«Լրագիր» 30-10-2009- Վարչապետ Տիգրան Սարգսյանը դատախազությանն ու Կենտրոնական բանկին հորդորել է արձագանքել Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, որ Հայաստանում շատ բարձրաստիճան չինովնիկներ զբաղված են փողերի լվացմամբ: Կարելի է միանգամից ասել, որ դատախազությունն ու Կենտրոնական բանկը Վիկտոր Դալլաքյանի ասածը հերքելու են: Դա իհարկե ամենեւին չի նշանակի, որ Հայաստանում որեւէ չինովնիկ զբաղված չէ փող լվանալով: Այդպես պնդելը նույնն է, ինչ պնդել, որ Հայաստանում որեւէ բարձրաստիճան չինովնիկ կոռումպացված չէ: Ինչպես գիտենք, Հայաստանում նույնիսկ իշխանությունն է ընդունում, որ իշխանության վերին օղակներում կոռուպցիա կա, բայց զարմանալիորեն չի գտնվում ոչ մի կոռուպցիոներ: Տպավորությունն այնպիսին է, որ առանձին-առանձին մեր բարձրաստիճան պաշտոնյաները բյուրեղյա մաքրության տեր մարդ են, իսկ երբ իրար գլխի են հավաքվում, դառնում են կոռուպցիայի ազգային հավաքական:
Բայց գանք փողերի լվացմանը, Վիկտոր Դալլաքյանին եւ վարչապետի հորդորին: Հիշում եք, մի անգամ էլ վարչապետը հորդորեց մամուլի հրապարակման հիման վրա պարզել, թե ում եւ ինչպես է ծեծել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պարզվեց, որ Սուրիկ Խաչատրյանը ոչ մեկին էլ չի ծեծել: Ով հավատաց դրան: Նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն ինքը չհավատաց կառավարական ստուգման այդ եզրակացությանը: Բայց կարեւորն այն չէ, թե ով կհավատա, կամ ավելի շատ կհավատան, թե չեն հավատա: Կարեւորն այն է, որ լինի պաշտոնական եզրակացություն, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատսխանում իրականությանը: Նույնը կլինի փողերի լվացման պարագայում: Կարեւորը, որ դատախազությունն ու Կենտրոնական բանկը պաշտոնապես եզրակացնեն, որ Հայաստանում որեւէ բարձրաստիճան չինովնիկ փող չի լվանում: Չի բացառվում նույնիսկ, որ եզրակացության հեղինակներն այնքան ջանան, որ պարզվի՝ Հայաստանում բարձրաստիճան չինովնիկները նույնիսկ հակառակն են անում` չորացնում են այլոց լվացած փողերը:
Բայց դա հիպոթետիկ տարբերակ է: Այսինքն, այդպիսի եզրակացությունը քիչ հավանական է: Ամենահավանականն այն է, որ պարզապես հայտարարվի, որ պաշտոնական ստուգումները վկայել են, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ պաշտոնյա չի զբաղվում փողերի լվացմամբ: Այ այդ տեսանկյունից հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է լինելու եզրակացությունը: Այսինքն, պաշտոնյաները չեն զբաղվում լվացմա՞մբ, թե ընդհանրապես փող չի լվացվում Հայաստանում: Դրանք տարբեր բաներ են: Բանն այն է, որ կա թե պաշտոնյաներին պատասխանատվությունից ազատելու, թե Հայաստանը պատասխանատվությունից ազատելու հնարավորություն: Բայց հնարավոր է նաեւ, որ պաշտոնյաներին պատասխանատվությունից ազատեն, իսկ ահա Հայաստանը թողնեն պատասխանատվության տակ: Այսինքն, հայտարարվում է, որ պաշտոնյաները լվացմամբ չեն զբաղվում, բայց չի հայտարարվում, որ լվացում չկա ընդհանրապես: Բնականաբար հարց է առաջանում, թե իսկ ով է լվանում փողերն այդ դեպքում, եւ ում փողերն են լվացվում: Այդ հարցի պատասխանը բնականաբար չի տրվի անմիջապես: Կարեւորը պատասխանը չէ, այլ դրա հնարավորությունը: Այսինքն, իշխանությունը ցանկացած պահի կարող է գեներացնել փողերի լվացման թեման, հետո ինչ որ մեկին դարձնել թեմայի զոհ` եթե լինի որեւէ մեկի հետ քաղաքական կամ տնտեսական լուրջ հարց, իսկ հետո Վիկտոր Դալլաքյանին եւ հասարակությանն ասել` տեսաք, թե ով է լվանում փողը, իսկ դուք ասում էիք բարձրաստիճան չինովնիկներ:
Ահա, այդպիսի հնարավորություն ապահովելու հարցն է թերեւս, որ դրվում է դատախազության եւ Կենտրոնական բանկի առաջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment