Tuesday, November 17, 2009

Կայացվեց «Չորրորդ իշխանություն»» օրաթերթի գործով վճիռը

Tert.am 16.11.2009 - Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց ««Գինդ» տպարանն ընդդեմ «Չորրորդ իշխանություն»» օրաթերթի գործով վճիռը: Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի, «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ից բռնագանձել 2 միլիոն 673 հազար 165 դրամ, որից 2 միլիոն 620 հազար 750 դրամը՝ որպես պայմանագրերով սահմանված տպագրական ծառայությունների մատուցման համար չվճարված գումար, 52 415 դրամը՝ որպես հայցվորի կողմից վճարված տուրքի մաս, իսկ քաղաքացիական օրենսգրքի 417 հոդվածով սահմանված 20 736 դրամ գումարի բռնագանձման մասով մերժեց` անհիմն լինելու պատճառով, պետտուրքի մնացած մասը համարելով լուծված: Հիշեցնենք, որ «Գինդ» տպարանը դատարանից պահանջում էր, որպեսզի հոգուտ իրեն` «ՉԻ» թերթի հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ից բռնագանձվի մոտ երկուսուկես միլիոն դրամ: Тert.am-ի այն հարցին, թե այս որոշումն իրենց համար սպասելի էր, «ՉԻ» օրաթերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը պատասխանեց, որ այս որոշումն իրենց համար լիովին սպասելի էր. «Ամենասկզբից էլ ասել եմ՝ քաղաքական պատվեր է, և սա կախված կլինի իրենց վճռի ընթերցումից: Նշանակում է, եթե մարդկանց ապացուցում ես դատարանում, որ իրենք են մեզ պարտք իրենց ներկայացրած ապացույցներով, ինքը կանգնում, էլի մի որոշումն է կարդում»,- նշել է Շողեր Մաթևոսյանը: Նա նաև ավելացրեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը:

No comments: