Monday, October 26, 2009

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը կոչ է անում սկսել հայ-թուրքական մշակութային շփումները…մոռանալով անցյա՞լը

News.am. 26-10-2009- Անիի ավերակները վերականգնելու նպատակով կհանդիպեն հայ եւ թուրք մասնագետները: Ինչպես նաեւ աշխատանքներ են ընթանում հայ-թուրքական համատեղ երաժշտական նախագիծ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը Star-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի հետ մշակութային ոլորտում համագործակցության համար աշխատանքներ են ընթանում: «Այս շրջանակում առաջին քայլը կլինի երկու երկրների մասնագետների համատեղ աշխատանքով թուրք-հայկական սահմանին գտնվող Անիի վերականգնումը: Այս ուղղությամբ շատ մոտ ապագայում կոնկրետ քայլեր կարվեն: Առաջարկություններ են եկել, որ իրականացվեն երկու երկրների համատեղ երաժշտական միջոցառումներ: Թուրք եւ հայ երաժիշտները Թուրքիայում, Հայաստանում կամ Եվրոպայում կարող են համատեղ նախագծեր իրականացնել: Մեր թուրքական երաժշտության մեջ շատ խոշոր կատարողներ արմատներով հայ են: Մեր հայ քաղաքացիները շատ կարեւոր տեղ են զբաղեցնում մեր մշակույթի, ճարտարապետության, երաժշտության, արվեստի ճյուղերում: Նրանք շատ թանկարժեք արվեստագետներ են: Առանց նրանց հնարավոր չէ մտածել մեր երաժշտության կամ ճարտարապետության մասին: Այն պատերազմի եւ լարվածության տարիներին փոխադարձ ողբերգություններ են տեղի ունեցել: Ըստ ինձ` ոչ թե այդ ողբերգությունները` այլ նախկին համատեղ մշակույթը հաշվի առնելով պետք է առաջ շարժվել»,-ասել է Էրթուղրուլ Գյունայը: Իսկ մոտ ժամանակ մտադի՞ր է արդյոք նախարարը մեկնել Հայաստան` պատասխանեց. «Հարմար առիթի դեպքում՝ ինչու ոչ: Ամեն դեպքում նման գործերը մշակույթի միջոցով են սկսվում: Բարեկամության կամուրջները նախ մշակույթի միջոցով են գցվում: Նման զարգացում եթե լինի`ամբողջ Կովկասը օգուտ կստանա դրանից»: Ըստ Գյունայի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Կովկասին մեծ աջակցություն կլինի, իսկ զբոսաշրջությունն էլ Էգեյանի ափերից կձգվի մինչեւ Կասպիցի ափերը: Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայկական Սփյուռքի հետ կապված նշեց, որ գտնվելով հեռվում՝ դժվար է հասկանալ տարածաշրջանի հոգսերը:

No comments: