Thursday, November 19, 2009

ԼՂՀ ԱԳՆ. Արդեն վաղուց է, ինչ կեղծիքն ու սուտը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճը

Panorama.am. 19-11-2009- «Ադրբեջանի ԱԳՆ մամլո-քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն»,-ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարության, նման մեկնաբանություն է տվել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Անմիջապես նշենք, որ չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի առաջին իսկ օրից իրենց պահպանության տակ են վերցրել ԼՂՀ տարածքի բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում` ադրբեջանական գերեզմանատները, և ասվածի մեջ համոզվելու հնարավորություն է ընձեռվել Լեռնային Ղարաբաղ այցելած ինչպես բազմաթիվ միջազգային, այնպես էլ ադրբեջանական պատվիրակությունների»,-ասված է մեկնաբանության մեջ: Ինչ վերաբերում է, իբր, հայերի կողմից ադրբեջանական գերեզմանատան ավերումը վկայող լուսանկարներին, ապա անզեն աչքով իսկ երևում է, որ նշված գերեզմանատան որոշակի ավերումներ կատարվել են իր իսկ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում իրականացված մարտական գործողությունների հետևանքով: Ահա հենց այդ է փորձում շահարկել Պոլուխովը: «Ցավոք, արդեն վաղուց է, ինչ կեղծիքն ու սուտը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճը: Բոլորի հիշողության մեջ թարմ է մնում, թե ինչպես էր Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, որը գտնվում է Ալիևների ընտանիքի բարձր հովանու ներքո, փորձում Կոսովոյում արված լուսանկարները ներկայացնել իբրև Խոջալուի դեպքեր»,-Ադրբեջանին ու ողջ աշխարհին հիշեցնում է ԼՂՀ ԱԳՆ-ն: ԱԳՆ մամուլի ծառայության գնահտամամբ, Պոլուխովի հայտարարությունները կարելի է գնահատել որպես մի փորձ` ստվեր նետելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա և շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի իշխանությունների կողմից պարբերաբար կազմակերպվող վանդալիզմից, մասնավորապես, ավտոմայրուղու շինարարության պատրվակով Բաքվում գտնվող առավելապես հայկական` Նարիմանովի գերեզմանատան ավերումից, կամ էլ օրը ցերեկով Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումից, որտեղ մարտական գործողություններ չեն եղել: «Ի հավաստումն վերոնշյալի, մեջբերենք մի քաղվածք ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի կողմից կրոնական ազատությունների մասին վերջերս հրապարակված միջազգային հաշվետվությունից. «Էթնիկ հայերի նկատմամբ թշնամանքը նրանց մեծամասնությանը ստիպել է լքել երկիրը 1988-1990 թ.թ. ընթացքում, և բոլոր հայկական եկեղեցիները, որոնցից շատերն ավերվել են ազգային հողի վրա /ավելի քան տասնյակ տարիներ առաջ/ զանգվածային անկարգությունների ժամանակ, մնում են փակ»»,-ասաված է մեկնաբանության մեջ:

No comments: