Saturday, October 31, 2009

Արդյո՞ք Թուրքիան կկարողանա առանց զոհերի դուրս գալ «քաղաքական եռանկյունուց»

/PanARMENIAN.Net/ 30.10.2009 - Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընկալվում է հետեւյալ կերպ. հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը, սակայն եթե սահմանը չբացվի, ԱՄՆ կոնգրեսը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կընդունի: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է ելք գտնել այդ «եռանկյունուց», բայց այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չվնասի Ադրբեջանի հետ նրա հարաբերություններին: Ընդ որում, հայ թուրքագետը նշել է, որ թե թուրքական, եւ թե ադրբեջանական կողմի վերջին քայլերը ցույց տվեցին այդ երկրների փոխկախվածությունը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անդրադառնում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտում»,- նշել է Սաֆրաստյանը: Հայ թուրքագետը մեկնաբանել է նաեւ թուրքական սփյուռքի արձագանքը հայ-թուրքական Արձանագրություններին` նշելով, որ այն դրական էր: «Ի տարբերություն մեր Սփյուռքի, թուրքականն իր երկրի կառավարության ազդեցության տակ է գտնվում»,- նկատել է Սաֆրաստյանը: Ընդ որում, հայ թուրքագետը նշել է, որ թուրքական ընդդիմության արձագանքն ի տարբերություն սփյուռքի բացասական էր, եւ որ դրա պատճառն Ադրբեջանն է:

No comments: