Thursday, November 19, 2009

ԱԹԵՆՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԸ

Խաչատուր Փիլիկյան. «Մենք` հայերս, ձայնային մշակույթ ունեինք: Կոմիտասով ունեցանք եւ ունենք ձայնային քաղաքակրթութիւն»: Նոյեմբերի 14-ին, երեկյան ժամ 7-ին, «Հայաստան» հ.մ. կենտրոնի նախաձեռնությամբ, «Արարատ» մարզա-մշակութային միության լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ հայ ժողովրդի սիրված եւ նշանավոր զավակներից մեկի` Կոմիտաս վարդապետի 140-ամյակին նվիրված հանդիսություն: Սրահի մուտքին ներկաները ստանում էին գեղարվեստական միջոցառման հայերեն եւ հունարեն լեզուներով պատրաստված հայտագիրը, իսկ ցանկացողները հնարավորություն ունեին գնել, Լոնդոնից ժամանած պրն Փիլիկյանի կոմիտասյան եւ ժողովրդական երգերի ձայնասկավառակը: Միջոցառմանը ներկա էին հունահայոց հոգեւոր դասը, Հունաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ` դեսպանի նորանշանակ խորհրդական պրն Աշոտ Գրիգորյանը, հյուպատոսուհի Լիանա Գրիգորյանը եւ հայ համայքնի տարբեր կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Երեկոն սկսվեց «Հայաստան» կենտրոնի բացման հայերեն ու հունարեն խոսքով, որից հետո դաշնամուրային դասական հրաշալի կատարումներով հանդես եկան տիկին Աիդա Փաշինյանի պատանի սաները, ովքեր համահունական տարբեր մրցույթների դափնեկիրներ են: Ամեն կատարումից հետո, Պարույր Սեւակի` Կոմիտասին նվիրված «Անլռելի զանգակատուն» պոեմից գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Հայաստան» կենտրոնի «Հայասա» պատանեկան ասմունքի խմբի սան` Անի Գիզգիզյանը գլխավորությամբ տիկին Արմինե Ալվաչյանի: Այս կատարումների ավարտից հետո, «Հայաստան» հ.մ. կենտրոնի կողմից Մեսրոպ Աբելյանը ներկայացրեց պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանի` արվեստի ասպարեզում ունեցած հարուստ ներդրման մասին, մասնավորաբար նշելով, որ 60-ական թվականներից Երեւանում, Լոնդոնում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Սիրիաում, Լիբանանում եւ այլ երկրներում նրա համերգների, բանախոսությունների ու հրատարակությունների մասին, որից հետո սկսվեց հանդիսության գլխավոր մասը: Պրն Խաչատուր Փիլիկյանը, ով «Հայաստան» կենտրոնի հրավերով հատուկ միջոցառմանը մասնակցելու համար ժամանել էր Լոնդոնից, նախ հանդես եկավ Կոմիտաս վարդապետի անձին եւ գործին նվիրված հանգամանալից բանախոսությամբ: Ելույթում նա մասնավորապես նշեց. «Կոմիտասի ծննդեան ու մահվան միջեւ կիյնայ հայ ժողովուրդի բազմադարեան պատմութեան ամենաճակատագրական շրջանը, երբ հազարամեայ իր մայր հողի տասէն ինը ձեռքէն կը խլուի աւազակաբարոյ նենգութեամբ, համաշխարհային զարհուրելի առաջին պատերազմը տեղի կունենայ, որուն պատրուակով Փանթուրանիզմի կանխամտածուած ու արդէն իսկ բազմիցս փորձարկուած ոճրապարտ ծրագրի վերջնական գործադրութեամբ հայ ժողովուրդի աւելի քան կէսը կը ջարդուի եւ մնացածի մէկ մասն ալ աշխարհով մէկ կը սփռուի: Իսկ փոքրաթիւ մաս մը միայն մնալով իր պապենական հողի պատառիկին վրայ կը վերագտնէ իր հայրենի պետականութիւնը` վերակառուցելով իր մայր հողի այդ մեկտասաներրորդ նշխարհը»: Պրն Փիլիկյանն իր բանախոսության մեջ շեշտեց հետեւյալ միտքը. «Վերագտնելով, վերծանելով, ուսումնասիրելով, վերամշակելով, վերափոխելով, դաշնաւորելով ու համախմբելով բազմադարեան հայ երաժշտական մշակոյթի ցիրուցան մասունքները, մեր եռամեծար վարդապետը վերականգնած էր զանոնք իբրեւ քաղաքակրթութեան նշխարհներ, համամարդկայնօրեն մատուցանելի»: Եվ բանախոսությանբ վերջապես հաստատեց. «Մենք` հայերս, ձայնային մշակոյթ ունեյինք: Կոմիտասով ունեցանք եւ ունինք ձայնային քաղաքակրթութիւն»: Բանախոսությունից հետո, Պրն Փիլիկյանը հանդես եկավ կոմիտասյան, ինչպես նաեւ ժողովրդական եւ դասական երգերի հիանալի կատարումներով` նվագակցությամբ դաշնակահարուհիներ Արմինե Մկրտչյանի եւ Միրո Սոլոմույի: Հանդիսությանը մասնակցելու եւ հայության իրավունքի համար ներդրած իր ջանքերի համար, «Հայաստան» կենտրոնի կողմից Դավիթ Այվազյանը պատվոգիր-հուշատախտակ հանձնեց պրն Փիլիկյանին: Հուշատախտակ տրվեց նաեւ տիկին Աիդա Փաշինյանին` մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակման գործում երկար տարիներ նշանակալի դեր ունենալու համար, իսկ պատվոգրերի արժանացան Արմինե Մկրտչյանն ու Միրո Սոլոմուն:

No comments: