«Լրագիր» 02/11/2009 - Ժառանգություն խմբակցության 7 պատգամավորները խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է վերաշարադրել գործող օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն, տարիներ շարունակ, ապրիլի 24-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հոդվածի վերախմբագրմամբ ՙԺառանգությունը՚ առաջարկում է ոչ աշխատանքային հիշատակի այդ օրը նշել նաեւ Հայրենազրկման դատապարտման օր: Ժառանգության օրենսդրական նախաձառնությանը կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես ասված է.
“Ցեղասպանությունը` որպես հետեւանք, հանգեցրեց հայության Հայրենազրկման եւ Հայրենասպանության: Իր իսկ բնօրրանում սպանդի ենթարկված ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: Այս իրողությունը մեկ ընդհանուր ողբերգություն է, որն առավել ամբողջական է դարձնում Ցեղասպանության փաստը: Հարկավոր է կատարված ողբերգությունն ընկալել այդ ամբողջության մեջ, եւ հիշատակի օրը արժեւորել այդ համատեքստում:
Սույն օրենքի ընդունմամբ կամբողջանա Ցեղասպանության իրական պատկերը, դրանով կամրագրվի հայկական հողերից նրա բնիկ ժառանգների հիմնարար եւ օրինական պատմական իրավունքներից զրկելու դատապարտումը: Ցեղասպանությունը ոչ միայն խլել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց կյանք, այլ նաեւ միլիոնավոր հայերի զրկել է սեփական բնօրրանից. այն ոչ միայն մի ժողովրդի, այլեւ մի քաղաքակրթության, մի մշակույթի, մի ողջ կենսակերպի սպանություն է, ուստի անհրաժեշտ է այս փաստը նույնպես արձանագրել եւ հիշատակել: Այն թույլ չի տա մեր ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել մարդկության դեմ իրագործած այդ ոճիրը, որը հայ սերունդներին զրկել է իրենց քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից:
Անհրաժեշտ է արձանագրել, որ սույն խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում արդիական է, քան երբեւէ. չուրանալ եւ պահպանել Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետականության արժանապատվությունը: Մինչ միջազգային հանրության կողմից ճանաչվի կանխամտածված կերպով մի ամբողջ ժողովրդի բռնազրկումն իր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է տասնամյակներ ի վեր շարունակվող ժխտողականությանը վերջ դնելու ներուժը կրկնապատկի: Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը վերստին կարժեւորի Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Հայրենազրկման իրողությունը”:
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment