Thursday, November 19, 2009

Ընթացիկ շաբաթավերջին Մյունխենում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը

News.am. 18-11-2009- Ընթացիկ շաբաթավերջին Մյունխենում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ղարաբաղյան հարցով: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարության մասին, թե կողմերը ներկայումս քննարկում են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձման հարցը եւ գործնականում համաձայնության են եկել այդ հարցում, Նալբանդյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանը քննարկել այդ հարցը, բայց ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգում միայն մեկ հարց կա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Նալբանդյանը նաեւ հավելել է, թե Ադրբեջանը երկար ժամանակ ընդհանրապես չէր համաձայնում բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքներով եւ չէր ընդունում այդ փաստաթղթի գոյությունը, եւ միայն վերջերս է Բաքուն համաձայնել այդ սկզբունքների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Պատասխանելով հարցին, թե երբ է Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն մասնակցելու բանակցային գործընթացին, Նալբանդյանը հավաստիացրեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ամեն մի հանդիպմանն այդ հարցը բարձրացվում է: «Մենք ոչ միայն համանախագահների առջեւ ենք բարձրացնում այդ հարցը, այլեւ հրապարակային հայտարարում ենք, թե առանց ԼՂՀ համաձայնության՝ հակամարտության լուծման որեւէ տարբերակ ընդունելի չի լինելու»,- ընդգծեց նախարարը: Պատասխանելով Մայնդորֆյան հռչակագրի էության մասին հարցին՝ Նալբանդյանը նկատեց, թե փաստաթղթում խոսվում է միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտության մասին: «Իսկ այդպես կարող են լուծվել միայն այն հարցերը, որոնք համաձայնեցված են կողմերի միջեւ»,- նկատեց նախարարը: Խոսելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, թե չկարգավորված հակամարտությունները պետք է լուծվեն նախապես հաստատված ձեւաչափով, Նալբանդյանը նշեց, որ այդ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլեւ բոլոր հակամարտություններին ընդհանրապես:

No comments: