Wednesday, October 21, 2009

Կոնգրեսը չի խառնվում հայ–թուրքական գործընթացին, որովհետև Տեր-Պետրոսյանը համաձայն է Սարգսյանի հետ. Ալավերդյան

Tert.am. 20-10-2009- Հայ Ազգային Կոնգրեսը չի խառնվում հայ-թուրքական հարաբերություններին, որովհետև այս գործընթացը համընկնում է այն քաղաքականության հետ, որը որդեգրվել էր ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Նման հայտարարությամբ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Ես մինչ օրս ընկալում եմ, որ այդ գաղափարախոսությունը չի բերելու և չի բերում իրենց կողմից ակնկալվող դրական արդյունքների երկրի համար»,- նշել է նա: Ալավերդյանը հայտարարել է, որ ՀՀՇ-ի ժամանակ նույնպես արծարծվում էր այն թեզը, որ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի հարևանների հետ: «Հասկանալի է, որ բոլորս կողմ ենք դրան: Բայց այդ թեզից դուրս է մնում` թե ինչ գնով»: Պատգամավորը հիշեցրել է տվյալ քաղաքական ուժի` «90-ական թվականներից չփոփոխվող» այն կարծիքը, թե Հայաստանի Հանրապետությունը դժվար վիճակների մեջ է հայտնվել Ղարաբաղի պատճառով: Բացի այդ, նա նշել է, որ ինքը չի կիսում այս տեսակետը, քանի որ Ղարաբաղի հարցի շնորհիվ Հայաստանն արդեն 20 տարի է, ինչ գտնվում է քաղաքական բեմահարթակներում: Այսպիսով, պատգամավորի խոսքերով, Ղարաբաղյան հարցի վերաբերյալ քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության երեք նախագահների օրոք չի փոխվել:

No comments: