Thursday, November 12, 2009

Իրանական կողմը «հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանը պետք է տուգանք վճարի»

«Ազատություն» 12.11.2009 - Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը հայտարարեց, թե իրանական կողմը հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանը պետք է տուգանք վճարի գազամատակարարման մասին համաձայնագրի կետերը խախտելու համար: «Այդպես չէ, որ պատրաստվում են տուգանել», - ասաց Մովսիսյանը: - «Եթե ծավալները` այն, ինչ որ պայմանավորված ենք, չվերցնենք, այդ դեպքում անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն: Բայց այնտեղ [համաձայնագրում] գրված է նաեւ՝ երբ որ համապատասխան հնարավորությունները կլինեն: Այսինքն՝ համապատասխան հնարավորությունը այդ բանաձեւը աշխատելու համար նշանակում է՝ երրորդ գծի կառուցումից հետո»: Իրանի գազի արտահանման ազգային ընկերության ինժեներատեխնիկական ծառայության տնօրեն Ռասուլ Սալմանին անցած շաբաթավերջին ԻՍՆԱ գործակալությանը հայտնել էր, թե Հայաստանը պետք է տուգանք վճարի իրանական կողմին, որի չափը կորոշվի առաջիկայում։ Սալմանիի խոսքով, խնդիրն այն է, որ ներկայումս Իրանը օրական Հայաստան է արտահանում 1-1.2 միլիոն խորանարդ մետր գազ եւ ստանում համապատասխան քանակությամբ էլեկտրաէներգիա։ Սակայն Իրանը պատրաստ է ավելի շատ գազ տրամադրել եւ ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ, ինչը հայկական կողմը չի ապահովում։ Իսկ դա, ըստ Սալմանիի, գազ մատակարարելու մասին համաձայնագրի` Take or Pay («Վերցրու կամ վճարիր») դրույթի խախտում է։ Կողմերի միջեւ դեռեւս 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով. յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` 3 կիլովատտ/ժամ։ Ընդ որում, մինչեւ 2010 թվականի վերջը Հայաստանը պետք է օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ ստանար Իրանից, ինչը, եւ դա հաստատեց նաեւ էներգետիկայի նախարարը, չի արվել: Իրան - Հայաստան գազամուղի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին` երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությամբ, իսկ կանոնավոր գազամատակարումը սկսվել է այս տարվա մայիսի 14-ից։ Իրանական կողմը նաեւ դժգոհում է, թե Հայաստանը պայմանագրով նախանշված ժամկետներից ավելի ուշ է սկսել գազ գնել Իրանից՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը բացթողումների համար մեղադրում է Իրանին, ուստի հնարավոր տուգանքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Կապալառուն իրանական կողմն է եղել: Ե'վ իրենց հատվածը, ե'ւ մեր հատվածը իրենք են կառուցել: Իրենք են, չէ՞, կառուցողները, թող անեին», - ասաց Արմեն Մովսիսյանը: Նախօրեին էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին խոսել էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը` կարծիք հայտնելով, թե «աննշան խնդիրներն ու դժվարությունները կարելի է լուծել դրանց նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, հետամուտ լինելով ու վերահսկելով»։ «Էլեկտրաէներգիայի ու գազի բարտերի խնդիրը, որը երկու երկրների միջեւ իրականացվող առանցքային եւ սկզբունքային նշանակություն ունեցող նախագծերից է, եւ մոտ վեց ամիս` Իրանի Իսլամական Հանրապետությունից գազ է առաքվում Հայաստան։ Անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում լուծել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության հարցը, քանզի էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակումը եւ ներկա գործընթացի շարունակությունը պայմանավորված է երրորդ գծի շինարարությամբ, խնդիր, որի նկատմամբ իրանական կողմը հաստատակամ է, սակայն հայկական կողմը դեռեւս լուրջ քայլ չի կատարել», - ասել էր Սեյեդ Ալի Սաղաիյանը։ Դեսպանի արտահայտած մտահոգության կապակցությամբ Արմեն Մովսիսյանը այսօր նշեց. - «Ոչ միայն: Դա միայն գազատարին չի վերաբերում: Դա վերաբերում է կոմպլեքս ծրագրին: Կոնլեքս ծրագիրը դեռ ավարտված չէ: Որեւիցե արտառոց բան չկա այդ հարաբերություններում, նորմալ գնում է»: Միեւնույն ժամանակ, էներգետիկայի նախարարը հաստատեց, որ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցումը դեռ նոր պետք է մեկնարկի.- «Բոլոր աշխատանքներն ավարտված են, հիմա քննարկումներն են գնում համատեղ, վերջին շտկումներն են կատարվում: Մյուս տարվանից կսկսեն շինարարությունը»: Շինարարությունը, նախարարի խոսքով, կտեւի «մոտ տարիուկես». - «Այդ դեպքում արդեն ամբողջ ծավալով մենք հնարավորություն կունենանք ե'ւ գազը բերելու, ե'ւ էլեկտրաէներգիան տալու»: Փաստորեն, արդեն մոտ երկու տարի հետո Հայաստանը կկարողանա տարելան 2-2,5 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ` ուղիղ այնքան, ինչքան ստանում է հիմա Ռուսաստանից։ Մինչ այժմ իշխանությունները հայտարարում էին, թե ներկայումս Հայաստան ներկրվող ռուսական գազի քանակությունը լիովին բավարարում է առկա պահանջարկը, իսկ Իրան-Հայաստան գազամուղը ընդամենը պահեստային գազատար է, որը գործարկվելու է միայն արտակարգ իրավիճակներում, ինչպես, ասենք, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության ժամանակ։ Հարցին, թե իրանական գազի ակնհայտ էժանության դեպքում հնարավոր է, որ Հայաստանը որոշի ընդհանրապես հրաժարվել ռուսական գազից, էներգետիկայի նախարարը արձագանքեց. - «Չէ, դեռեւս չի նշանակում, որ շատ ավելի էժան է: Երբ կունենանք նոր հզորություններ՝ ժամանակակից տնտեսական պարամետրերով, այն ժամանակ հնարավոր կլինի նման բաներ քննարկել»:

No comments: