Thursday, October 22, 2009

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՅ ԳՐՔԵՐ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

«ԱԶԳ», 22-10-2009- Այսօր Գերմանիայում ապրում է 40.000 հայ, որոնց 85 տոկոսն այնտեղ է հայտնվել Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մինչդեռ Բեռլինում բնակվող թուրքերի թիվը հասնում է 300.000-ի, իսկ Գերմանիայի ողջ տարածքում գերազանցում 3 միլիոնը: Freie Universitat Berlin-ի դասախոս, հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանը նկատում է, որ վերջին շրջանում Գերմանիայում կտրուկ ավելացել է նաեւ ադրբեջանցիների թիվը` հասնելով 120.000-ի: Քոչարյանի խոսքերով, ի տարբերություն հայ համայնքի, թուրքականն ու ադրբեջանականն ավելի կազմակերպված են: «Ադրբեջանցիները բավական ակտիվ են, 4 կազմակերպություն ունեն, որոնք հովանավորում է պաշտոնական Բաքուն: Այդ կազմակերպությունները հակահայկական գրքեր եւ հոդվածներ են հրատարակում, որտեղ Հայաստանը ներկայացված է «ագրեսոր»: Այդ աշխատությունները լույս են տեսնում երեք լեզվով` հայերեն, ադրբեջաներեն ու գերմաներեն: Հայագետն առաջարկում է արձագանքել ու պատմական իրականությունը փաստող գրքեր հրատարակել: «Եթե ուսանողները ցանկանան տեղեկանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, միակ հասանելի գիրքը կլինի ադրբեջանականը: Նրանց ձեռքի տակ կհայտնվի պատմության ադրբեջանական մեկնաբանությունը, իսկ Հայաստանը պետք է իր դիրքորոշումը ներկայացնի», ասաց Քոչարյանը: Ի թիվս բազմաթիվ խնդիրներիՙ հայագետին մտահոգում են Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնի փակման խոսակցությունները: Այս մասին բարձրաձայնվում է արդեն երկու տարի: Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավարը փաստում է, որ տեղեկացրել է ԱԳՆ-ին, սփյուռքի նախարարությանը, Ամենայն հայոց կաթողիկոսին, բայց արձագանք չկա: «Հրանուշ Հակոբյանը ուշադիր լսեց, ինչ-որ թղթեր վերցրեց ու ոչինչ չասաց: Հետո, մի երկու տարի հետո կասեն` Ժիրա՛յր, ո՞ւր էիր, ինչո՞ւ մեզ չէիր զգուշացնում: Ամբիոնի լուծարումը իր հետ կբերի բազմաթիվ վտանգներ, կցրվի ամբիոնի արժեքավոր գրականությունը: Ամբիոնի լուծարումը նաեւ քաղաքական վտանգներ է պարունակում: Հայագիտության ամբիոնի թափուր մնալուց հետո անմիջապես բացը կլրացնի Գերմանիայի ադրբեջանական համայնքը, որը Բեռլինի համալսարան ներխուժելու փորձեր է անում»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններինՙ Քոչարյանը ողջ գերմանահայ համայնքի անունից դեմ արտահայտվեց արձանագրությունների վավերացմանը: Նա նկատում է, որ Գերմանիայում ոչ միայն հայերն են դեմ արձանագրությունների վավերացմանը, այլեւ գերմանական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներով: Քոչարյանը մատնանշեց դոկտոր Հոֆմանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբակը, Բոխումի ցեղասպանության ճանաչման ինստիտուտը: «Երբ Գերմանիայում դիմեցինք ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, պատասխան եկավ, թե քանի որ հայերն ու թուրքերն իրար հետ բանակցում են, մենք առայժմ ձեռնպահ ենք: Քանի երկիր կա, որ պատրաստ է ճանաչելու, հետ կկանգնի իր որոշումից», ասաց հայագետըՙ փաստելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում արդեն կան արգելքներ: Քոչարյանը փաստում է, որ գերմանական մամուլում եւ գերմանացիների շրջանում արձանագրությունների հրապարակումից եւ ստորագրումից հետո ընդհանուր հեգնական տոն կա, որ հայերն այնքան էլ հետաքրքրված չեն ցեղասպանության ճանաչմամբ, շատերն այն ներկայացնում են առեւտրի խնդիր: Հայագետի խոսքերով` հայկական կողմն այնպես է ներկայացնում սահմանի կարեւորությունը, որ մարդ վիրավորվում է: «Առեւտուր կլինի, հայերը կհարստանան, լավ կապրեն... Ճիշտ` կարծես մեր լուսաշող ապագան անցնում է Թուրքիայով, ու մենք դրան էինք սպասում: Բոլորի տպավորությունն է, թե Հայաստանը դժբախտ է, աղքատ, մեռնում է, եւ մեր միակ փրկությունը թուրքական սահմանն է: Ո՞վ ասաց: Նախքան այս բոլորըՙ Հայաստանը ներքին խնդիրներ ունի լուծելու»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: