Պատճառը Հայաստան-Թուրքիա արձանագրություններով պայմանավորված կամակորությունն է «ԱԶԳ», 22-10-2009- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը էապես փոխում է ուժերի առկա հավասարակշռությունը Հարավային Կովկասում, անմիջականորեն անդրադառնում է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի ու Եվրոմիության անհաշտ մրցապայքարի ընթացքին, միջազգային այս ուժերի հարավկովկասյան քաղաքականությանը, ինչպես նաեւ վերջինների հետ պաշտոնական Երեւանի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա, թերեւս դրանով էլ ձեռք է բերում տարածաշրջանային նշանակություն:
Այդ ընթացքում Վրաստանը, կորցնելով իր նախկին նշանակությունը Հարավային Կովկասում հանուն գերազդեցության միմյանց հետ պայքարող միջազգային ուժերի համար, կանգնում է Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը վերանայելու հարկադրանքի տակ, ակամա փոխվում են նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը կանխորոշող առաջնահերթությունները:
Ակնհայտ է, որ առաջնահերթությունների փոփոխությամբ զգալի սահմանափակվում են Թուրքիայի անվերապահ աջակցության վրա հենվելով Հայաստանին մշտապես սպառնալու Բաքվի, իսկ ադրբեջանական սպառնալիքը որպես ազդեցության հավելյալ լծակ Հայաստանի դեմ օգտագործելու Անկարայի հնարավորությունները:
Ըստ երեւույթին հնարավորությունների սահմանափակվածությունը հավասարակշռությունից հանել է Ադրբեջանին, որ «մեծ եղբոր» դեմ սանձարձակությունների է դիմում, մոռանալով քաղաքականության հետ կամակորությունների անհամատեղելիության մասին:
Կամակորությունների պարագայում խոսքն առաջին հերթին հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարին արտգործնախարարություն հրավիրելու, եւ նրա միջոցով Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշն «անարգելու» առնչությամբ, նոտայով Անկարային պաշտոնապես զգուշացնելու Բաքվի գործելակերպի մասին է:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 14-ին Բուրսայում անցկացված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահը, արգելվել է ադրբեջանական դրոշի մուտքը մարզադաշտ: Հաջորդ օրը, բացի Թուրքիայի հավատարմատարին արտգործնախարարություն հրավիրելուց, Բաքվի Շեհիդների պուրակից հանվել էին թուրքական բոլոր դրոշները: Նույնը կատարվել էր նաեւ Բաքվում գործող թուրքական ընկերությունների շենքերի առջեւ բարձրացված դրոշների հետ:
Շեհիդների պուրակից թուրքական դրոշները հանելուն, ի դեպ, սյուներն էլ հետն էին հանվել, «Բուգյուն» թերթը հոկտեմբերի 20-ի համարում արձագանքել էր «Գոնե գերեզմաններն էլ քանդեին» վերնագրով եւ նշել, որ այդ պուրակում են թաղված հայ ժողովրդի դահիճներից Էնվերի հորեղբայր Նուրի փաշայի զինվորները, որոնք «իրենց կյանքը զոհաբերել են հանուն Ադրբեջանի անկախության»:
Թուրքական այս թերթը հարցադրում էր արել. «Եթե Թուրքիան հանկարծ որոշի հակադարձել Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները կկարողանա՞ն դուրս գալ այս բեռի տակից», ապա եւ պատասխանել. «Դուք կարող եք սանձարձակություն անել թուրքական կառավարության, երկրի նախագահի դեմ, սակայն չեք կարող անարգել մեր դրոշը: Ադրբեջանի պատասխանատուներն ասում են, որ դրոշները պուրակից հանվել են վերականգնման աշխատանքների պատճառով, սակայն թող չմտածեն, թե այս կեղծիքը կուլ ենք տալիս: Դառնալով զգացմունքների գերին, մեր դրոշը նահատակների պուրակից հանող ազերի եղբայրներին դժվար է ներելը: Մինչդեռ մենք դրոշի նկատմամբ հարգանք էինք սովորեցրել նրանց»:
Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, պուրակից թուրքական դրոշի հանումն Ադրբեջանի ղեկավարները բացատրել են երկրում գործող «Դրոշի մասին» օրենքով: Սակայն երեկ դրան հետեւել է նույն պուրակում տեղակայված կրոնական ծառայությունների թուրքական գերատեսչության դրոշի հանումը: Թուրքիան այս արարքին արձագանքել է նոտայով, որի ստացման մասին նույն օրը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Հատկանշական է, որ դեռեւս ապրիլին Հայաստան-Շվեյցարիա-Թուրքիա համատեղ հայտարարության տարածումից հետո որպես հակազդեցության դրսեւորում վերանորոգման պատրվակով ադրբեջանական իշխանությունները փակել էին Շեհիդների այդ նույն պուրակում գործող Թուրքիայի կրոնական գործերի գերատեսչության կառուցած մզկիթը, որն առ այսօր փակ է:
Թուրքիայի հետ Ադրբեջանի հակասությունները, ինչ խոսք, հայ-թուրքական արձանագրություններով չեն սահմանափակվում: Օրինակ, մինչ Թուրքիան մերձենում էր Սիրիային եւ բարելավում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, Ադրբեջանը հետեւողականորեն պատրաստակամություն էր հայտնում միանալու ԱՄՆ-ի գլխավորած հակաիրանական կոալիցիային, իսկ Սիրիայի հարցում նա կողմնորոշվում էրՙ հիմք ընդունելով Վաշինգտոնի վերաբերմունքը:
Ավելինՙ երբ Թուրքիան սրում է հարաբերություններն Իսրայելի հետ, ապա Ադրբեջանը սատարում է վերջինին եւ ամեն կերպ զերծ է մնում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հետ հարաբերությունների հաստատումից, կտրականապես մերժելով «մեծ եղբոր» համառ պահանջները:
Այլ կերպ, թուրք-ադրբեջանական տարաձայնությունները նորություն չէին երկու երկրների հարաբերություններում: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները հակասությունների բնույթ հաղորդեցին դրանց, եւ ինչպես հոկտեմբերի 20-ի համարում գրել է «Հյուրիեթը», պատճառ են դառնում, որ ճեղքվածք տա «մեկ ազգի երկու պետություն» հասկացությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment