Thursday, November 19, 2009

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել Սերբ Ուղղափառ Եկեղեցու սինոդի նախագահ, Ցետինայի արքեպիսկոպոս, Չերնոգորյա-Պրիմորիայի մետրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական տեղապահ Նորին Սրբազնություն Ամֆիլիքտին` Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Պավլե Պատրիարքի մահվան առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Հայոց Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրտի կսկիծով տեղեկացանք, որ 2009 թ. նոյեմբեր 15-ին ի Տեր հանգեավ մեր սիրեցյալ եղբայր` Պավլե Պատրիարքը: Մեր ցավակցություններն ենք բերում Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգևորականաց դասին և ողջ հավատացյալ ժողովրդին, Սերբիայի հանրապետության իշխանություններին, երանաշնորհ հայրապետի մահվան առթիվ: Երանաշնորհ Պավլե Պատրիարքը ապրեց և գործեց Եկեղեցու և Սերբ ժողովրդի պատմության համար վճռորոշ մի ժանանակաշրջան: Հակառակ աթեիստական տարբեր վարչակարքերի հալածանքներին ու փորձություններին` գերանաշնոր Հայրապետը անսասան կանգնեց իր հոտի կողքին, որպես հովիվ, եպիսկոպոս և Պատրիարք: Նա առաջնորդեց Սերբ Ուղղափառ Եկեղեցին, որպես քաջ հովիվ և սիրված առաջնորդ: Նրա սխրալից կյանքի օրինակը և թողած մեծ ավանդը` Բալկանյան երկրներում խաղաղության հաստատման, կրոնների երկխոսության և Սերբ ժողովրդի ազգային իրավուքների պաշտպանության գործում` ներշնչման աղբյուր են սերունդների համար և իր մասին են խոսելու գերեզմանից այն կողմ: Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Մեր Հիսուս Քրիստոս իր երանավետ օթևաններում հանգչեցնի Պավլե հայրապետի հոգին և հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը Սերբ Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Իշխանությունների և նրա հավատավոր զավակների համար»: Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի հուղարկավորության արարողություններին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անունից մասնակցելու է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը:

No comments: