Thursday, November 19, 2009

ԱԼԻԵՎԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՏՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում նոր բնակելի շենքի շահագործման հանձնելու ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկա փուլում արդեն իսկ նախատեսված է հայկական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղի շրջական բոլոր յոթ շրջաններից, ինչպես նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձը այդ շրջաններ. «Այժմ քննարկվում է ադրբեջանցիների վերադարձի հարցը նաեւ բուն Ղարաբաղ, որը նախկինում չէր արծարծվում,- ասել է «իրազեկված» Ալիեւը` շարունակելով,- Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կհասնենք մեր ուզածին, սակայն ես ցանկանում եմ, որ դա լինի որքան հնարավոր է շուտ: Համենայն դեպս ես աշխատել եւ աշխատելու եմ մեր երկրի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու ուղղությամբ»: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ թեեւ այժմ Ադրբեջանն ընդունում է հակամարտության լուծման խաղաղ բանակցային ձեւը, սակայն «մենք ջանք չենք խնայում ավելացնելու մեր ռազմական ներուժը, քանի որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմով մեր հողերը հետ բերելուն», նշել է Ադրբեջանի նախագահը, որը փաստորեն հակասել է հենց ինքն իրեն. եթե այժմ բանակցությունների սեղանին համաձայնեցվում են 7 շրջաններից ու Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումը եւ այնտեղ ադրբեջանցիների վերադարձը, ապա էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսում պարոն Ալիեւը: «Անձամբ ես համոզված եմ, որ ադրբեջանական հողերը ազատագրվելու են օկուպանտներից, հարցը միայն այն է, թե դա կկատարվի խաղա՞ղ, թե՞ ռազմական ճանապարհով: Հակամարտության լուծումն արդեն շատ է ձգձվում, իսկ Ադրբեջանը չի կարող երկար համբերել», հավելել է Ալիեւը: Միեւնույն ժամանակ, դիմելով հավաքված փախստականներին, Ադրբեջանի «ժողովրդավար» նախագահը հայտարարել է, որ փախստականների կյանքը նոր բնակավայրերում ժամանակավոր է. «Շուտով դուք բոլորդ կվերադառնաք ձեր բնակավայրերը, եւ այդ կապակցությամբ Ղարաբաղում բոլորիդ համար կկառուցվեն նոր տներ», եզրափակել է Իլհամ Ալիեւը: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: