Tuesday, November 17, 2009

Խոսքի ազատությամբ Ադրբեջանը Ֆրանսիային չի՞ զիջում

Panorama.am. 17-11-2009- Ադրբեջանում խոսքի ազատությունն ավելի վատ վիճակում չէ, քան Ֆրանսիայում: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի նախագահի աշխատակազմի հանրային քաղաքականության բաժնի վարիչ Ալի Հասանովը: Ալի Հասանովն անարդար է համարել Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունը: «Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում ավելի վատ չէ, քան Ֆրանսիայում, Գերմանիայում ու Իտալիայում»,- հայտարարել է նա` հավելելով, որ 1998 թվականին գրաքննությունը վերացնելուց հետո այդ ոլորտն այլևս կայացած է: «Հնարավոր է` որոշ մարդկանց, որոշ միջազգային կազմակերպությունների դա չի բավարարում: Սակայն ես կարող եմ վստահեցնել, որ ադրբեջանական ԶԼՄ-ները պետության կամ Ադրբեջանի որևէ պաշտոնատար անձի որոշումները մեկնաբանելիս ու գնահատականներ տալիս հետ չեն մնում որոշ եվրոպական երկրներից: Եթե որևէ անկախ լրագրող սեփական տեսակետներն է հայտնում պաշտոնական, պետական խնդիրների մասին, անարդար է ասել, թե «խոսքի ազատության վիճակը վատ է»»,- հայտարարել է Ալի Հասանովը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար պաշտոնյան, բնականաբար, մոռացել է նշել, թե ինչ է պատահում, երբ իր մատնանշած անկախ լրագրողները հանդգնում են պաշտոնական տեսակետից տարբերվող տեսակետ արտահայտել: Մինչդեռ միջազգային հանրության քննադատությունը հեցն դրան է վերաբերում: Ըստ որում, այդ քննադատությունը, որ ակտիվացել է հատկապես, այսպես կոչված, «բլոգերների գործով» դատավճռի հրապարակումից հետո, հնարավորինս փաստարկված է: Սակայն Ադրբեջանի պաշտոնական և մերձպաշտոնական շրջանակները փորձում են հակառակն ապացուցել: Մասնավորապես, երեկ խնդրի առնչությամբ հայտարարություններ է արել նաև իրավապաշտպան Չինգիզ Գանիզադեն` նշելով, որ բլոգերներ Էմին Աբդուլաևն ու Ադնան Հաջիզադեն դատապարտվել են խուլիգանության համար: Իր պնդման համար «անկախ» իրավապաշտպանը վկայակոչել է դատական նիստերի արձանագրությունները, որոնցում «ոչ մի խոսք չկա այն մասին, որ բլոգերները պատասխանատվության են ենթարկվել հասարակական գործունեության համար»: Չինգիզ Գանիզադեն անտեղին է համարել քննությունը փակ և անթափանցիկ անցկացնելու համար հնչած քննադատությունը` նշելով, որ դա դատավարական օրենսդրության պահանջն է եղել: Ադրբեջանցի իրավապաշտպանը, հակադարձելով բլոգերների գործով դատապարտող հայտարարություններ արած միջազգային ու օտարերկրյա կազմակերպություններին, այդ թվում նաև` ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդին, Ալի Հասանովի օրինակով հորդորել է համեմատություններ չանցկացնել Ադրբեջանի ու իրենց երկրների միջև: «Օտարերկրյա դեսպանությունները հայտարարությունները «բլոգերների գործի» դատավարության վերաբերյալ ոչնչով հիմնավորված չեն, նպատակաուղղված են հարցը քաղաքականացնելուն, և պետք է միանշանակ կերպով գնահատվեն որպես Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների նկատմամբ կանխակալ վերաբերմունք և դրանց վրա ճնշման փորձ»,- նշել է նա: Այնուհետև իրավապաշտպան Գանիզադեն արձագանքել Գերմանիայի դեսպանատան հայտարարությանը, որով ազատազրկման դատապարտված բլոգերները ճանաչվել են որպես քաղբանտարկյալներ. «Իրավաբանական ձևակերպում չունեցող եզրի կիրառությունը պետք է գնահատվի որպես քրեական գործը քաղաքական հարթություն տեղափոխելու փորձ: Դրանից բացի, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը մոռանում է, որ իր հայրենի երկրում էլ կա մեկ ազատազրկված բլոգեր: Քիչ չեն տեղեկությունները եվրոպական այլ երկրներում դատապարտված բլոգերների մասին»: Ի դեպ իրավապաշտպանը գործնական խորհուրդ է տվել բլոգերներին ու նրանց պաշտպաններին, այն է` համաշխարհային մակարդակով աղմուկ բարձրացնելու փոխարեն բողոքարկել դատարանի վճիռը: «Հուսով եմ, որ դատական բարձր ատյանները հումանիստական մոտեցում կցուցաբերեն և Աբդուլաևն ու Հաջիզադեն կհայտնվեն ազատության մեջ»,- նշել է ադրբեջանական իշխանությունների խոսնակի դերում հայտնված իրավապաշտպանը: Մեր կողմից հավելենք, որ բլոգերների գործով խայտառակ դատավճիռը վերանայելու և հումանիստական դրսևորումներ ցուցադրելու մյուս հնարավոր տարբերակ է դիտարկվում նաև Ադրբեջանի օմբուդսմենի միջամտությունը: Այս սցենարով նախատեսվում է, որ վերջնական դատական վճռի հրապարակումից հետո մարդու իրավունքների պաշտպանը կմիջնորդի Ադրբեջանի նախագահին` երիտասարդ բլոգերներին ներում շնորհելու խնդրանքով: Այս երկրորդ տարբերակն ավելի հավանական է համարվում, քանի որ դրա միջոցով Ադրբեջանի միահեծան նախագահը հնարավորություն կունենա աշխարհին ասել, որ ինքը երկիրն ավտորիտար մեթոդներով կառավարելուն, շատ ավելի առաջադեմ ու հումանիստ է, քան Ադրբեջանի պետական ողջ ապարատը:

No comments: