Thursday, November 19, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՆ ՀՈՐԻՆՈՒՄ` ՀԱՎԱՏԱԼՈՎ, ՈՐ 200-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

«ԱԶԳ», 19-11-2009- Ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությունը կարելի է բացառիկ համարել հատկապես այն առումով, որ ադրբեջանցիների ազգային նկարագրին ու մտածողությանը հարիր դրսեւորումները վերագրում են հայերին: Երեկ ադրբեջանական Day.az էլեկտրոնային պարբերականը տեղեկություն է տարածել, որ հայերն այսպես կոչված «օկուպացված» տարածքներում ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, մասնավորապես Աղդամի գերեզմանոցը, որը, ըստ Day.az-ի, 200 տարվա պատմություն ունի: Ըստ ադրբեջանական կայքի, գերեզմանոցի քարերն ու վանդակաճաղերը հայերն օգտագործում են իրենց տների շինարարության համար: Պարզվում է, որ ադրբեջանցիները ոչ միայն ապատեղեկատվություն տարածելու լավ մասնագետներ են, այլեւ սիրում են հեքիաթներ: Համաձայն էլեկտրոնային պարբերականի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հորինած հեքիաթիՙ ադրբեջանցիները ոչ միայն ունեն 200-ամյա պատմություն, այլեւ 200-ամյա գերեզմանոց, ինչպես իրենք են անվանումՙ «հնավայր»: Բայց քանի որ ամեն սուտ իր ժամանակն ունի, այս մեկն էլ բացահայտվեց մի քանի րոպեում: «Ազգի» հեռախոսազրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ հենց կայքում դրված լուսանկարները լավ ուսումնասիրելու դեպքում կարելի է բացահայտել ադրբեջանցիների սուտը: «Կայքէջում առաջին պլանում կոտրված քարերով մի երկու գերեզմանի լուսանկարներ են դրել, թե, օրինակ, ինչպես է քարը շրջվել ու կոտրվել: Սակայն այդ կոտրված քարերի վրա թվեր են կարդացվում: Եթե խոշոր պլանով լուսանկարներն ավելի ուշադիր զննենք, գերեզմանաքարերի վրա կկարդանք ռուսերեն տառերով մակագրությունները», ասում է Կարապետյանը: Հոդվածում ադրբեջանցիները նշել են, որ հայերը ոչնչացնում են երկուհարյուրամյա վաղեմությամբ հնավայրը: Իրականում հենց հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մի գերեզմանաքարի վրա մակագրված է 1971 թ., մյուսի` 1962 թ., ամենահինը 1950 թ. է: Հետեւաբար գերեզմանոցը ոչ թե 200-ամյա պատմություն ունի, այլ 60-70 տարվա վաղեմության գերեզմանոց է, որ կառուցվել է խորհրդային տարիներին: «60-70 տարվա պատմություն ունեցող գերեզմանոցը չի կարող համարվել հնավայր: Հենց ադրբեջանցիների հրապարակած խոշոր պլանով լուսանկարները ցույց են տալիս, որ հսկայական թվով գերեզմանաքարեր անվնաս, կանգուն վիճակում են: Եթե այսօր Բաքվի կամ թեկուզ Երեւանի գերեզմանոցներում շրջեք, հաստատ կճարեք մեկ-երկու ընկած քար, ջարդված գերեզմանաքար: Իրենց հրապարակած լուսակարներից շատ լավ երեւում է, որ գերեզմանոցը կանգուն վիճակում է: Սա ակնհայտ ապատեղեկատվություն է բոլոր իմաստներով: Երանի կտայինք, որ Ջուղայի խաչքարերի կեսի կեսն էլ կանգուն լիներ: Իսկ մի երկու ջարդված գերեզմանաքար յուրաքանչյուր գերեզմանոցում էլ կգտնվի»: Ավելի ուշ ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունները` ԼՂՀ-ում իբր ավերվող ադրբեջանական գերեզմանատների մասին: «Չնմանվելով մեր հարեւաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս ձեւերով ոչնչացնում են հայկական հուշարձանները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից իրենց պարտադրած պատերազմում պահպանության տակ են առել բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում` ադրբեջանական գերեզմանոցները: Դրանում համոզվել են բազմաթիվ միջազգային, անգամ ադրբեջանական պատվիրակություններ, որ այցելել են ԼՂՀ: Ինչ վերաբերում է լուսանկարներին, անգամ անզեն աչքով էլ նկատելի է, որ նշված գերեզմանոցում որոշակի ավերածությունները հետեւանք են Ադրբեջանի պարտադրած պատերազմի ժամանակ եղած ռմբակոծություններին: Ցավոք, նման զեղծարարություններն ու ստերը ադրբեջանական քարոզչամեքենան վաղուց է օգտագործուն: Բոլորն են հիշում, թե ինչպես Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որ գտնվում է Ալիեւների բարձր հովանավորության ներքո, փորձում էր Կոսովոյում արված լուսանկարները ներկայացնել որպես Խոջալուի դեպքեր: Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններն էլ կարելի է գնահատել որպես ԼՂՀ-ի վրա ստվեր գցելու եւ միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի իշխանությունների պարբերաբար կազմակերպած վանդալիզմի ակտերից շեղելու փորձ», ասված է ԱԳՆ հայտարարությունում: ԼՂՀ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը հիշեցրել է Բաքվում գերազանցապես հայկական Նարիմանովյան գերեզմանոցի ոչնչացումըՙ ավտոմայրուղի կառուցելու անվան տակ կամ Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: