Tuesday, November 17, 2009

ԿՌՎԻՐ, ԿՌՎԻՐ ԻՄ ՃԱԽԱՐԱԿ

Lragir.am 17.11.2009- Ռոբերտ Քոչարյանը վաղուց չէր պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ վաղուց չէր խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին: Նոյեմբերի 11-ին խոսեց, ու խոսեց այնպես, որ կարծես թե պատրաստ է հանդուրժել անգամ Սերժ Սարգսյանին, եթե նրա այլընտրանքը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն տրամաբանությունը պարզ է` Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս մտավախություն ունի, որ արտաքին քաղաքական նախաձեռնություններում եթե Սերժ Սարգսյանի համար հեշտ չլինի, ապա դրանից կարող է օգտվել Ռոբերտ Քոչարյանն ու վերադառնալ իշխանության: Նոյեմբերի 11-ի նրա ելույթի այդ համատեքստը շատերի համար էր նկատելի: Ու մինչ Սերժ Սարգսյանը կմտածեր, թե ինչ մտածի հետագա զարգացումների կապակցությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի աառաջարկած այդ տարբերակի մասին, Ռոբերտ Քոչարյանը մտածեց արագ պատասխանել Տեր-Պետրոսյանին, բայց կրկին անգամ պատասխանելով նրան, իր բուն ասելիքը ակնարկել իշխանական համակարգին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքն է այն “արջը”, որը կարող է խոցել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բայց այստեղ խնդիրն այն է, թե համակարգում այլեւս ում է դա հետաքրքիր: Այսինքն, արդյոք համակարգը դեռ վախենում է Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ մտածի նրան խոցելու անհրաժեշտության մասին: Այդ կապակցությամբ թերեւս պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար շատ ժամանակ անցկացնելով աֆրիկյան խարույկների մոտ, բավական կտրվել է Հայաստանի քաղաքական իրականությունից: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, որ այդ իրականությանն այդքան էլ համարժեք չէ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համարժեք լինելու պարագայում այդ երկու գործիչները թերեւս չէին շարունակի իրար հետ անտեղի բանավիճելն այն դեպքում, երբ որ քաղաքական իրավիճակն արդեն լրիվ այլ է, ու լրիվ այլ է քաղաքական օրակարգի տրամաբանությունն ու ծանրության կենտրոնը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թերեւս մնացել են 2008 թվականի հունվար-մարտ ժամանակաշրջանում: Մնացել են կամ ակամայից, կամ միանգամայն գիտակցաբար, լավ հասկանալով, որ իրենց անելիքն այդ ժամանակ արել են եւ ներկայիս փուլում հայտնվել են ձեռնունայն վիճակում, ու մնում է կռիվ տան Սերժ Սարգսյանի հենարան դառնալու համար: Նրանցից ամեն մեկը գուցե մտածում է, որ իր վրա հենելով Սերժ Սարգսյանին, նրան կախվածության մեջ է դնում իրենից: Մինչդեռ ակնհայտ է, որ քանի դեռ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը իրար հետ են շարունակում կռվել, ոչ թե Սերժ Սարգսյանին են իրենցից կախվածության մեջ դնում, այլ իրենք են հայտնվում նրանից կախվածության մեջ: Ավելին, կարծես թե հատկանշական է դառնում, որ այդ կախվածությունն էլ նրանց համար աստիճանաբար դառնում է գործուն քաղաքականության մեջ լինելու կամ մնալու որեւէ հույսի միակ աղբյուրը: Համենայն դեպս թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը կարծեք թե բավական մոտ են այդօրինակ իրավիճակին: Փաստորեն ստացվել է մի իրադրություն, երբ Սերժ Սարգսյանն է որոշելու, թե նրանցից ում է իր հետ վերցնում, իսկ ում է թողնում տանը: Բայց կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը չի շտապի: Պատճառը ոչ միայն այն է, որ Սարգսյանը արագ որոշումներ կայացնող գործչի տեսակից չէ: Պարզապես նրա համար շատ շահեկան է, որ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը որքան հնարավոր է շատ կռվեն իրար հետ: Ինչու հանգուցալուծել այդ վեճը, եթե կարելի է դրա շնորհիվ առնվազն մինչեւ խորհրդարանի հերթական ընտրություն ապահովել սեփական թիկունքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: