահը փոխանակել է Ղարաբաղի հարցում իր միանձնյա դոմինանտության հետ: Ավելի շուտ, երկու տերությունները Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերության կարգավորման սխեմայի մեջ նկատել են ինչ որ ավելի կարեւոր իմաստ, քան լիազորությունները կիսելը: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի խնդիրը վաղուց իրենից ավելի շատ բան է ներկայացնում, քան պարզապես չկարգավորված հակամարտությունը: Համենայնդեպս դժվար է ժխտել, որ այս կամ այն մոտեցումը տվյալ կոնֆլիկտային իրավիճակին կարող է որոշել միջազգային շատ գործընթացների բնույթն ու ընթացքը: Մասնավորապես, նման վերաբերմունքով կարելի է մոդելավորել ռազմավարական դաշինքներն ու բաժանարար գծերը:
Անշուշտ, նման դատողությունները առկա են գերտերությունների դիրքորոշումներում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանդեպ այս կամ այն երկրների արձագանքի բնույթին հետեւող սուբյեկտները չեն կարող չնկատել կարգավորման առաջարկված սխեմայի առաջին արդյունքները: Դա առավել նկատելի է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների մասով: Այս ոլորտի խնդիրներում արդեն ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել՝ արդյոք դա Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ խաղն է, թե բանը հասնում է այս երկու երկրների միջեւ իրական կոնֆլիկտային հարաբերությունների ձեւավորմանը: Նույնը նկատելի է թուրք-իսրայելական հարաբերության մասով: Ինչ պատահեց Թուրքիայի դաշնակիցների հետ՝ առայժմ պարզ չէ: Փոխարենը, լիովին պարզ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում վակուումի չեզոքացումը որակապես կարեւոր քաղաքական տարր է, որ չի կարող տրանսֆորմացիաներ չառաջացնել տարածաշրջանի երկրների գոյություն ունեցող հարաբերությունների համակարգում:
Բուն Թուրքիայում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների ձեւավորման հետ տարածաշրջանում սկսում է քաղաքական սկզբունքորեն նոր կոնֆիգուրացիաների առաջացումը: Նման պայմաններում Թուրքիայի առջեւ կանգնած է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների նոր ձեւերի ընտրության խնդիրը: Այդ թվում՝ այն երկրների ընտրությունը, որոնք չեն կարող Թուրքիայի հետ լինել նոր կոնֆիգուրացիաներում: Իսրայելի եւ Ադրբեջանի մասին նույնպես չեն վարանում նշել որպես “կասկածելի դաշնակիցների”: Իսկ Հայաստանի եւ, ասենք, Սիրիայի մասին խոսվում է այլ տոնով:
Միամտություն կլիներ ենթադրել, թե բոլոր այս գաղափարական տրանսֆորմացիաների ու քաղաքական գործընթացների «մեղավորը» Թուրքիան է: Ոչ մի հաշվարկ Թուրքիային չէր մղի Ադրբեջանի հետ կշեռքի նույն նժարին դնելու Հայաստանին կամ Սիրիային: Նման բան հնարավոր է միայն այն դեպքում, երբ դաշնակիցներին նախկին մոտեցումները կորցնում են իրենց արժեքը: Այսինքն, այն ժամանակ, երբ միջազգային հարաբերություններում փոփոխությունները ստիպում են լուրջ ընտրություն կատարել սեփական ապագայի ավանդական պատկերացումների ու իրական հեռանկարների միջեւ: Վաղուց «տիրազուրկ» վիճակում գտնվող Թուրքիան արդեն չի կարող ապրել Միավորված Եվրոպա մտնելու եւ ՆԱՏՕ-ի ավանգարդի նախկին դերը վերականգնելու մասին երազներով: Առավել նպատակահարմար է համաձայնել այն բանին, ինչը չի վանում արեւմտյան դաշնակիցներին ու Ռուսաստանին: Համապատասխանաբար, ստիպված են համաձայնել նաեւ ժամանակի ոչ այնքան հաճելի հրամայականներին, առաջին հերթին՝ «ընկերների» ցուցակը վերանայելու պահանջներին:
Ինչու այդպես ստացվեց՝ ոչ ոք չի կարող միանշանակ բացատրել: Սակայն դրանից ոչ ոքի համար հեշտ չի դառնում: Ադրբեջանը սարսափելի երազում էլ չէր տեսնի, որ կարող է գալ մի պահ, որ իր ողջ քաղաքականությունը կխափանվի անսպասելի առաջացած նոր պայմաններից: Ի սկզբանե իր քաղաքականության մեջ հենվելով Թուրքիայի միանշանակ աջակցությանը, Ադրբեջանը ներկայում ավելի ու ավելի է համոզվում, որ կանգնած է տապալման սպառնալիքի առջեւ: Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի փոփոխությունն ընդունակ է խափանել վերջին տարիներին Հայաստանի համընդհանուր մեկուսացման քաղաքականությունը, չխոսելով արդեն վերջինիս հանդեպ ռազմական շանտաժի քաղաքականությունը: Միամտություն կլիներ ենթադրել, որ առանց Թուրքիայի աջակցության կարելի է իրականացնել Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու ծրագիրը: Եթե դրան էլ ավելացնենք ղարաբաղյան խնդրի հանդեպ տերությունների անհասկանալի դիրքորոշումը, ապա Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան “հետ շրջել պատմությունը”:
Ըստ տրամաբանության, Ադրբեջանը նույնպես կարող էր հետեւել Թուրքիայի օրինակին եւ արմատապես վերանայել իր արտաքին քաղաքական կողմնորոշումների էֆեկտիվությունը: Սակայն առայժմ վկան ենք այն բանի, որ Ադրբեջանն իր բոլոր ջանքերն ուղղել է հայ-թուրքական մերձեցումը խափանելուն: Երեւում է, նոր պայմաններում Ադրբեջանը չի տեսնում որեւէ բարենպաստ ռեսուրս եւ միտումներ: Հնարավոր է նաեւ, որ Ադրբեջանի պետական մեքենան ի վիճակի չէ ինքնուրույն որոշումների: Թուրքիայի երկարատեւ հովանավորությունը չէր կարող խոչընդոտ չլինել նրա ինքնուրույն ընդունակությունների զարգացման համար:
Այսպես թե այնպես, Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական նոր իրավիճակի պարամետրերը կորոշվեն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի որոշման արդյունքներով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմաններում կվավերացվեն արձանագրությունները թուրքական խորհրդարանում: Եթե Թուրքիան վավերացնի առանց Ղարաբաղի հարցի, ապա հարաբերություններն Ադրբեջանի հետ նոր ձեւեր կստանան: Ադրբեջանը ստիպված կլինի որոնել համագործակցության նոր ձեւեր: Կարող են կյանքի կոչվել սեփական էներգետիկ սպառնալիքները, եւ գլխավորապես կարող է նոր բովանդակություն ստանալ ադրբեջանա-ռուսական համագործակցությունը:
Այս ամենն, իհարկե, կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրավիճակին: Այստեղ արդեն կարելի կլինի խոսել այն մասին, որ Ռուսաստանը լուրջ հաղթաթղթեր կստանա: Ռուսաստանը չի կարող բաց թողնել Ադրբեջանը սեփական շահերի ոլորտ ներգրավելու ամուր մեխանիզմներ ստեղծելու հնարավորությունը: Նման այլ հնարավորություն չի լինի: Համապատասխանաբար, Ռուսաստանը ստիպված կլինի մտածել եւ իրականացնել Ղարաբաղի վերաբերյալ այնպիսի կոնստրուկցիա, որն ի վիճակի լինի կապված պահել Ադրբեջանը սեփական կամքին: Ըստ ամենայնի, դա կլինի “Արեւմուտքի դավադրության” հետեւանքով Լեռնային Ղարաբաղը վերջնականապես կորցնելուց Ադրբեջանին “փրկելու” կոնստրուկցիա: Ռուսաստանը միշտ էլ լայն երեւակայություն է ունեցել:
Իրավիճակը տարածաշրջանում, անշուշտ, կլինի լիովին այլ, եթե Թուրքիան գնա այլ ճանապարհով՝ արձանագրությունները վավերացնի ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու պայմանով: Այդժամ կարելի կլինի պնդել, որ Ռուսաստանը որոշել է տարածաշրջանում բավարարվել քչով եւ սեփական շահերի ծանրության կենտրոնը տեղափոխել այլ գոտիներ: Այսու նկատելի է, որ Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է նման արդյունքի հասնելու համար: Ռուսաստանին առաջարկվում է համագործակցություն Սեւ ծովում: Թերեւս, հույս է պահվում, թե վերջինս կխնայի Ադրբեջանին: Դա կարվի այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան դեմ չառնի արեւմտյան գործընկերների դիմադրությանը: Իսկ որ Արեւմուտքում չեն կարող աչք փակել Թուրքիայի ու Ռուսաստանի նման համագործակցության վրա, նկատելի է բացահայտ:
Որքան ավելի բարձր է Թուրքիան խոսում Ղարաբաղի հակամարտության մասին, այնքան ավելի արագ է նրա գլխավերեւում ճոճվում Դամոլկլյան սուրը՝ Ցեղասպանության հարցը: Ոչ ոք չի կարող այդպես հեշտ Ղարաբաղի խնդիրը հանձնել Ռուսաստանի ու Թուրքիայի տնօրինմանը: Չափազանց արժեքավոր է հարավային Կովկասը, որպեսզի թույլ տան այստեղ տերուտնօրինություն անել նրա երկու հարեւաններին: Այստեղից էլ Թուրքիային ուղղված մշտական զգուշացումները՝ “գործել” առաջարկված պայմանների շրջանակներում: Եւ ոչ միայն խոսքով: Արդեն ԱՄՆ Սենատ է ներկայացվել հայերի Ցեղասպանության մասին նոր բանաձեւ, 7 նոր կոնգրեսականներ հայտարարել են իրենց աջակցության մասին: Եւ նույնիսկ Թել Ավիվն է սկսել ավելի հաճախ դիմել Ցեղասպանության հարցին: Հետո էլի ինչ որ բան կմտածեն:
Ճիշտ է, տերությունների հետեւողականության վրա առանձնապես պետք չէ հույս դնել: Այդ պատճառով էլ ուրախալի է, որ ժամանակի պահանջներից հետ չի մնում նաեւ Հայաստանը: Այստեղ ինչ որ կերպ հասկացել են (ճիշտ է, առայժմ ոչ ամբողջը), որ ժամանակը չէ ճոճել “Աղդամը մեր հայրենիքը չէ” կարգախոսը: Իշխանությունն ավելի հաճախ է սկսել խոսել այն մասին, որ Ադրբեջանի անզիջում կեցվածքը խանգարում է հակամարտության լուծմանը, որ “Ալիեւը մոռացել է ում հետ եւ երբ է քննարկել տարածքների հարցը” եւ այլն: Երեւում է, ուշացած հասկացել են, որ կանխավ զիջումներով չէ, որ կարելի է հաջողության հասնել քաղաքականության մեջ: Բավական է եւ այն, ինչ նվիրել են թուրքերին արձանագրություններում՝ պետք է գոնե սպասել վավերացմանը, հետեւելու համար աշխարհին:
Թող Թուրքիան ներկայում մտածի իր ապագայի մասին: Հայաստանն էլ ավելի լավ է մտածի այն ժամանակի մասին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, առանց Ղարաբաղի հարցի, եւ բացի երկաթուղին: Խնդիրները չեն պակասի: Ահա արդեն International Crisis Group անխոնջ տնօրեն Սաբինա Ֆրեզերն ակնարկում է, թե տարածքների վերահսկողությունը Հայաստանը պատճառաբանում է իր մեկուսացմամբ եւ պաշտպանվելու անհրաժեշտությամբ, եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո այս պատճառաբանությունն այլեւս անհիմն կլինի: Հայերը ելք կունենան աշխարհ, եւ այլեւս չեն խոսի տարածքների վերահսկողության անհրաժեշտության մասին՝ որպես անվտանգության երաշխիք:
Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի չճանաչվածությունն արդարացնելու համար միշտ պատճառ կգտնեն: Համենայնդեպս, Լեռնային Ղարաբաղից դեռ երկար ժամանակ ձեռք չեն քաշի:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ փորձագետ
No comments:
Post a Comment