
News.am. 26-10-2009- Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը վերջերս ԱՄՆ Սենատի քննարկմանը ներկայացված Հայոց Ցեղասպանության ճամաչման մասին բանաձեւն անվանել է «իրադարձությունների ողբալի զարգացում»,- հաղորդում է թուրքական «Զամանը»։
«Չափազանց մեծ սխալ է Սենատ նման բանաձեւ ներկայացնելն անմիջապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները։ Հուսով եմ , որ այդ գործընթացը զարգացում չի ունենա»,- հայտարարել է Սենսոյը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հարցին։
Երբ դեսպանին հիշեցրել են այդ խնդրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման մասին, դիվանագետն ասել է. «մենք հույս ունեինք, որ Օբաման, ինչպես եւ նրա նախորդները, ապրիլի 24-ի իր ելույթում չի օգտագործի ցեղասպանություն բառը։ Դա այդպես էլ եղավ։ Չեմ կարծում, որ Օբաման այդ հակասական բառը օգտագործի ապագայում, առավել եւս, որ Թուրքիան ու Հայաստանն այդ հարցում համագործակցության համաձայնություն են ձեռք բերել»։
Սենսոյը ստիպված էր պատասխանել նաեւ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների մասին հարցին. «Մենք այն կարծիքին ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր ուղղությամբ շատ կարեւոր է, ինչին կնպաստեն ստորագրված արձանագրությունները, կբացվեն սահմանները եւ կմեկնարկեն դիվանագիտական հարաբերությունները։ Մենք համոզված ենք, որ իրադարձությունների նման զարգացումը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի համար, այլեւ կնպաստի խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում։ Այդ առումով մենք հույս ունենք, որ դա բացասաբար չի ազդի „մեկ ազգի ու երկու պետության“ վրա։ Թուրքիան երբեք չի դիմի որեւէ նախաձեռնությունների՝ ի վնաս ադրբեջանցի իր եղբայրների ու քույրերի։ Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց շահերն առաջնահերթ են մեզ համար»։
No comments:
Post a Comment