/PanARMENIAN.Net/12.11.2009 - Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահության հարցը երբեք չի քննարկվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում: Նման հարց ուղղակի գոյություն չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Ալլահադդին Բյույուկայի վերջերս արված հայտարարությունը:
ՙ1993թ. ի վեր Թուրքիան շահագրգռված է ինչ-որ կերպ ակտիվացնել իր ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ում: Հայաստանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ բանակցություններում միջնորդ կարող են հանդիսանալ այն երկրները, որոնք չեզոք դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում: Անկարան երբեք չեզոք դիրք չի ունեցել: Հակառակը, նա մինչ օրս էմբարգո է կիրառում Հայաստանի դեմ եւ խոչընդոտում է նրա զարգացմանը՚,-ասել է Ա.Սաֆարյանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան դեռ պետք է ապացուցի իր չեզոքությունը, եւ միան դրանից հետո նրա միջնորդության մասին հարցը կարող է քննարկվել:
Ավելի վաղ Day.az-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Ալլահադդին Բյույուկայը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ղեկավարությունն ու ՄԽ համանախագահող երկրները գտնում են, որ ոչ մի խոչընդոտ չկա ՄԽ-ում Թուրքիայի համանախագահության համար: Ավելին, նա ընդգծել է, որ եթե ՀՀ-ն միշտ դեմ էր դրան, ապա վերջերս Երեւանի դիրրքորոշման մեջ որոշակի մեղմացում է նկատվում: ՙԵթե ԵԱՀԿ-ում սկսվի այդ հարցի քննարկումը, Հայաստանը չի առարկի Թուրքիայի համանախագահությանը՚,-ասել է Բյույուկայը: Նա հավելել է նաեւ, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում կան որոշակի ձեռքբերումներ եւ որ Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է լքել գրավյալ տարածքները, մնում է, որ նա պաշտոնապես հաստատի դա:
Ինչպես հայտարարել է Ա.Սաֆարյանը, նման քննարկումներ չեն ընթանում: ՙԱյժմ, ինչպես հայտնի է, կողմերը բանակցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Երեւանի համար ԼՂՀ այսօրվա կարգավիճակից ավելի ցածր կարգավիճակն անընդունելի է: Այս հարցում այլընտրանք չկա՚,-ասել է նա` հավելելով, որ թուրքական կողմի նման հայտարարությունները հայ լսարանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց են:
Միեւնույն ժամանակ Ա.Սաֆարյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում իրոք ընդհանուր լավատեսական տրամադրություն է տիրում Ղարաբաղի հարցում, ինչը կարելի է բացատրել գործընթացի ակտիվացմամբ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: ՙԿա ընդհանուր դրական սպասելիքների մթնոլորտ այդ հարցում՚,-ասել է պատգամավորը:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment