Thursday, November 19, 2009

Վան Ռոմպեյ. Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ

/PanARMENIAN.Net/ 19.11.2009 - Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը, որը Եվրախորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարող առաջատար թեկնածուներից է, կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան Եվրոպայի մաս չի կազմում եւ երբեք չի լինի Եվրոպայի մի մասը»,-հայտարարել է վան Ռոմպեյը 2004թ. Բելգիայի խորհրդարանում , ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը նվիրված էր Թուրքիայի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին: Իր ելույթում թեկնածուն շեշտը դրել էր նրա վրա, որ Եվրոպայի «քրիստոնեական հիմնարար արժեքները» կխարխլվեն, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: «ԵՄ-ի ընդլայնումը Թուրքիայի անդամակցության հաշվին, չի կարող հավասարեցվել նախկինում եղած ընդլայնումներին, քանի որ Եվրոպայում գործող համամարդկային արժեքների համակարգը, որոնք նաեւ քրիստոնեության հիմնարար արժեքներ են, կկորցնի իր կենսունակությունը, եթե ԵՄ-ին անդամակցաի այնպիսի խոշոր իսլամական պետություն, ինչպիսին Թուրքիան է»,-հայտարարել է քաղաքական գործիչը, որն այն ժամանակ ընդդիմադիր կուսակցության անդամ էր: Մինչ օրս վան Ռոմպեյի այդ ելույթը մոռացության էր մատնված: Բելգիայի իշխանությունները հաստատեցին, որ նման ելույթ իրոք եղել է, սակայն ընդգծեցին, որ դա ասվել է, երբ Ռոմպեյը ընդդիմության շարքերում էր: Ըստ համընդհանուր կարծիքի, Ֆրանսիան ու Գերմանին սատարում են Հերման վան Ռոմպեյի թեկնածությանը Եվրախորհրդի նախագահի պաշտոնի համար: Նոյեմբերի 19-ին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում կհամաձայնեցվի այդ պաշտոնի թեկնածությունը: Այն հարցը, թե պետք է արդյոք Թուրքիան, որը ԵՄ-ին անդամակցելու պաշտոնապես ընդունված թեկնածու է, դառնա նրա լիիրավ անդամը, վաղուց արդեն դարձել է ԵՄ երկրների միջեւ տարաձայնությունների առարկա:

No comments: